Բաժիններ՝

Կինը կանգնած դիրքով ծննդաբերել է արական սեռի երեխա, նորածինն ընկել է լոգարանի հատակին. նրան հայտնաբերել են Մեծամորի աղբանոցում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը։

Նորածնի դին հայտնաբերվել էր 2018թ. փետրվարի 26-ին՝ Մեծամոր քաղաքի աղբանոցում:

Դիակի արտաքին զննությամբ նորածնի գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում հայտնաբերվել էին տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել էր նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը, տվյալներ ձեռք բերվել փոքրիկի մահվան հանգամանքների վերաբերյալ:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով` նորածնի մայրը Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ., ով խնամքին ունի 4 երեխա։ Նոր հղիությունը և երեխայի ծնունդը համարելով անցանկալի՝ կինը հղիության ընթացքում որևէ բժշկական կենտրոնում «Կանանց Կոնսուլտացիա» չի ստացել, որևէ հետազոտման, բուժօգնության չի դիմել և երեխային ծննդաբերել է տան պայմաններում:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, 37-ամյա կինը, Մեծամոր քաղաքում գտնվող իր բնակարանում լինելով մենակ, նկատել է ծննդաբերության նախանշաններ, մտել է լոգարան, որտեղ էլ կանգնած դիրքով ծննդաբերել է արական սեռի կենսունակ երեխա: Ծննդաբերելու ժամանակ նորածինը գլխի հատվածով ընկել է լոգարանի սալիկապատ հատակին և սկսել ճչալ, սակայն նրան որևէ օգնություն չի ցուցաբերվել։ Երբ փոքրիկը դադարել է լացել, մայրը նորածնի մարմինը դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, իսկ առավոտյան` ժամը 06:30-ի սահմաններում, այն տեղափոխել է շենքի բակում գտնվող աղբարկղի մեջ:

Նորածնի դին 2018թ փետրվարի 26-ին հայտնաբերվել է «Մեծամորի Բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:

Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 036 եզրակացության համաձայն՝ արական սեռի նորածնի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման հետևանքով, որն էլ պայմանավորված է եղել գանգուղեղային փակ, բութ վնասվածքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեծամորի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանություն):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս