«Կարելի է ավելին անել, որ հայ քաղաքացիները կարողանան բուժական օգնություն ստանալ Գերմանիայում». Անգելա Մերկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս այցը պատմական որակեց և նշեց, որ քննարկել են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ժողովրդավարության փոփոխությունները:

«Կանցլերի հետ շատ բովանդակալից բանակցություններ ունեցանք ՀՀ-Գերմանիա, ՀՀ-ԵՄ, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ: Ուրախ եմ արձանագրել, որ այս օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրի հարաբերությունները հսկայական պոտենցիալ ունեն»,- ասաց Ն.Փաշինյանը:

Ըստ նրա՝ Գերմանիան ՀՀ-ի երրորդ գործընկերն է աշխարհում և առաջինը Եվրոպայում՝ առևտրաշրջանառության առումով: Ն.Փաշինյանը հույս հայտնեց, որ այս ոլորտում ոչ միայն ծավալային, այլև որակական փոփոխություններ կլինեն:

Ն.Փաշինյանը նշեց, որ այս այցի արդյունքով կոնկրետ գործողությունների օրակարգ կունենան և աշխատանք կկատարեն դրանք իրականացնելու համար:

Կարդացեք նաև

«Շատ ուրախ եմ, որ կանցլերն արդեն զգացել է Հայաստանում Գերմանիայի հանդեպ և անձամբ կանցլերի հանդեպ եղած պոզիտիվ մթնոլորտը»,- ասաց Ն.Փաշինյանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գոհունակությամբ նշեց, որ գտնվում է մի երկրում, որն ունի բարձր մշակութային և պատմական ավանդույթներ, բայց նաև բաց է նոր ապագայի առջև. «Մենք անցյալ ամիսներին հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադարաձություններին, խաղաղ ցույցերին և թավշյա հեղափոխությանը»: Նա նշեց, որ Փաշինյանի հետ խոսել են նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերություններն առաջիկայում՝ ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵՄ-ի հետ. «Լավ օրակարգ ունենք, ինչպես մշակութային, այնպես էլ՝ տնտեսական: Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն, որը առիթ կունենա շփվել տեղի հայ գործընկերների հետ: Մենք կցանկանանք համագործակցել թվայնացման, ռեսուրսների ոլորտում, կարևոր է համագործակցությունը կրթական ոլորտում, ՀՀ-ում գործում են դպրոցներ, որտեղ խորացված գերմաներենի ուսումնասիրում է իրականացվում: Այս ծրագիրը կարելի է ընդլայնել: Գիտական հաստատությունների հետ կարելի է էլ ավելի խորացնել այս հարաբերությունները»:

«Մենք քննարկեցինք նաև ապաստան խնդրողների խնդիրը Գերմանիայում: Մենք բավականին լավ ենք համագործակցում այս ոլորտում, բայց կարելի է ավելին անել, որ հայ քաղաքացիները կարողանան բուժական օգնություն ստանալ Գերմանիայում»,- ասաց Ա.Մերկելը:

Նա ուրախություն հայտնեց, որ ՀՀ-ին հաջողվել է կնքել խորը և համապարփակ համաձայնագիրը ԵՄ-ի հետ և ցանկություն ունի խորացնել հարաբերություները: Նա նշեց, որ Գերմանիան իր ներդրումը կունենա CEPA համաձայնագրի կիրարկման մեջ ՀՀ-ին օգնելու հարցում. «Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնելու ԼՂ խաղաղ կարգավորման շրջանակում: Գերմանիան Մինսկի խմբի անդամ է, և հակամարտությունները լավ կլինի լուծել լավ մթնոլորտում»:

Ա.Մերկելը նշեց, որ այցելել են նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը հրաշալի օրինակ է և հնարավորություն է տալիս երեխաներին նորարարական տեխնոլոգիաների ոլորտում դրսևորել իրենց:

«Մենք քննարկեցինք նաև ներքաղաքական հարցեր, կոռուպցիայի դեմ պայքարի մասին»,- ասաց Գերմանիայի կանցլերը՝ մաղթելով հաջողություններ:

Տեսանյութեր

Լրահոս