«Որպեսզի հակահեղափոխական ուժերն այս հնարավորությունը չունենան, պետք է հոկտեմբերի 20-ին անել արտահերթ ընտրություններ»

Հարցազրույց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանի հետ

– Պարոն Պապյան, Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքականություն վերադարձը պայմանավորեց 2 գործոնով՝ աշխարհաքաղաքական իրավիճակ և ներկայիս կառավարության անփորձություն, մինչդեռ նախկինում հայտարարում էր, թե կվերադառնա, եթե ժողովուրդը պահանջի։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հրաժարվել այդ «ժողովրդի պահանջից»։

– Միգուցե՝ ավելի իրատեսական է մոտենում հարցին, տեսավ, որ իր ձերբակալումով ժողովուրդն ինչքան ուրախացավ և ինչքան տխրեց խափանման միջոցը փոխելու փաստից, և հետևություն արեց այդտեղից։ Բայց ամեն պարագայում, ես չեմ կարծում, թե իր բերած այդ 2 գործոններն են քաղաքականություն իր վերադառնալու շարժառիթները։ Կարծում եմ՝ ինքն ակամայից և իշխանության գործունեության հետևանքով դրան գնաց: Այսինքն՝ երբ իրեն ձերբակալեցին և մեղադրանք ներկայացրեցին, հիմա ինքն այլևս այլընտրանք չունի, պետք է պաշտպանվի, ավելին՝ անցնի հակահարձակման։ Պաշտպանության լավագույն ձևը հարձակումն է, առավել ևս հիմա, այսպես կոչված, ընդդիմությունը կամ հակահեղափոխական ուժերը համախմբման կարիք ունեն, և Քոչարյանի անձը հարմար է բոլոր տեսանկյուններով, ու ինքը կփորձի այդ դերը ստանձնել։

– Բայց Քոչարյանն ասում է, թե փորձելու են իրեն հայտարարել հակահեղափոխության կենտրոն, այսինքն՝ ինքը չի իրեն հայտարարում։ Մի՞թե դա թաքնված ցանկություն է։

– Իհարկե, ինքն իրեն չի հայտարարում, ինքը ոչինչ չի հայտարարում, բայց ինքն ակամայից դառնում է, իսկ դա հնչեցնելը մյուս մտքի հետ, թե՝ «ես կլինեմ առաջին քաղբանտարկյալը Հայաստանում», դա նաև պաշտպանական տակտիկա է, որպեսզի հիմա իրեն ներկայացնի՝ որպես քաղաքական հալածանքի զոհ, իսկ վաղը-մյուս օրը ՄԻԵԴ գնալու համար ասի՝ տեսեք, ես դեռ այն ժամանակ էի դրա մասին խոսում, այսինքն՝ դա միշտ է եղել։ Բայց ակնհայտ է, որ այստեղ քաղաքական հալածանք չկա, որովհետև կոնկրետ գործողությունների համար է ինքը մեղադրվում, և այն, որ վերաքննիչը փոխեց խափանման միջոցը, ինքնին ցույց է տալիս, որ որևէ իշխանական հալածանք չկա, որովհետև եթե դա լիներ, հատատ խափանման միջոցը չէին փոխի, և կշարունակեր մնալ դեռևս անազատության մեջ։

– Այսինքն՝ որքան էլ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանը նրա օգտին որոշում կայացրեց, այնուամենայնիվ, Քոչարյանը գիտակցում է, որ առջևում դեռ Վճռաբեկ դատարան կա, և իր ճակատագիրն անորոշ է, դրա համա՞ր է շտապում քաղաքական հայտը ներկայացնել։

– Միանգամայն, ի վերջո Ազարյանի որոշումը վերջնական չի, այսինքն՝ դեռ կա ավելի բարձր ատյան՝ վճռաբեկը, որը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի սկզբին կքննի հարցը, մյուս կողմից՝ սա տվյալ դեպքում միայն մի մեղադրանք է, հնարավոր է՝ այլ մեղադրանքներ լինեն։ Բայց Ազարյանի որոշման մեջ ամենախնդրահարույցն այն է, որ որպես հիմք ընդունվեց նախագահի անձեռնմխելիությունը։ Դա մի քիչ անհասկանալի է։ Նախ՝ որևէ մեկը կարգավիճակը որոշելու հայցով չէր դիմել, իսկ եթե վճռաբեկն այդ որոշումն ուժի մեջ թողնի, հետագա դատավարությունը մի քիչ անիմաստ է դառնում, որովհետև եթե մինչև իսկ դատաքննությունը պարզվի, որ ինքը մեղավոր է մի շարք հանցանքների համար, բայց միևնույն է՝ անձեռնմխելի է, պատասխանատվություն չի կրի։ Ավելին՝ սա կարող է տարածվել նաև առաջին ու երրորդ նախագահների վրա, որովհետև եթե պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է, դա վերաբերում է ոչ միայն մեկ անձի, այլև նույն կարգավիճակն ունեցող մյուս անձանց։

– Տեսակետ էիք հայտնել, որ Քոչարյանը հող է պատրաստում քաղաքացիական պատերազմի համար, և այդ պատերազմը ոչ միայն զենքով է ու ոչ միայն փողոցներում: Ի՞նչ զարգացումներ եք սպասում, ի՞նչ դրսևորումներ և քաղաքական ուժերի ի՞նչ վերադասավորումներ կլինեն։

– Պաշտպանության առաջին գիծը կլինի դատաիրավական համակարգը, որտեղ, պայմանական ասած, այդ քաղաքացիական պատերազմը գնում է։ Կրկնում եմ՝ պատերազմը միայն զենքով չէ, դա շահերի բախումն է։

Այս փուլում դա օգտագործվում է, և բավականին հաջող են օգտագործում։ Ընդ որում՝ ոչ միայն Քոչարյանը, այլև հակահեղափոխական ուժերը, որովհետև այսօր, ըստ էության, բացի Մանվել Գրիգորյանից, որևէ մեկն անազատության մեջ չէ, իրենք օգտագործում են դատական համակարգի հնարավորությունները և ազդեցությունը դատարանի վրա, գրավոր բոլորին հանում են բանտից։

Իսկ մյուս փուլում կօգտագործվի օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը։ Եթե ԱԺ ընտրություները հետաձգվեն մինչև ուշ գարուն, ապա չի բացառվում, որ փորձ արվի սահմանադրական հեղաշրջում իրականացնել, այն է՝ ձայների 2/3-ով խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը և նոր վարչապետ ընտրել, ասենք, Քոչարյանին։ Դա երկրորդ փուլն է, որ կարող է փորձեն անել։ Իսկ մինչ այդ ամեն ինչ կարվի չորրորդ իշխանության միջոցով՝ ազդելով հասարակական տրամադրությունների վրա և զրկելով ներկա իշխանություններին հասարակական համընդհանուր աջակցությունից։

Այդ պրոցեսն արդեն ընթանում է, որոշակի կասկածամտություն կա, որի հիմքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ են։ Բնականաբար, իշխանությունը սխալներ է թույլ տալիս, կամ ոչ բավարար արագությամբ է փոփոխություններ իրականացնում, դրան կգումարվի, հիշեք Քոչարյանի խոսքը՝ դատարկ սառնարանները, դրան կգումարվի իրենց ձեռքում գտնվող էներգետիկ համակարգի սաբոտաժը՝ պարբերաբար անջատումները, ինչպես նաև գազի մատակարարման անջատումները, մարդիկ կսառեն, երեխաները կհիվանդանան, դպրոցները չեն աշխատի, և շատ այլ նման բաներ, ու մարդիկ կտրամադրվեն իշխանությունների դեմ, կասեն՝ հալալ չէ՞ր այն ժամանակ, ամեն ինչ կար, սրանք եկան՝ ամեն ինչ վատացավ, գներն էլ բարձրացան։ Սա շատ պարզ, դասական, պատմության մեջ բազմիցս կրկնված սցենար է։ Եվ որպեսզի հակահեղափոխական ուժերն այս հնարավորությունը չունենան, պետք է հոկտեմբերի 20-ին անել արտահերթ ընտրություններ։

– Այսինքն՝ այս իրավիճակում Փաշինյանի կառավարության միակ ելքը շուտափույթ ընտրություններն են։

– Այո, որովհետև եթե մենք ընտրությունները թողնում ենք ձմռանից հետո, մենք հակահեղափոխականներին տանում ենք գայթակղության՝ անելու բաներ, որ այս ժողովրդի գլխին փորձանք են, իսկ եթե ընտրությունները տեղի են ունենում, արդեն անիմաստ է դառնում դժգոհություն ավելացնելը, որովհետև ընտրությունները կայացել են, ժողովուրդը գոհ լինի թե դժգոհ լինի, հաջորդ ընտրությունները 5 տարի հետո են լինելու, այսինքն՝ անիմաստ է։

– Իսկ մինչև հոկտեմբեր չե՞ն հասցնի նույնն անել։

– Ոչ, չեն հասցնի, որովհետև ձմեռ չի, ցուրտ չի, էներգետիկ սաբոտաժը չի ազդի, միրգ ու բանջարեղենն առատ է, ժողովրդի տրամադրությունների վրա էլ չեն կարող ազդել, 2 ամիսը քիչ է։ Այլ բան է 5-6 ամիսը, երբ այս հսկայական զանգվածային միջոցները պիտի օգտագործվեն։ Նաև մինչև հոկտեմբեր, ես չեմ կարծում, որ հնարավոր կլինի Արցախում պատերազմ հրահրել։ Իսկ ավելի ուշ՝ նոյեմբեր-դեկտեմբերին, երբ գետինը կսառի, ես դա չեմ բացառում։

Տեսանյութեր

Լրահոս