Ինչպիսի՞ն են Հայաստանի հավաքականի հնարավորություններն Ազգերի լիգայում
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում: Առաջին խաղը Լիխտենշտեյնի դեմ է:
Ազգերի լիգայում Հայաստանն ընդգրկված է D դիվիզիոնում: Այս դիվիզիոնում են ընդգրկված նաև Վրաստանի, Ադրբեջանի, Մակեդոնիայի, Բելառուսի, Ֆարերյան կղզիների, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ղազախստանի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Կոսովոյի, Անդորրայի, Սան Մարինոյի և Ջիբրալթարի հավաքականները:
A, B, C և D դիվիզոնների հավաքականները բաժանվել են 4 խմբի: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D դիվիզիոնի չորրորդ խմբում, որտեղ մրցելու է ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի դեմ: Մինչև նոյեմբեր թիմերը կպարզեն խմբի առաջատարին:
Նշենք, որ Ազգերի լիգան Հայաստանի հավաքականին լավ հնարավորություն է տալիս՝ մասնացելու Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին: Դրա համար նախ պետք է առաջինը լինել խմբում, իսկ հետո մասնակցել դիվիզիոնի ներսում անցկացվող անցումային խաղերին: 4 դիվիզիոնների հաղթողները կստանան Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Ինչպիսի՞ն են Հայաստանի հավաքականի հնարավորություններն առաջիկա խաղերում և, առհասարակ, Ազգերի լիգայում: Տպավորություն է, որ D դիվիզիոնի թիմերը չունեն շատ հնչեղ անունները, և նրանց հաղթելը ոչ միայն հնարավոր է, այլև բարդ չէ: Մյուս կողմից, Ազգերի լիգայի միջոցով Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու մոտիվացիա ունի ոչ միայն Հայաստանի հավաքականը, այլ բոլոր մյուս հավաքականները ևս: Մրցաշարի ողջ ընթացքում Հայաստանի հավաքականը պետք է ցուցադրի ստաբիլ խաղ և լրջորեն տրամադրվի յուրաքանչյուր խաղին:
Հայաստանի հավաքականի հնարավորությունների մասին 168.am-ը զրուցել է հայ մարզական լրագրողների և բլոգերների հետ:
Միհրան Ալեքսանյան.- TotalFootball.am, լրագրող
«Ազգերի լիգան լավ հնարավորություն է մեր հավաքականի համար Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու համար: Խմբում առաջին տեղ գրավելը հիմնական նպատակն է: Կարծում եմ՝ Հայաստանը ազգերի լիգայում կարող է կրկնել այն, ինչ արեց Ռուսաստանը ԱԱ 2018-ում: Ռուսների դեպքում էլ մրցաշարից առաջ չափազանց շատ էր նեգատիվ ֆոնը, անընդհատ քննադատություններ, այս կամ այն ֆուտբոլիստին հրավիրել/չհրավիրելու խոսակցություններ, չտպավորող ընկերական (ինչպես ասում էր Չերչեսովը՝ ոչ թե ընկերական, այլ ստուգողական) հանդիպումներ: Նույն իրավիճակը հիմա մեզ մոտ է: Եթե խոսենք մեր հավաքականի կազմից, վերլուծենք վերջին խաղերը, այս պահին դրական որևէ բան դժվար թե առանձնացնենք: Հույս ունեմ՝ հավաքականի մարզչական շտաբը գիտի, թե ինչ է անում:
Առաջինը մրցելու ենք Լիխտենշտեյնի հետ: Այս խաղում պետք է ոչ միայն հաղթել, այլև որքան հնարավոր է՝ շատ գոլ խփել, որպեսզի հետագայում խփած և բաց թողած գոլերի տարբերությունը հաշվարկելիս՝ առավելություն ունենանք: Կարծում եմ, որ մեր հավաքականը կարող է խոշոր հաշվով հաղթել Լիխտենշտեյնին և նույնիսկ պարտավոր է: Եթե այս մրցաշարում այսպիսի մրցակցին սեփական հարկի տակ չկարողանանք հաղթել, ապա ոչինչ չունենք անելու Ազգերի լիգայում:
Իսկ Մակեդոնիայի դեմ խաղը, անկասկած, բարդ է լինելու: Դժվար է որևէ բան ասել այդ խաղի վերաբերյալ, քանի որ նույնիսկ մոտավորապես չեմ պատկերացնում, թե ինչ մարտավարությամբ և ինչ կազմով է խաղալու մեր հավաքականը նախ՝ Լիխտենշտեյնի, ապա՝ Մակեդոնիայի դեմ: Առաջին խաղից հետո նոր կարող ենք իրական պատկերացում կազմել, թե ինչի կարող ենք հասնել Ազգերի լիգայում»:
Ալբերտ Գևորգյան.- Sports.ru-բլոգեր
«Անկեղծ ասած, սկզբում այնքան էլ լավ չէի հասկացել այս մրցաշարի ձևաչափը: Ըստ իս՝ ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված այս մրցաշարը ոչ միայն հնարավորություն է թույլ հավաքականների համար, այլև հնարավորություն է տալիս գտնել ուժեղագույններին միջին հավաքականների մեջ: Մրցաշարի ընթացքում ամենադիտարժանը պետք է լինի թոփ հավաքականների խաղերը իրար դեմ:
Հայաստանի հավաքականի մրցակիցները D խմբում այնքան էլ ուժեղ չեն. մեր ընտրանին հանդիպել է նաև թոփ հավաքականների: Եթե մեր հավաքականը ունենար նախորդ տարիների փառքը, հիմա այս խմբում չէր լինի: Բայց ունենք այն, ինչ ունենք:
Մակեդոնիայի հավաքականը վատ մրցակից չէ, իսկ Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականները եվրոպական գաճաճներ են:
Երեք օր անց, Լիխտենշտեյնի դեմ խաղով սկսվում է նոր մրցաշար: Նոր՝ նաև եվրոպական համայնքի համար: Բայց ֆուտբոլ առաջին անգամ չէ, որ խաղում ենք, և սա առաջին մրցաշարը չէ: Խաղում ենք հաղթելու համար, իսկ հաղթել հավաքականը պարտավոր է: Պարտավոր է ոչ միայն այն պատճառով, որ մրցակիցները ուժեղ չեն, այլ հավաքականը պետք է ապացուցի ինքն իրեն ու երկրպագուներին, որ կարող է հասնել ինչ-որ կարևոր և արժանի նվաճման:
Ֆուտբոլիստների մարզավիճակը շատ կարևոր է, քանի որ խաղերն ընթանալու են երեք ամսվա ընթացքում, և այն էլ՝ եվրոպական ֆուտբոլի ամենաթեժ շրջանում: Առայժմ մեզ համար առաջնայինը խմբում հաղթելն է, իսկ հետո կտեսնենք՝ ինչ է լինում:
Կարծում եմ, մենք բոլոր թիմերին հաղթելու վատ հնարավորություններ չունենք: Այս թիմերը հավասար չեն մեր մակարդակին, բայց ստացվել է այնպես, որ վարկանիշով մենք հարևաններ ենք: Ժամանակն է փոխել իրավիճակը, ժամանակն է գտնել նոր հարևաններ և նոր լիգաներ»:
Սպարտակ Պետրոսյան.- TotalFootball.am կայքի գլխավոր խմբագիր, Լոռի ՖԱ-ի մամուլի քարտուղար
«Կարծում եմ, որ մեր հավաքականի խաղերից առաջ այլևս պետք չի ինչ-որ բան ասել։ Պետք է ուղղակի մտածել միայն հաղթանակի մասին։ Ու, իհարկե, գնալ մեր թիմին երկրպագելու։ Ասելիք պետք է ունենալ խաղից հետո։ Քննարկել, վերլուծել։ Կարծում եմ` 6 խաղն էլ մերոնք պարտավոր են հաղթել։ Ու հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Թե ինչպիսին կլինի, ինչպես ասում էր դասականը, տեսնենք»։
Ռոբերտ Մարկոսյան – Ուրիշ Ֆուտբոլ / TotoExpert համակարգող
«Իհարկե, Հայաստանի հավաքականի հետ կապված հույսերը շատ են ինչպես ցանկացած մրցաշարում, որտեղ մասնակցում է մեր ազգային ընտրանին։ Դա նախ և առաջ ազգային տոնի սպասում է, քանի որ հավաքականի ցանկացած հաջողություն երջանկացնում է ողջ ժողովդրին։ Ազգերի լիգայում հաջողության հասնելու մասին բազմիցս խոսվել է, և առավել շատ խոսվել է այն մասին, որ սա է այն շանսը, որը կարող է մեր հավաքականին մեծ մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր պարգևել։ Իհարկե դա հիանալի կլինի, բայց պետք է իրականությունից չկտրվել և գիտակցել, որ, ամենայն հավանականությամբ, այդպես չի լինի (հուսամ սխալվում եմ)։
Հայաստանի հավաքականը չունի այնպիսի թիմ, որը կարող է այդ ուղեգիրն ապահովել, և խոսքս ամենևին էլ կազմի մասին չէ միայն, այլ ընդհանուր իրավիճակի, որը ստեղծված է Հայաստանի հավաքականի շուրջ և ինչպիսի մթնոլորտներ են տիրում ֆուտբոլային աշխարհում։ Մեր հավաքականը չունի հիմնական կորիզ, քանի որ շատ հաճախ ֆուտբոլիստները վնասվածք են ստանում, մնում են առանց ակումբի, ինչի պատճառով չեն հրավիրվում հավաքական ու, հետևաբար, խաղակցվածության մասին կարելի է մոռանալ։ Դա այն խաղակցվածությունն է, որը չի կարելի ձեռք բերել մեկ հավաքի՝ 5-6 օրվա ընթացքում։ Մեր հավաքականը չունի վառ ընդգծված առաջատար, ով կտանի իր հետևից մեր հավաքականը դժվարին պահին։ Խոսելով մարզչական նոր մոտեցումների մասին՝ կարող եմ ասել, որ չեմ կարծում Վարդան Մինասյանի կողմից անակնկալներ լինեն, թեև նա շատ լավ է ճանաչում տղաներից շատերին, բայց նա որոշ ժամանակ եղել է «խաղից դուրս» և վերադարձել է հավաքական լուծելու կոնկրետ խնդիր։ Արդյո՞ք Մինասյանը կկարողնա իր առջև դրված խնդիրը հասցնել ինչ-որ մի վերջնակետի Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ունենալու պարագայում ևս հարցական է։
Խոսելով առաջիկա հանդիպումերի մասին՝ կարող եմ ասել, որ երկու հանդիպումներն էլ բարդ են լինելու։ Պետք չէ թերագնահատել Լիխտենշտեյնի հավաքականին, մեր տղաներն արդեն մեկ անգամ շատ ցավոտ պատասխան ստացան Մալթայից, երբ թերագնահատեցին մրցակցին և նման դեպքեր համաշխարհային ֆուտբոլում շատ են եղել։ Առաջին խաղում պետք է հաղթանակ տանել ամեն գնով, քանի որ այդ հաղթանակը օդի ու ջրի պես պետք է թե ֆուտբոլիստներին, թե մարզիչներին և թե երկրպագուներին, որպեզի վերադառնա հավատը դեպի ազգային հավաքական։ Մակեդոնիայի հետ հանդիպումն, իհարկե, մի փոքր ավելի դժվար կլինի, նախ մրցակցի հարկի տակ ենք խաղալու, բացի այդ էլ մակեդոնացիների հետ կապված տխուր հուշեր կան։
Նույն մակեդոնացիների հետ 2010-ի սեպտեմբերին կայացած հանդիպումը, որն ավարտվեց 2:2 հաշվով, գործնականում զրկեց մեր հավաքականին այդ ընտրական փուլում հաջողության հասնելու հնարավորությունից, իսկ դա մեր ամենառեալ շանսն էր։ Այս հանդիպումների համար Վարդան Մինասյանի կողմից հրավիրվել են հիմնականում այն ֆուտբոլիստները, որոնց մենք արդեն տեսել ենք գործի մեջ, և հիմնականում անակնկալներ չկան։ Այսինքն կան, բայց դրանք ավելի շատ տհաճ անակնկալներ են, քանի որ կան Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներ, ում կարելի էր ու պետք էր հրավիրել ու փորձարկել հավաքականում։ Ամենաքիչը 3 ֆուտբոլիստ ովքեր կարող էին օգնել հավաքականաին կրկին չստացան իրենց դրսևորելու հնարավորություն՝ Արթուր Եդիգարյան, Վահագն Այվազյան, Արտյոմ Խաչատուրով։ Փոխարենը Մինասյանը նախընտրեծց «փորձված թանը», որի արդյունավետությունը կկարողանանք չափել միայն 2 հանդիպումների արդյունքը տեսնելուց հետո։ Ամեն դեպքում, հույս ունեմ, որ հավքականը կկարողանա դրական արդյունք գրանցել երկու հանդիպումներում էլ»:
Սիրարփի Աղաբաբյան