«Անցյալի վտանգները. Ինչո՞վ է Հայաստանին սպառնում Ռոբերտ Քոչարյանի գործը». Սերգեյ Մարկեդոնով

Հայաստանի նախկին նախագահի հետապնդումը 2008թ. «արյունոտ շաբաթվա» պատճառով նախադեպ ստեղծեց: Նախկինում ոչ ոք վճռականություն չէր ցուցաբերում մեղադրանքներ ներկայացնել իր նախորդին: Իսկ դա կասկածի տակ է դնում հանրապետությունում իշխանության շարունակականությունը:

Այսօր Հայաստանում աղմկոտ ռեզոնանսային գործերով ոչ ոքի չես զարմացնի: Բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների մեղադրանքները կոռուպցիայի ու ծառայողական դիրքի չարաշահումների մեջ բազմապատկվում են օրեցօր: Իշխանության մաքրման ու կարգուկանոնի հաստատման գաղափարները նոր հայկական իշխանության ինքնատիպ նոու-հաուն դարձան: Սակայն Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն այդ ֆոնի վրա կտրուկ առանձնանում է նախ և առաջ այն պատճառով, որ այն ունի հստակ քաղաքական բնույթ:

«Արյունոտ շաբաթը»

Մեղադրանքը կենտրոնացած է ոչ թե ֆինանսական կեղծիքների կամ պետական ունեցվածքի ապօրինի յուրացման, այլ բռնության գործադրմամբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու վրա: Բացառված չէ, որ չարաշահումների հոդվածը կավելացվի քննության ու դատական պրոցեսների ընթացքում: Բայց այսօրվա դրությամբ շեշտը դրված է տասնամյա վաղեմության պատմության վրա:

Կարդացեք նաև

Հայաստանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները ստացան «արյունոտ շաբաթ» անվանումը: Այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերից հետո բախումներ տեղի ունեցան դրանց մասնակիցների ու հանրապետության ուժային կառույցների միջև: Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին իշխանության փոխանցումն անցավ արտակարգ դրության և քաղաքացիական անհնազանդության պայմաններում, որը հաջողվեց մեկուսացնել, բայց ոչ չեզոքացնել: Դրա վկայությունը Հայաստանի քաղաքացիների ծայրահեղ բևեռային, բացառապես անձնավորված ու էմոցիոնալ գնահատականներն են, որոնք այսօր հնչում են սոցիալական ցանցերում ու բլոգներում, կամ էլ պարզապես փողոցներում ու մասնավոր զրույցներում:

Պանդորայի արկղը

Քոչարյանի ձերբակալությամբ ստեղծվեց կարևոր ներքաղաքական նախադեպ: Խորհրդային Միության փլուզումից ու Հայաստանի անկախացումից հետո Հայաստանում 4 նախագահ ու 3 Սահմանադրություն է փոխվել: Երկիրն անցել է նախագահականից խորհրդարանական դառնալու ճանապարհը: Զանգվածային շատ բողոքներ ու սոցիալական ցնցումներ են եղել: Սակայն այդ ողջ ժամանակահատվածում նրա առաջնորդներից ոչ մեկը ձերբակալության չի ենթարկվել, անգամ, երբ իշխանության փոփոխությունը, ինչպես դա եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ու Ռոբերտ Քոչարյանի գալու դեպքում, տեղի է ունեցել, մեղմ ասած, ոչ իրավական գործընթացների խիստ համապատասխանությամբ:

Տարբեր հայ ղեկավարների անձնական հարաբերությունները նույնպես հեռու են եղել կատարյալ լինելուց` երբեմն վերաճելով բացահայտ դիմակայության: Եվ, իհարկե, հատուկ ցանկության դեպքում այս կամ այն նախագահը կարող էր մեղադրանք առաջադրել իր նախորդի նկատմամբ:

Սակայն մինչ այսօր ոչ ոք այդ կարմիր գիծը չէր անցնում, և հենց դա էր շատ բանով Հայաստանը բացառիկ երկիր դարձնում նախկին ԽՍՀՄ տարածքում: Միայն այստեղ գործերից հեռացած նախագահը կարող էր բախտը փորձել երկրի գլխավոր ընտրարշավում, ինչպես դա արեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ., կամ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն քննադատել Սերժ Սարգսյանին ու նրա նախարարներին:

Այսօր Հայաստանի նոր իշխանությունները բացել են Պանդորայի արկղը, և փաստ չէ, որ նրանք դրա վրա կանգ կառնեն: Մի կողմից՝ նրանց տրամաբանությունը հասկանալի է, և ինչ-որ բանում՝ նույնիսկ արդարացված: Նրանք ուզում են խորհրդանշորեն գիծ քաշել որոշակի դարաշրջանի տակ, նոր Հայաստանի հայտ ներկայացնել, որում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների նման դեպքեր հնարավոր չեն լինի, ինչպես հնարավոր չեն լինի տնտեսական և քաղաքական մենաշնորհները, նեպոտիզմն ու ընտրովի արդարադատությունը:

Պոպուլիզմն ու դրա հետևանքները

Այնուամենայնիվ, ներկայիս ղեկավարությունը նաև ավելի երկրային հիմքեր ունի: Հայաստանում իշխանության փոփոխության գործընթացը բոլորովին էլ ավարտված չէ: Երկրին սպասում են Ազգային ժողովի ու Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Հաշվի առնելով քաղաքային իշխանության կարևորությունը ողջ հանրապետության համար, այդ քարոզարշավը փաստացի համազգային է: Իշխանությունը ժողովրդական վստահության մեծ ռեսուրս ունի, սակայն այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբակցությունները թե Երևանի ավագանիում, թե Խորհրդարանում փոքրամասնություն են:

Ժամանակավոր կառավարության կարգավիճակում գործադիրը չի ուզում կոնկրետ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հետ կապված` նախաձեռնել ոչ պոպուլյար միջոցներ ու դիմում է պոպուլիզմին: «Անցյալի հետ հաշիվները մաքրելը» լիովին տեղավորվում է այդ մոտեցման մեջ: Այնուամենայնիվ, չնայած էֆեկտիվ խորհրդանշական քայլերին, քաղաքական կարգի ռադիկալ նորացմանը ձգտող իշխանության մոտ ռազմավարական պլանում քիչ խնդիրներ չեն առաջանում:

Նախ՝ անխուսափելիորեն առաջ է գալիս իրավակիրառության ընտրողականության հարցը: Այո, Քոչարյանը 2008թ. ցուցարարների դեմ ուժ է կիրառել, բայց 1996թ. նման ճանապարհով է գնացել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ով նույնպես ընտրությունների արդյունքների հետ կապված խնդիրներ ուներ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ նրա նկատմամբ նույնպես դատաքննություն պետք է սկսվեր, իսկ նրա հետ միասին` նաև նոր իշխանության կողմնակիցների կողմից իշխանության բռնազավթման մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի դեմ: Բայց այդ դեպքում ի՞նչ տեսք կունենա այն պետությունը, որի ղեկավարներից յուրաքանչյուրը պաշտոնաթողությունից հետո հայտնվի մեղադրյալի աթոռին, ընդ որում, երիտասարդ, կոնֆլիկտի, շրջափակման, իշխանության ինստիտուտների կայացման ու պետական-քաղաքացիական նույնականացման ճանապարհով անցած պետությունը:

Եվ նկատենք, այսօր Քոչարյանի կամ գեներալ Յուրի Խաչատուրովի (ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, իսկ 2008-2016թթ. ՀՀ ՊՆ Գլխավոր ռազմական շտաբի պետ) հանդեպ խստությունը, ով մեղադրվում է նախկին նախագահի հետ, այնքան էլ չի համադրվում դատական մարմինների` «Սասնա ծռեր» խմբավորման մասնակիցների նկատմամբ դրսևորած մեղմ վերաբերմունքի հետ, որ կապվում են Երևանի ոստիկանական ՊՊԾ գունդը 2 տարի առաջ գրավելու հետ:

Երկրորդ, այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցածն էր, մասնատում են Հայաստանը: Ողբերգությունները պետք է հաղթահարել առանց բնակչության մի խումբը մյուսի դեմ բախման տանելու, քանի որ մի մասի համար Քոչարյանը հանցագործ է, իսկ մյուսների համար` չճանաչված Արցախի Հանրապետության առաջին նախագահը, ով անցել է 1991-94թթ.պատերազմի բոլոր դժվարությունները, երբ նրա քննադատներից շատերը դեռ դպրոցական էին:

Եվ Հայաստանի նոր իշխանություններն իրենց պետք է հաշիվ տան, որ Քոչարյանի զանգը նաև իրենց համար է հնչում: Ցանկացած սխալ ու ձախողում, որոնք անխուսափելի են վերափոխումների ճանապարհին, և որոնք թույլ են տրվել ամենաբարի մղումներով, կարող են հանգեցնել ներկայիս իշխանական թիմի ժողովրդականության անկմանը:

Եվ այդ ժամանակ բացառված չէ, որ նրա քաղաքական հակառակորդները կցանկանան պարտքը վերադարձնել բաց քրեական գործերի ու մեղադրանքների տեսքով: Այդ դեպքում կասկածի տակ կդրվի իշխանության շարունակականությունը, իսկ իշխանության փոխանցումը մեկից մյուսին կդառնա պերմանենտ հեղափոխություն: Ընդ որում, այս ամենը` արցախյան կոնֆլիկտի չկարգավորման ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անկայուն վիճակի ֆոնի վրա: Դրա համար էլ չի կարելի բացառել, որ հակառակորդին «թեստավորելու» գայթակղությունը, երբ նրա տանը մեծ փոփոխություններ են տեղի ունենում, շատ մեծ կլինի:

Նյութը rbc.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս