Մոգերինին կարող է Նոբելյան մրցանակի դափնեկիր դառնալ Սերբիայի և Կոսովոյի գործարքի դեպքում
Եվրամիությունում կարծում են, որ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ գլոբալ եւ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքման դեպքում բանակցությունների միջնորդը՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, կարող է հավակնել Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական մի աղբյուր: «ԵՄ-ում կարծում են, որ համաձայնագրի կնքման դեպքում Մոգերինին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Հաշիմ Թաչիի հետ միասին, կարող է հավակնել Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալուն»,-ասել է գործակալության զրուցակիցը: ԵՄ-ում ակնկալում են, որ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ գլոբալ համաձայնագիրը կկնքվի մինչեւ 2019 թվականի գարուն:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի միջնորդությամբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Հաշիմ Թաչիի միջեւ հերթական հանդիպումը՝ նվիրված հարաբերությունների նորմալացման հարցին, նշանակված է սեպտեմբերի 7-ին Բրյուսելում: Հաշիմ Թաչին ավելի վաղ հայտարարել է, որ Բրյուսելում Բելգրադի հետ բանակցություններում մտադիր է առաջարկել՝ կենտրոնական Սերբիայի հարավի ալբանաբնակ շրջանները միացնել Կոսովոյին, հանուն որի պատրաստ Է փոխել Կոսովոյի Սահմանադրությունը:
Իր հերթին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հանդես է գալիս Կոսովոյի եւ Մետոքիայի տարածքում ալբանացիների հետ սահմանազատման օգտին՝ հետագայում հակամարտություններից խուսափելու համար: Սակայն ավելի ուշ Թաչին, խորհրդարանի խոսնակ Քադրի Վեսելին, վարչապետ Ռամուշ Հարադինայը եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության կառավարության ղեկավարի տեղակալները արտահերթ հանդիպմանը որոշել են Սերբիայի իշխանությունների հետ Բրյուսելում կայանալիք բանակցություններում չքննարկել տարածքների փոխանակումը, լրագրողներին հայտնել է Հարադինայը: