
ՀՀ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ խոսակցությունների մասին

«Ինչպես արդեն ասել ենք՝ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց և դրան հաջորդել է ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլը։ Դրանք ընթանում են ինչպես ըստ գործող կանոնակարգի՝ կոնսենսուսային լուծումներ գտնելու ուղղությամբ, այնպես էլ այդ կանոնակարգերը գստակեցնելու ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը Հայաստանից չլինի, նա այսպես պատասխանեց. «2015թ. սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ 6 պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ գլխավոր քարտուղարի պատոնը կստանձնեն բոլոր անդամ պետությունները՝ ռոտացիոն կարգով, ըստ ռուսական այբբուբենի։ Ըստ դրա՝ այդ պաշտոնը երեք տարով տրվել է Հայաստանին, Հայաստանն էլ ներկայացրել է իր թեկնածուին։ Իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև Ադրբեջանի հնարավոր անդամակցությունից ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին, ինչին ի պատասխան՝ Նաղդալյանն ասաց, որ ինչպես և ՀԱՊԿ-ի, այնպես էլ ԵՏՄ-ի դեպքում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա. «Այդ առումով մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»։