ԱՄՆ-ի քաղաքականությունն անհնար է դարձնում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը բացառել է մոտ ապագայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, քանի որ Վաշինգտոնը թշնամական քաղաքականություն է վարում Թեհրանի նկատմամբ: Հուլիսի 30-ին այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին, հաղորդել է Fars գործակալությունը:
«ԱՄՆ-ի քաղաքականությունը հնարավորություն չի ընձեռում որեւիցե փոխգործակցության եւ բանակցությունների համար: Վաշինգտոնը ցույց տվեց, որ ինքն արժանի չէ վստահության»,- ասել է Գասեմին: Պատասխանելով ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ, «հավանաբար, ԱՄՆ-ի որոշ ներկայացուցիչներ նման ցանկություն են հայտնել»:
«Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը եւ Վաշինգտոնի շարունակվող թշնամական քաղաքականությունը, դրա համար ոչ մի կարգի նախադրյալներ չկան»,- հավելել է նա: Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է «իսկական գործարք» կնքելու Իրանի իշխանությունների հետ միջուկային ոլորտում, որը կտարբերվի «նախորդ ձախողվածից»:
Մայիսին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանից՝ այն գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սահմանած միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն:
Հուլիսի սկզբին Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Բրայան Հուքը հայտարարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Իրանի նավթային եկամուտները «մինչեւ զրո» կրճատել էներգետիկական պատժամիջոցների միջոցով, որոնք, նրա խոսքով՝ կվերականգնվեն նոյեմբերի 4-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: