Բաժիններ՝

«Մեր ավտոմեքենաները Լարսի անցակետով անցնում են՝ 1.5 օր հերթի մեջ լինելով, և մենք այս ժամանակահատվածի համար դա համարում ենք նորմալ երևույթ… Ինչի՞ եք իրար անցել»

«Մեր ավտոմեքենաները Լարսի անցակետով անցնում են՝ 1.5 օր հերթի մեջ լինելով, և մենք այս ժամանակահատվածի համար դա համարում ենք նորմալ երևույթ, որովհետև մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ 7-8 օր էլ ենք հերթի մեջ կանգնել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով Լարսի անցակետում գոյացած 7-8 կիլոմետրանոց հերթին։

Ըստ նրա՝ վրացական կողմի նորամուծությանը, երբ ավտոմեքենաները տարվում են հատուկ կառուցված հարթակ և այնտեղ սպասում սահմանն անցնելու իրենց հերթին, քաղաքակիրթ աշխարհում ընդունված ձև է, որին մեր վարորդները դեռ սովոր չեն։ Գ. Աղաջանյանի խոսքով՝ երբ մեքենան կանգնած չէ կոնկրետ հերթի մեջ և յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ անգամ շարժիչը չի միացնում ու մի քիչ առաջ շարժվում, այսինքն՝ հերթի առաջ շարժը տեսանելի չէ, կարծիք է ձևավորվում, թե ինչ-որ բան այն չէ.

«Իրականում մեքենաները բոլորը տեղափոխվում են հարթակ, հերթագրվում են և նույն հերթականությամբ էլ հետո բաց են թողնվում, որպեսզի կուտակումներ չլինեն ո՛չ սահմանին, ո՛չ էլ ճանապարհի եզրերին կանգնեն, որը և՛ վտանգավոր է, և՛ առանց այն էլ այդ նեղ ճանապարհն ավելի չնեղացնեն։ Հիմա դա է տեղի ունենում, որին հայերն այնքան էլ սովոր չեն։ Ես չեմ կարծում, որ սա մի արտառոց իրավիճակ է։ Մենք սա շատ հանգիստ ենք ընդունում, մեր վարորդների գործուղման ժամանակահատվածի մեջ դա լրիվ տեղավորվում է»։

Ըստ նրա՝ վրացական կողմն անհամեմատ ավելի արագ է սպասարկում, քան՝ ռուսական կողմը, որովհետև վրացիներն օրենսդրությունը շատ պարզեցրել են, և նրանց մոտ մեկ պատուհանն իրականում աշխատում է, իսկ ռուսական կողմում օրենսդրությունը բարդ է, թղթաբանությունը՝ շատ։

Գ. Աղաջանյանը հաստատեց նախարարության պարզաբանումը, որ հերթերի կուտակման պատճառներից մեկը Ռուսաստանից Վրաստան տուրիստական հոսքերի ավելանալն է։

Նրա խոսքով՝ անցած տարի 1 մլն ՌԴ քաղաքացի է մեկնել Վրաստան հանգստանալու, որովհետև եթե Վրաստանի քաղաքացիներին Ռուսաստան գնալու համար անհրաժեշտ է մուտքի վիզա, ապա ՌԴ քաղաքացիների համար Վրաստան այցելությունն ազատ է և, հաշվի առնելով, որ Ռուսաստանի ծովափնյա տարածքները սահմանափակ են, միայն Սոչին է, ապա ՌԴ քաղաքացիները շատ են մեկնում Վրաստանի ծովափնյա շրջաններ։ Նրա համոզմամբ՝ դա էլ է իր ազդեցությունն ունենում։ Գ. Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ օգոստոսի վերջերից այդ հոսքերը կպակասեն, սեպտեմբերին իրավիճակը կնորմալանա, բայց նոյեմբերից էլ կսկսեն ձյան «հոսքերը» խանգարել մեզ։

«Լարսի խնդրին պարբերաբար անդրադառնալով, իմ կարծիքով, ամեն անգամ աժիոտաժ ստեղծել, Լարսը դարձնել քննարկելու և ժողովրդին իրավիճակ ներկայացնելու թեմա, արհեստական լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Դա  նորմալ իրավիճակ է, այդ ճանապարհը երբեք չի եղել տնտեսական ուղղվածության ճանապարհ, այն ռազմական նշանակություն ունեցող ճանապարհ է եղել, հիմա հանգամանքների բերումով մենք օգտագործում ենք այս ձևով այն չափով, ինչ չափով հնարավոր է։ Ինչի՞ եք իրար անցել։ Եթե պետք է սպասել, ուրեմն պետք է սպասել։ Հուսանք, որ մի օր առևտրային միջանցքները կսկսեն գործել, և այլ իրավիճակ կլինի»,- ասաց Գ. Աղաջանյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս