«Մյուս բուհերը քիչ են օգտագործում Պոլիտեխնիկական համալսարանի լաբորատոր հնարավորությունները». Արայիկ Հարությունյան
Այն հնարավորությունները, որ այսօր ունի Պոլիտեխնիկական համալսարանը, թույլ են տալիս լուրջ խնդիրներ լուծել: Այս մասին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիաներում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ աշխատելու տեղ միշտ կա և շատ կա:
«Ցավում եմ, որ այս հնարավորությունները, որոնք ունի Պոլիտեխնիկական համալսարանը, մյուս համալսարանները քիչ են օգտագործում: Ըստ էության՝ դրանք միշտ հասանելի են մյուս բուհերի ուսանողների համար»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Նախարարը շրջեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ Արիկ Մելիքյանի անունը կրող նորաբաց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որով Պոլիտեխնիկում հիմք է դրվում անօդաչու սարքերի նախագծա-կոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստմանը:
ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը:
Oդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ առաջատար անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:
«Վիկոն» համակարգը թույլ է տալիս բարձր ճշտությամբ գրանցել անօդաչու սարքի կամ ռոբոտի դիրքը՝ փոխարինելով GPS-ին։ Այս համակարգը զգալիորեն կարագացնի հետազոտությունները՝ թույլ տալով լաբորատորիայում իրականացնել այնպիսի փորձեր, որոնց համար անհրաժեշտ կլիներ գնալ բաց դաշտ՝ համակարգի բացակայության դեպքում։
ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Գերազանցության» կենտրոններով շրջելու ընթացքում, նախարար Հարությունյանը ծանոթացավ արդյունաբերական համագործակցության հնարավորություններին՝ ուղղված ճարտարագիտության և ժամանակակից էլեկտրասարքավորումների ու ավտոմատացման համակարգերի արտադրությանը:
Արայիկ Հարությունյանը շրջեց նաև Միջուկային տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, էլեկտրոնիկայի, ՀԱՊՀ 10-րդ մասնաշենքում տեղակայված Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում:
Պոլիտեխնիկական համալսարանում շրջայցից հետո նախարար Հարությունյանը այցելեց նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ շրջելու բուհում գործող լաբորատորիաներով և հանդիպելու ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: