Փողային հարաբերությունների 7 կանոններ տղամարդու և կնոջ միջև
Ո՞վ պետք է վճարի։ Պե՞տք է արդյոք ֆինանսապես անկախ լինել։ Այս հարցերն անխուսափելիորեն ջրի երես են դուրս գալիս, ինչպես հսկայական սառցաբեկորը՝ ծովի մեջտեղում։ Զույգի մեջ դրամական միջոցները տեղաբաշխելու խնդիրը հին է, ինչպես աշխարհը։ Իհարկե, մենք սիրում ենք միմյանց, բայց չէ՞որ փողն էլ ենք սիրում։ Բացի դրանից, չենք ուզում, որ մեզ խաբեն ու խաբեն մեր զգացմունքներն ու սպասումները։ Բայց ինչ ուզում ես արա` առանց տալու՝ ներդաշնակ հարաբերություններ չես կառուցի։
Տղամարդը և կինը. փողային հարաբերությունների կանոնները
Փողը սիրուն չի՞ խանգարում։
Իրականում փողի պատճառով վիճում են, սկանդալներ սարքում ու բաժանվում միլիոնավոր մարդիկ, ընդ որում, հարաբերությունների ցանկացած փուլում ու եկամուտների ցանկացած մակարդակի դեպքում։ Այնպես որ, կարևոր չէ, դուք ամուսնացա՞ծ եք, թե՞ միայն հանդիպում եք, միլիոնատե՞ր եք, թե՞ միայն հիպպի։
Փողը հարաբերությունների լակմուսի թուղթն է։ Այն ցույց է տալիս հոգատարության, վստահության ու պատասխանատվության մակարդակը տղամարդու և կնոջ միջև։ Դրանից ոչ մի տեղ չես փախչի։ Հենց որ հարաբերություններ եք կառուցում, ձեր ֆինանսական աշխարհները բախվում են։
Ճիշտ դերեր…
Եթե տղամարդն առաջին իսկ ժամադրության ժամանակ միայն իր խմած սուրճի համար է վճարում, հիմարություն է հավատալ նրան, որ ամուսնությունից հետո նա լիովին կապահովի ընտանիքը։ Հավանաբար կինը կշարունակի ընտանեկան բյուջեի մեջ ներդնել իր կես չափաբաժինը։
Եթե դուք հոգնել եք ամեն ինչ միայնակ ձգել, ու ձեզ հաճելի չէ քնքուշ ու անօգնական լինել, ապա ի սկզբանե հարաբերությունների մեջ սխալ են բաժանված դերերը, այդ թվում՝ նաև ֆինանսական։
Ես անհարմար եմ զգում…
Սա «եվրոպական մենթալիտետի» հետևորդների սիրելի արտահայտությունն է։ Այսպիսի կանանց գլխավոր վախն իրեն ձրիակեր զգալն է։ Դրա համար էլ նրանք խաղում են լիարժեք զուգընկերոջ, զինակցի դեր, որն ակնհայտորեն այնքան էլ ազնիվ մղումներով չի պայմանավորված։
Տղամարդիկ, իհարկե, գնահատում են համեստությունը, այլ ոչ շահամոլությունը։ Բայց երբ կինը չի կարողանում նվերներ, օգնություն, ուշադրության նշաններ ընդունել, նա դադարում է կանացի լինել, նրան չես ուզում փայփայել, պաշտպանել, ապահովել ու ուրախացնել։ Իսկ հետո զարմանում են, թե ինչո՞ւ է տղամարդն ընկերաբար խփում ուսին ու իրենց մեջ կին չի տեսնում։
Դու ինձ պարտք ես…
Մեդալի հակառակ կողմն է։ Կանացի «տուր, տուր, տուր»-ը ստեղծել է կարծրատիպ, որ կանանց, ու հատկապես գեղեցիկ կանանց, միայն փող է պետք։ Իսկական առողջ հարաբերությունների մեջ չկա սպառողական «պահանջում եմ»-ը։ Կա փոխադարձ փոխանակություն, երբ տղամարդը ներդրում է կատարում ու փակում կանանց պահանջմունքները, իսկ վերջինս էլ խրախուսում է նրա խիզախությունն ու նրան հաջողակ դարձնում։
Այլ կերպ ասած՝ կինը և տղամարդը հանդես են գալիս՝ որպես մի էկոհամակարգի էակներ։ Յուրաքանչյուրը մյուսի կենսագործունեությունն ապահովելու համար էներգիա է առանձնացնում։
Խոսեք…
Յուրաքանչյուր նորմալ տղամարդ ունի ֆինանսական նպատակներ։ Դա կարող է լինել իր բիզնեսը, բնակարանի, նոր մեքենայի գնում, ինչ ասես։ Տրամաբանական է, որ դրանք ներդրումներ են պահանջում։ Նույնիսկ, եթե տղամարդը լավ ապահովված է, հաշվի առեք նրա մղումները։ Եվ միլիոնատերը անտակ տակառ չէ, որը ցանկացած պահանջի դեպքում փող պիտի տա։
Նպատակների մասին լրջորեն խոսեք մինչև ամուսնանալը, այլապես խնդիրները կվերափոխվեն ընտանեկան կարգավիճակի, և այստեղից էլ՝ դրամապանակի համար պատերազմը։
Փողային հարաբերությունների 7 կանոններ։
1. Տղամարդը վաստակող է։
Եվ ամեն ինչի համար էլ նա է վճարում։ Դա պատիժ չէ, այլ տղամարդու պատասխանատվության լրիվ նորմալ տարածք։ Որոշ կանայք կաշվից դուրս են գալիս ընտանեկան բյուջեն հավասարապես լրացնելու համար։ Հետո զարմանում են, թե ինչո՞ւ է ամուսինն ավելի ու ավելի շատ պառկում բազմոցին ու ոչ մի տեղ չի ձգտում։ Որովհետև նա գիտի, որ ցանկացած ֆինանսական անցք կինը կկարկատի։ Ժամանակի հետ այդպիսի ամուսինը կստուգի նաև իր երկրորդ կեսի այլ «թաքուն հնարավորությունները»։ Մեկ էլ տեսար, նա կկարողանա պահարանները տեղափոխել, քանի դեռ ինքը ձկնորսության է գնացել։
2. Սովորեք փոխադարձ փոխանակություն կատարել։
Մի մտածեք, որ տղամարդն ամեն ինչ պարտավոր է անել, իսկ կինն էլ իր տեսակի մեջ սպառող է։ Նա էլ պակաս չի աշխատում, միայն թե՝ իր կանացի ազդեցության ոլորտում։ Կինը պետք է քնքշանք, սեր ու գեղեցկություն տա։
Հիրավի, իմաստուն կինը հասկանում է, թե որքան կարևոր է զարգանալը։ Նա սենյակային շնիկ չէ, ով չգիտի, թե ինչպես կազմակերպի իր օրը։ Նա ոգեշնչող էակ է, ընտանեկան օջախի պահապան և սիրուհի՝ մի մարմնի մեջ։
3. Մոռացեք «Ես ինքս» արտահայտության մասին։
Մոռացեք զինվոր կնոջ դերի մասին, ով լաց չի լինում ու ոչինչ չի ուզում։
Տղամարդիկ ուզում են պիտանի լինել, ուզում են նվերներ տալ, ապահովել ընտանիքը։ Որպեսզի տղամարդկային պոտենցիալը զարգանա, կինը պարզապես պարտավոր է ֆինանսական հարցերը տղամարդու ուսերին դնել։ Նրա ցանկություններն ասես տղամարդու շարժիչի համար վառելիք լինեն։
4. Խնդրել պետք է կարողանալ։
Տղամարդը զգում է, երբ խնդրանքի ներքո կեղծիքն ու կորզումն են թաքնված։ Պետք չէ կիրառել ոչ մի վերջնագիր ու կոպիտ տոն։ Սկսեք քչից ու աստիճանաբար մեծացրեք պահանջները։ Տարբերություն չկա, թե դուք ինչ եք խնդրել՝ ծաղկեփունջ, թե ադամանդ, նույն կերպ շնորհակալ եղեք ու ուրախացեք։ Արժանապատիվ տղամարդուց չպետք է մուրալ ինչ-որ բան ու կանգնել խնդրողի կեցվածքով։ Դա արդեն առողջ շնորհակալության մասին չի խոսում։
5. Վստահությունը հարաբերությունների ամուր հիմքն է։
Դա ասես բարձր ժայռից թռչելն ու վստահ լինելն է, որ ներքևում քեզ կբռնեն։ Այն ամուր համոզմունքի մեջ է, որ քեզ կաջակցեն, չեն մեղադրի, ավելորդ բան դուրս չեն տա։ Այդ ժամանակ նաև գաղտնիքներ չեն լինի, թե ով որքան է ստանում, ու որ դոշակի տակ է պահած աշխատավարձը։
6. Կինը թանկ նվերներ չի նվիրում։
Այստեղ ամեն ինչ պարզ է։ Կարևոր չէ ոչ նվերի գինը, ոչ էլ անգամ նվերն ինքնին։ Կարևոր են տարրական ուշադրությունն ու էմոցիաները, որոնք այդ նվերը հարուցել է։ Տղամարդու վրա շատ մի ծախսեք նրա կարգավիճակին համապատասխանելու կամ ինքնահաստատվելու համար։
Շատ աղջիկներ բողոքում են. «Ամուսինս ինձ ապահովում է, ամաչում եմ արդեն փող ուզել, որ նրա համար նվեր գնեմ»։ Եվ պետք էլ չէ։ Թանկարժեք նյութական նվերները տղամարդկանց առաջնահերթությունն են։ Նրանց համար ավելի թանկ բան ընտրել, վարկեր վերցնել կամ պարտքով փող, հակացուցված է։
7. Ուշադրությունը մի կենտրոնացրեք շահույթների վրա։
Այո, քչերին է հաջողվում սիրելիի հետ խրճիթում դրախտ ստեղծել, բայց հարաբերություններում շեշտը դնել փողի վրա, նույնպես հիմարություն է։ Երջանկությունը մեր ներսում է։ Եթե նույնիսկ դուք թռչեք Մալդիվյան կղզիներ, ապա ձեր ներսում դատարկություն կտանեք ձեզ հետ։ Ցանկացած դեպքում տղամարդու հետ միատեսակ լավ պետք է զգաք ձեզ։ Այդ ժամանակ ֆինանսական վերելքներն ու անկումները սարսափելի չեն լինի։
Հիշեք, տղամարդու և կնոջ միջև փողային հարաբերությունների հիմքը դրվում է առաջին իսկ հանդիպումից։ Ձեր զուգընկերոջ նկատմամբ ավելի ուշադիր եղեք, գլխովին մի ընկեք անհասկանալի հարաբերությունների հորձանուտը։
Եթե տղամարդը ժլատ է, մի մտածեք, որ կվերադաստիարակեք նրան։ Եվ խոսքը շահույթի մակարդակի մասին չէ, քանզի ավելի լավ է նա լինի վերջին հացի կտորը կիսող մեկը, քան խնայի միլիոնները։ Սերը գումարի չափով չի չափվում, սերը տալու ունակության մեջ է դրսևորվում։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը