Բաժիններ՝

Մարիա Կյուրիին ճանաչվել է համաշխարհային պատմության վրա առավել մեծ ազդեցություն գործած կինը

Մարիա Սկլոդովսկայա- Կյուրին (1867-1934 թթ.) գլխավորել է այն կանանց վարկանիշը, որոնք առավել մեծ ազդեցություն են գործել համաշխարհային պատմության վրա: Այդ մասին հայտնել է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով BBC History Magazine հանդեսի կողմից մարդկային գործունեության տասը տարբեր բնագավառների փորձագետների հարցման արդյունքները:

«Կյուրին առաջին կինն էր, որն արժանացավ ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի, առաջին կինը, որը դարձավ Փարիզի համալսարանի (Սորբոնի) պրոֆեսոր, եւ առաջին մարդը, հենց մարդը, այլ ոչ միայն կինը, որը նվաճեց երկրորդ Նոբելյան մրցանակը»,-հիշեցրել է Գիտության պատմության բրիտանական ընկերության նախագահ Պատրիսիա Ֆարան:

Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին Նոբելյան մրցանակների դափնեկիր է ֆիզիկայի (1903 թ.) եւ քիմիայի (1911 թ.) բնագավառներում: Նա ծնվել է Վարշավայում, բայց գիտական գործունեությամբ զբաղվել է Ֆրանսիայում:

Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել է ամերիկուհի իրավապաշտպան Ռոզա Փառքսը (1913-2005 թթ.), որն ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ճանաչվել է «Հանուն քաղաքացիական իրավունքների արդի շարժման մայրը»: Եռյակը եզրափակել է սուֆրաժիստուհիների բրիտանական շարժման առաջնորդ Էմելին Փանքհյորսթը (1858-1928 թթ.): Չորրորդ հորիզոնականում բրիտանացի մաթեմատիկոս Ադա Լավլեյսն է (1815-1852 թթ.), հինգերորդում՝ բրիտանացի կենսաֆիզիկոս եւ ռենտգենոգրաֆ Ռոզալինդ Ֆրանկլինը (1920-1958 թթ.), վեցերորդում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը (1925-2013 թթ.), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս