Բաժիններ՝

Առաքինության շնորհաբաշխ զորությունը

Երբ մենք արարվեցինք, Տերն իր պատկերը շնորհեց մեզ, նաև` մտածելու, վերլուծելու կարողությունը և ըստ այդմ՝ բարին ամուր բռնելու շնորհը։ Իսկ մենք ինչպե՞ս ենք հասկանում Աստծո խոսքի արդիականությունը։ Այն երբեք չի հնանում և ոչ էլ ձևափոխվում և նորացվում է, քանի որ կատարյալ է և կարիք չունի կատարելագործվել։ Ուստի, թերի է այն կարծիքը, թե հասարակության «զարգացմանը» զուգընթաց փոխվում են նաև նրանում գործող բարոյական արժեքները։ Փոփոխելի է այն, ինչ մարդկային և մարդածին է, իսկ Տերունի պատվիրանները վեր են ժամանակի և տարածության ազդեցությունից։

Եվ եթե Մովսեսը 10 պատվիրաններով հորդորում էր աստվածապաշտ, աստվածասեր և ծնողասեր լինել, հեռու մնալ ապականությունից, գողությունից, ուրիշինը ցանկանալուց, ապա Տերը ցույց տվեց, թե իր մարդանալով՝ պահանջում է մարդկանցից ավելին, քան օրենքով արդարանալն է։ Այն է՝ որպես մեղք դիտել ոչ միայն գործնական սպանությունը, այլև այդ մասին խորհելը, ոչ միայն շնությունը, այլև մտքում ցանկանալը, ոչ միայն կռիվը, այլև մտքով անհնազանդությունը։ Առաջին հայացքից խիստ են պահանջները, և թվում է՝անհնար է դրանք կյանքի կոչել։ Բայց այնտեղ, ուր անզոր է օրենքը, օգնության է հասնում շնորհը, քանի որ Աստված շնորհներ է պարգևում, որոնցով մեր պատերազմը դառնում է դյուրին ու հաղթահարելի։

Եվ որպեսզի քաղցրանա մեր լուծը, Տերը մեզ սեր շնորհեց, իր աստվածային սիրո մի ճառագայթը, որով ողողված հոգին անտրտունջ է պատերազմելիս ու տառապանքներ կրելիս և անեղծ՝ Աստծուն փառաբանելիս։ Այսպիսի հոգին ողջ էությամբ սիրում է և՛ Աստծուն, և՛ մերձավորներին, ազգականներին, հայրենիքը և նույնիսկ թշնամիներին ու աղոթում նրանց համար։ Այսինքն, այն ամենը, ինչ Քրիստոս պատվիրեց և Աստվածաշունչ մատյանի միջոցով մեզ հասավ, ենթակա չէ փոփոխման և ճիշտ քննելու, ուղիղ հասկանալու դեպքում ճշմարտապես անարժեք է դարձնում ներկայիս կեղծ ժամանակակցության անբարո բարքերը։ Դա նկատելու համար նախ պարզենք, թե ի՞նչ ասել է բարոյական։ Բարոյական է այն ամենը, ինչ հակառակ չէ Աստծո կամքին։ Ուրեմն՝ երբ մենք «իրավունքի» քողի տակ ըմբոստանում ենք մեր ծնողների, ավագների և մեր բարին կամեցողների դեմ, ամենևին էլ ճիշտ չենք վարվում։ Այդ անելուց առաջ նախ խորհենք՝ արդյոք չե՞նք ծայրահեղացել մեր քայլերում։ Գուցե շփոթում ենք ազատությունը սանձարձակության, իրավունքը` հանդգնության և պաշտպանությունն` ամբարտավանության հետ։ Դա առավել հեշտ է տարբերել, երբ անկեղծորեն քննենք, թե արդյո՞ք չենք թերացել մեր պատկերացումներում։

Եթե դրանցում հավատարիմ լինենք, հաճախ ինքնին ազատվում ենք ճնշումներից ու դժգոհությունից։ Ի՞նչ խոսք, վատ չէ հետևել պետական և հասարակական օրենքներին, բայց հիշենք, որ այդ օրենքների հեղինակները մարդիկ են՝ ենթակա թերացման ու սխալների, առավել հետևենք այն բարոյական արժեքներին, որոնք աստվածատուր են, և այնժամ խախտած չենք լինի նաև հասարակականն ու պետականը, քանի որ դրանք լոկ առաջինի մասունքներն են։ Նա, ով խորհում է բառով չմեղանչելու մասին, արդեն իսկ մտքով շատ հեռու է սպանությունից, ով պահում է տերունական «բավարարվիր քո աշխատավարձով» պատվիրանը, չի կարող գողանալ։ Ուրեմն կարճամիտ չլինենք և թոթափվենք աշխարհի փոշուց ու ախտից և անմտորեն չարհամարհենք աստվածայինը։ Սիրելի՛ կանայք ու աղջիկներ, թող առաքինությունն ու խոնարհությունը լինեն ձեր ուղեցույցը և, հարգելի՛ այրեր, թող ձեզ համար գրավիչ չլինի երբեք ցածրաճաշակ սանձարձակությունն ու ավելորդ ակտիվությունը։

Թող Աստված հոգու ճանաչողություն շնորհի մեզ ազգովի, որպեսզի ամեն մեկս մեր տեղում լինենք և չախորժենք ունենալ այն, ինչ օտարինն է ու խորթ մեր բնությանը։ Մեծերին հարգենք և խնամքով վարվենք նրանց հետ, քանի որ սա է մեր երկարակեցության գաղտնիքը. «Հարգի՛ր հորդ և սիրի՛ր մորդ, որպեսզի օրերդ աշխարհի վրա երկար լինեն»։ Հոգանք կրտսերների մասին, պատվենք դրացիներին և բարի սերմ ցանողի պես բարի պտուղ կառնենք։ Զղջանք մեր մեղքերը, սիրենք եկեղեցին, և մեզնից կհեռանա դատելու սովորությունը։ Աղոթենք միմյանց համար և ուրախանանք ուրիշների հաջողությամբ, և մեր հաջողությամբ ուրախացողներ կգտնվեն։ Կամենանք Աստծո կամքի մեջ մնալ, և նա ինքը կառաջնորդի մեզ դեպի բարին։

Նաիրա ՊԵՊԱՆՅԱՆ
«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս