Բաժիններ՝

ԱՄՆ-ի՝ օտարերկրյա ծագմամբ բնակիչների բաժինը հասել է 1910 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին. NYT

Միացյալ Նահանգների՝ երկրի սահմաններից դուրս ծնված բնակիչների բաժինը հասել է 1910 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, իսկ վերջին տասնամյակում ներգաղթյալների հիմնական համալրումն ԱՄՆ-ին ապահովել են ասիական երկրներից սերվածները: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի 2017 թվականի տվյալները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 13-ին:

Ինչպես նշում է հրատարակությունը, տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի համար հպատակագրված քաղաքացիների գլխավոր «մատակարարները» եղել են Լատինական Ամերիկայի երկրները: 2010 թվականից այդ դերն ստանձնել է ասիական տարածաշրջանը, որին նշված ժամանակաշրջանում բաժին է ընկել ներգաղթյալների 41 տոկոսը, իսկ լատինամերիկյան պետություններից սերվածներն վերաբնակների այդ խմբում կազմել են 39 տոկոսը: Նոր եւ անսպասելի ցուցանիշ է դարձել նաեւ այն, որ եկվորների գրեթե կեսը՝ 45 տոկոսը, ունի բարձրագույն կրթություն: 2000-ից մինչեւ 2009 թվականը ներգաղթյալների շրջանում այդպիսիք 30 տոկոսն էին:

Թերթը գրում է, որ երկար տարիներ ներգաղթյալների հոսքի «առաջատարը» Մեքսիկան էր, բայց 2010 թվականից ներգաղթյալների կազմում մեքսիկացիների բաժինը անշեղորեն նվազել է, իսկ Չինաստանից ու Հնդկաստանից սերվածների հոսքը, ընդհակառակը, զգալիորեն աճել է:

յսպես, վերջին գրեթե ութ տարվա ընթացքում Ասիայի երկրներից ԱՄՆ է տեղափոխվել 2,6 մլն մարդ, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը, իսկ Լատինական Ամերիկայի պետություններից այդ նույն ժամանակաշրջանում ժամանել է 1,2 մլն մարդ: 2017 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգների՝ երկրի սահմաններից դուրս ծնված բնակիչների բաժինը կազմել է երկրի բնակչության ընդհանուր թվաքանակի 13,7 տոկոսը (44,5 մլն մարդ), մեջբերում է The New York Times-ը ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի վերջին վիճակագրական ցուցանիշները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս