Ստամբուլում ուժգին երկրաշարժ է կանխատեսվում
Թուրքիայի Յըլդըզ տեխնիկական համալսարանի բնական գիտությունների հետազոտական կնետրոնի նախագահ, երկրաբան Շյուքրյու Էրսոյը մի քանի դիտարկում է արել Ստամբուլում առաջիկա 15 տարվա ընթացքում սպասվելիք հավանական երկրաշարժի մասին:
Գիտկենտրոնի ղեկավարը նշել է, որ իրավիճակը սպասվածից ավելի լուրջ է: Նրա խոսքով, եթե այսօր 1509թ. Ստամբուլի երկրաշարժի կրկնությունը լինի, ապա հնարավոր է 80 հազ. շենք ավերվի, ինչի հետևանքով էլ 150 հազ. մարդկային կորուստ կունենան:
Շյուքրյու Էրսոյը գտնում է, որ հավանական երկրաշարժը կարող է անգամ 500 հազ. մարդկային կորուստի պատճառ դառնալ։ Իսկ 2․5 մլն մարդկանց համար կենսական անհրաժեշտություն է ժամանակավոր կացարանների ստեղծումը, որտեղ աղետի դեպքում հնարավոր կլինի մի քանի օր կամ գուցե մինչև 2 տարի ապաստանել։
Էրսոյը նշում է, որ Ստամբուլի հնարավոր երկրաշարժը ամենայն հավանականությամբ Մարմարա ծովում կլինի:
Երկրաբանը բացատրում է, որ չնայած Մարմարան փակ ծով է, այնուամենայնիվ, ցունամիի վտանգ է պարունակում: Մարմարայում ալիքի բարձրությունը կարող է լինել 3-6 մետրի սահմաններում: Սակայն ցունամիի մեկ մետրանոց ալիքի ներթափանցումը կնշանակի, որ ափամերձ բոլոր մեքենաները կարող են հայտնվել ծովում:
Նա օրինակ է բերել, որ Աթաքյոյը հարթ տարածություն է և ջրի ներթափանցման դեպքում չկա որևէ պատնեշ, որը կկանխի ջրի առաջընթացը: Ցունամիի ալիքը մինչև Աթաքյոյի ծայրը առաջանալու է: Հնարավոր է, որ շենքերը ամուր լինեն, բայց երկրաշարժից հետո դրսում հայտնված մարդիկ ցունամիի ալիքի հետևանքով կարող են մահանալ: