Հայտնի սննդաբան Մարգարիտա Կորոլյովայի խորհուրդները

Մարգարիտա Կորոլյովան հայտնի աստղային սննդաբան է, որի հմուտ ղեկավարության ներքո նիհարում է ռուսական շոու-բիզնեսի մեծամասնությունը: Նրա արհեստավարժ հմտությունների շնորհիվ ավելորդ քաշից ազատվել են Վալերիան, Անդրեյ Մալախովը, Ժասմինը, Նադեժդա Բաբկինան, Ժաննա Ֆրիսկեն և շատ այլ ուրիշներ: Հաջողակ սննդաբանի նիհարելու ոսկե կանոնները ներկայացնում ենք ստորև:

1. Չի կարելի սովի մատնվել:

Ձեր գլխից հանեք միտքն այն մասին, որ նիհարել կարելի է` սոսկ սնունդից հրաժարվելով: Ոչ մի դեպքում մի քաղցեք: Դրանով դուք ձեր օրգանիզմը գցում եք սթրեսային վիճակի մեջ, և այն սկսում է ավելի ակտիվորեն ճարպեր կուտակել:

2. Ջուր խմեք:

Կարդացեք նաև

Նկատի ունեցեք, որ մարմնի 450 գրամ զանգվածի համար պետք է խմել 14 մլ ջուր: Հենց այդ դեպքում կապահովվի ձեր օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը և կկարգավորվեն ճարպերն այրելու համար անհրաժեշտ փոխանակման պրոցեսները: Սակայն հիշեք, որ խոսքը գնում է բացառապես չգազավորված սովորական ջրի մասին: Թեյը, սուրճը և հյութերը հեղուկներ են, իսկ նիհարելու համար հենց ջուր է պետք:
Սննդաբանը խորհուրդ է տալիս օրը սկսել մեկ բաժակ տաք ջրից, իսկ որպեսզի այն խմելն ավելի հաճելի լինի, դրա մեջ կարող եք ավելացնել մի քիչ կիտրոնահյութ:

3. Մի հուսահատվեք, եթե ձեզ չեք կարողացել զսպել ու թույլ եք տվել ավելորդ բան ուտել:

Այո, համեղ կերակուրներով չգայթակղվելն այսօր իսկապես շատ բարդ է: Մի մեղադրեք ձեզ, եթե չեք կարողացել դիմադրել համեղ շոկոլադե կեքսին: Սննդաբանն ասում է, որ ինքներդ ձեզ համար չիթմիլներ կազմակերպելը, այսինքն` սիրելի, բարձր կալորիականություն ունեցող մթերքներ ուտելը, նույնիսկ օգտակար է, սակայն ոչ մի դեպքում` 2 շաբաթը մեկ անգամից հաճախ:

4. Նախաճաշեք:

Առավոտյան որքան էլ շտապեք, ժամանակ հատկացրեք ու տեղը տեղին նախաճաշեք: Դա շատ կարևոր է, քանի որ նախաճաշը պետք է ապահովի օրական ընդունված կալորիաների 30 տոկոսը: Սննդաբանը խորհուրդ է տալիս օրը սկսել շիլաներից` վարսակ, հնդկաձավար, բրինձ: Նախաճաշ չստանալով` օրգանիզմն ընկնում է սթրեսի մեջ ու սկսում ակտիվորեն սպառել դեռևս նախորդ օրվա ճաշից ու ընթրիքից ստացած էներգիան, որպեսզի ճարպեր կուտակի: Դա ձեր ինչի՞ն է պետք: Բաց մի թողեք նախաճաշը:

5. Ինչպես պետք է ձեզ պահեք սրճարանում կամ հյուր գնալիս:

Նախ դադարեցրեք բոլորին ասել, որ դուք դիետայի վրա եք. դա միայն վատ վիճակի մեջ կդնի տանտիկնոջը, ով ամբողջ օրը կանգնել է գազօջախի մոտ ու համեղ կերակուրներ է պատրաստել, կամ ընկերներին, ում հետ գնացել եք ընթրելու: Պարզապես ուտել սկսեք թարմ բանջարեղենով աղցաններից, ինչը կփակի ձեր ախորժակը, իսկ հետո աշխատեք ուտել գրիլի վրա պատրաստված կամ առանց յուղի շոգեխաշած ձուկ, միս կամ ծովամթերք:

Ալկոհոլը շատ նենգ ընկեր է: Հարցը նույնիսկ այն չէ, որ այն չափազանց կալորիական է: Իրականում, երբ դուք խմում եք, թուլանում է գլխուղեղի պրեֆրոնտալ կեղևը, և դուք համարձակվում եք թուլանալ ու ջնջել նիհարելու ձեր բոլոր տանջալից փորձերը: Այս իրավիճակից խուսափելու համար Մարգարիտա Կորոլյովան խորհուրդ է տալիս այդ տեսակի հանդիպման ներկայանալ սեփական ավտոմեքենայով, եթե իհարկե, ունեք:

6. Գաղափարակիցներ:

Եթե դուք կարողանաք նիհարելու հարցում դաշնակից գտնել, դա մեծ առավելություն կլինի: Միայն թե դա խելամտորեն արեք: Որպես գործընկեր` ընտրեք միայն մտերիմ մարդկանց, ում վստահում եք: Չարժե ձեր ցնցող պլանների մասին պատմել ծանոթներին, որոնք ձեր գլխում միշտ էլ կարող են կասկածի հատիկ ցանել: Շատ հարմար են ընտանիքի անդամները, քանի որ նրանք ձեզ յուղոտ ընթրիքով չեն գայթակղի, այլ հավանաբար իրենք էլ կսկսեն ձեզ հետ միասին առողջ սնվել:

7. Ոչ մի տեսակի սննդային խրախուսանքներ:

Եթե կշեռքի նժարը վերջապես դեպի ձախ է թեքվել, դա դեռ առիթ չէ այդ իրադարձությունը տորթի կտորով կամ սիրելի երշիկով տոնելու համար: Շարունակեք ճիշտ սնվել և 2 շաբաթը մեկ անգամ ձեզ համար չիթմիլ կազմակերպեք: Ճիշտ սնվելը ձեր հոբբին դարձրեք, և միայն այդ ժամանակ ձեզ կհաջողվի հասնել գերազանց արդյունքների ու պահել քաշը:

Մարգարիտա Կորոլյովան խորհուրդ է տալիս հասկանալ ինքներդ ձեզ համար, թե ի՞նչ նպատակով եք դուք ուզում նիհարել, և, եթե այդ նպատակն իսկապես այդքան իմաստավորված է, ժամանակ մի կորցրեք: Հիշեք, որ պետք է ուտել ամենաքիչը օրական 5-6 անգամ: Շատ կարևոր է նաև ակտիվ կենսակերպ վարելը, շատ շարժվելն ու մաքուր օդ շնչելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս