«Հայաստանում դիտարկվում է նոր իշխանությունների ձևավորման գործընթացի մեկնարկ». Արմեն Բադալյան
Ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի տապալումն արդյունավետ չէր, որովհետև, ըստ նրա՝ այսպես թե այնպես, Քոչարյանն իր ասելիքը լսարանին փոխանցելու է։
«Նա ավելի հարմար տեղ կհրավիրի ասուլիս, կհրավիրի մի քանի լրագրողի և իր ասելիքը կասի, ուղղակի մի քանի տասնյակ լրագրողները կարող էին ավելի բազմակողմանի հարցեր տալ և փորձեին ցույց տալ երկրորդ նախագահի խոցելի կողմերը։ Իսկ երբ քիչ են լինում լրագրողները, այդ հարցերը կարող են չտրվել, որովհետև չես կարող ասել, թե որ լրագրողը կգնա և ինչ հարց կտա։ Այսինքն՝ սա արդյունավետ չէր նաև այս կտրվածքով»,- նշեց քաղտեխնոլոգը։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այսօր հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, թե «տեղի ունեցածը, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը»։
Արմեն Բադալյանի խոսքով՝ դա կարող է ճիշտ լինել, կարող է սխալ լինել, բայց ըստ նրա՝ դա աշխատեց Քոչարյանի օգտին. «Սա լավ առիթ է Քոչարյանի համար, որ ցույց տա, թե իբր իշխանությունները փորձում են սահմանափակել ազատ խոսքը, և ձեռք բերի քաղաքական հալածյալի կերպար, ինչն ընդհանրապես ցանկալի չէր։ Ստացվեց, որ այլընտրանքային տեսակետ հայտնողին թույլ չտվեցին իր տեսակետն արտահայտել։ Բացի այդ, երբ նախագահը մի քանի տասնյակ լրագրողի առաջ է ելույթ ունենում, դա PR այլ էֆեկտ ունի, իսկ երբ մի քանի լրագրողի առաջ է ելույթ ունենում՝ մեկ այլ։ Բայց, ամեն դեպքում, տեղի ունեցածը ցանկալի երևույթ չէր, որովհետև 30 տարի շարունակ այդ երևույթը Հայաստանում շարունակվում է։ 90-ականների սկզբից այլ տեսակետ ունեցողներին փորձում են լռեցնել, ինչն օրենքի խախտում է և ժողովրդավարական չէ։ Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում երկրորդ նախագահին, դատարանի որոշում չկա, որ նա մեղավոր է»։
Հարցին՝ ի վերջո, ո՞ւմ էր ձեռնտու, որ Ռոբերտ Քոչարյանը չխոսի, նա այսպես պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա՝ թեկուզ քիչ, բայց քաղաքական հալածյալի կարգավիճակ ձեռք բերեց։ Այսինքն՝ ոչ թե ինքն էր կազմակերպել, այլ շատ հանգիստ կարող է դրանից օգտվել։ Սա չի նշանակում, որ շատ մեծ առավելություն ստացավ, բայց ամեն ինչ քիչ-քիչ է սկսվում»։
Ինչ վերաբերում է բուն ակցիայի կազմակերպմանը, քաղտեխնոլոգը դժվարացավ ասել, թե ով էր այն կազմակերպել. «Տեսանելի էր, որ շատ մարդիկ ատելություն են զգում երկրորդ նախագահի վերաբերյալ, բայց կազմակերպված էր, թե ոչ, չեմ կարող ասել։ Տարածված լուսանկարներն էլ անգամ փաստ չեն, որ սա կազմակերպվել էր իշխանությունների կողմից, չենք կարող պնդել, որովհետև ապացույցներ չկան։ Դա կարող ենք պնդել միայն այն դեպքում, երբ անձամբ լսենք, որ այս կամ այն իշխանավորը ասի՝ գնացեք, խափանեք։ Այստեղ կարևորը գործողությունը չէ, այլ արդյունավետությունը, իսկ արդյունավետություն չկար, որովհետև, նորից եմ կրկնում՝ երկրորդ նախագահը ձեռք է բերում հալածյալի կերպար, և եթե մի քանի անգամ նման բան տեղի ունենա, նրան կդարձնեն քաղհալածյալ և ընդդիմության լիդեր։ Սա ձեռք է տալիս հենց երկրորդ նախագահին»։
Բադալյանի խոսքով՝ այս պահին էլ հնարավոր չէ ասել՝ սա Քոչարյանի կողմից ակտիվ քաղաքականություն վերադառնալու հա՞յտ էր, թե՞ ոչ. «Նա քաղաքականությունից դուրս չի եղել, ուղղակի դիտորդի կարգավիճակում է եղել։ Չի բացառվում, որ նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտներ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, ինչը կարող է շատ խաղաքարտեր փոխել։ Հայաստանում դիտարկվում է նոր իշխանությունների ձևավորման գործընթացի մեկնարկ, բայց սա դեռևս դիտարկում է, և այստեղ բազմակետեր եմ դնում, ավելին չեմ կարող ասել»։