ԿԸՀ-ն խուսափո՞ւմ է արձանագրել Նիկոլ Փաշինյանի սխալը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ երևանցիներին կոչ արեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկել քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի օգտին։
«Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ քաղաքացին հաղթել է, և այդ հաղթանակը որևէ մեկը չի կարող նրա ձեռքից հետ վերցնել: Եվ խնդրում եմ, հաստատեք, որ այն փոփոխությունը, որ ոմանք իրենց աշխատասենյակներում կուչ եկած հույս ունեն, թե լինելու է, հաստատեք, ասեք նրանց, որ չի լինելու, որովհետև, այն, ինչ լինելու էր, արդեն եղել է: Սեպտեմբերին դուք դա հնարավորություն եք ունենալու ապացուցել Երևանի ավագանու ընտրություններում՝ ընտրելով Երևանի նոր քաղաքապետ՝ ի դեմս Հայկ Մարությանի»,- ասել է վարչապետը։
168.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հետաքրքրվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի այս կոչը չի՞ խախտում Ընտրական օրենսգիրքը, սակայն պատասխանը շատ խուսափողական էր։
ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը մեզ փոխանցեց, որ դեռևս առաջադրման փուլն է, չկան գրանցված կուսակցություններ, դաշինքներ կամ գրանցված թեկնածուներ։
«Երբ կլինեն գրանցված թեկնածուներ, և երբ կմեկնարկի քարոզարշավը, այդ ժամանակ ԿԸՀ-ն կպատասխանի քարոզարշավին վերաբերող հարցերին»,- ասաց Հ. Հարությունյանը։
Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին։ Կուսակցություններն ու դաշինքները կարող են գրանցվել մինչև օգոստոսի 29-ը։ Նախընտրական քարոզչության ժամանակաշրջանը սեպտեմբերի 10-21-ն է։
Նկատենք, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նման շտապողականություն դիտվել էր նաև ՀՀԿ-ի կողմից։
Այն ժամանակ իրավագետները մեջբերում էին Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետը, որով սահմանված է՝ «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը», այսինքն՝ օրենքը չի արգելում քարոզչության ժամկետից շուտ քարոզչություն անել։ Իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ֆիքսվում է քարոզչական ծախսերի թափանցիկությունն ապահովելու համար, որպեսզի ԿԸՀ-ն վերահսկի, թե որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսել, և արդյոք նախատեսված շեմի խախտում եղե՞լ է, թե՞ ոչ։
Իրավագետները, ամեն դեպքում, այս դրույթին դեմ են արտահայտվում, որովհետև սա, ըստ էության, անհավասար հնարավորություններ է ընձեռում մրցակիցներին։