«Այս իրադարձությունները կդառնան ցուցիչն այն բանի, թե որքանով են ՀՀ իշխանությունները պատրաստ կառուցել ժողովրդավարական երկիր». փորձագետ
«ԵՄ-ն ուշի ուշով կհետևի երևանյան իրադարձությունների ելքին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննությանը, որի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի մասին միջնորդություններ ներկայացվել:
Կոնրադ Զաշտովտն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կանխատեսելի էր, ՀՀ վարչապետը պետք է ուղի բացեր երկրում իրավական կարգը հաստատելու, կոռուպցիան վերացնելու և ժողովրդավարությունը կայացնելու համար, քանի որ այդ մասին հաճախ է խոսել, այդ թվում՝ վերջերս Բրյուսելում:
Նրա խոսքով, Եվրոպական միությունը սովորաբար նման ներքին զարգացումներին չի արձագանքում, եթե տեղի չի ունենում մարդու իրավունքների ոտնահարում, օրենքից դուրս, ոչ իրավաչափ գործողություններ:
«Կարծում եմ` ԵՄ-ն ուշի ուշով կհետևի երևանյան իրադարձությունների ելքին, ինչպես և հետևում է բոլոր զարգացումներին ու հայտարարություններին, որոնք հնչում են իշխանությունների կողմից, քանի որ սա մի փուլ է, երբ Հայաստանի բոլոր գործընկերները փորձում են հասկանալ, թե ինչ է ցանկանում ՀՀ նոր իշխանությունը և ինչի է պատրաստ իրենց հետ հարաբերություններում և երկրի ինչպիսի տեսլական ունի, քանի որ մի բան է՝ հայտարարել, որ Հայաստանն այլևս ժողովրդավարական երկիր է, մեկ այլ բան` Հայաստանը կայացնել՝ որպես ժողովրդավար երկիր:
ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանում բարեփոխումների՝ ՀՀ իշխանությունների ծրագրերին: Նախկինում քաղաքական հետապնդումների դեպքեր Հայաստանում եղել են, եթե նոր իշխանությունները պատրաստվում են բարեփոխումներ իրականացնել, ապա պետք է նախկին քաղաքական էլիտայի օրոք իրականացված դեպքերի վերաբերյալ անաչառ ու բացառապես օրինական դաշտում քննություն տանեն, այլապես տեղի ունեցողը կընկալվի՝ որպես քաղաքական հետապնդում, հաշվեհարդար, և այլն, քանի որ այս դեպքերը կապված են ՀՀ նախկին իշխանությունների, նրանց պատասխանատվության հետ:
Այս իրադարձությունները կդառնան ցուցիչն այն բանի, թե որքանով են իսկապես ՀՀ իշխանությունները պատրաստ կառուցել ժողովրդավարական Հայաստան: Հայաստանի հեղինակությունը տեղի ունեցած հեղափոխությունից հետո կտրուկ աճ գրանցեց Եվրոպայում, դա անարյուն, խաղաղ հեղափոխության հիանալի օրինակ էր, այդ մասին արդեն մի քանի ամիս չեն դադարում խոսել, դա դրական մեծ տրամադրվածություն է Հայաստանի հանդեպ, որը կարելի է օգտագործել՝ հօգուտ Հայաստանի, և որը, ցավոք, կարող է կորել, եթե այդ հեղափոխությունն իրականացրած մարդիկ թեկուզ որոշ դրվագներում օրենք խախտեն»,- ասաց Զաշտովտը:
Նա նշեց, որ ներքին բուռն զարգացումներին զուգահեռ՝ ՀՀ իշխանություններն իրենց զգոնությունը չպետք է կորցնեն ԼՂ հակամարտության գոտում հնարավոր վտանգների առումով, քանի որ իրավիճակը, ինչպես հենց կողմերն են որակում, պայթյունավտանգ է: «Ներկայումս հասարակության, իշխանության ողջ ուշադրությունը կենտրոնացած է նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած չարաշահումները բացահայտելու վրա, ինչը ևս կարևոր է, բայց չպետք է լինի ԼՂ հակամարտության ուղղությամբ ՀՀ իշխանությունների անհրաժեշտ քայլերի, Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերությունների շարունակականության հաշվին:
Ինչո՞ւ եմ սա նշում, քանի որ ՀՀ իշխանությունները Եվրոպական միությունից ֆինանսավորման ավելացում են ակնկալում, որն առաջ գցելու համար ծրագրեր պետք է առաջարկեն ԵՄ պատվիրակությանը, պետք է առաջընթաց գրանցեն նաև ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասնակի կիրարկման հարցում, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, աշխատանքներ կան, որոնք անհրաժեշտաբար պետք է իրականացվեն հարաբերությունների առկա մակարդակը չկորցնելու նպատակով»,- ասաց Զաշտովտը: