«Դա հակահամակարգային մոտեցում է». Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում մասնագիտական հարց էր բարձրացրել, որ չի կարող վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվող մեղադրյալի կալանավորման հարցը քննարկվել այն պայմաններում, երբ մեղադրյալն ազատության մեջ է։
Նա նշել էր, որ, երբ իրենք մշակում էին Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, մի հարց սկզբունքային էր իր համար. «Չի կարող վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվող մեղադրյալի կալանավորման հարցը քննարկվել այն պայմաններում, երբ մեղադրյալն ազատության մեջ է։ Դատարանը չպետք է ԶՐԿԻ ազատությունից, այլ ստուգի ազատությունից զրկելու և անազատության մեջ պահելը շարունակելու իրավաչափությունը։ Ազատությունից զրկողը պետք է լինի միայն քրեական հետապնդման մարմինը։ Հակառակ դեպքում հենց դատարանն է վերածվում քրեական հետապնդման մարմնի»։
168.am-ի հետ զրույցում Ռ. Մելիքյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագծին և Սահմանադրությանը։ Ցավոք սրտի, այն նախագիծը, որն արդեն մի քանի տարի է՝ պատրաստ է, այդպես էլ ուժի մեջ չմտավ Հայաստանում, այնտեղ այն կարգավորումներն են, որի մասին ես ասում եմ, որ դատարանը վերահսկողություն է իրականացնում, այլ ոչ թե՝ ինքն է որոշում՝ անձը պե՞տք է անազատության մեջ լինի, թե՞ չէ։ Եթե մենք Սահմանադրության տեսանկյունից նայենք, ապա կա վիճակ, երբ մարդն ազատության մեջ է, և վիճակ, երբ մարդն անազատության մեջ է։ Ո՞ր մարմինն է որոշում ազատությունից անազատություն անցնելու հանգամանքը։ Արդյո՞ք դա դատարանն է, թե՞ քրեական հետապնդման մարմինն է։ Եթե անձն ազատության մեջ է, ու նրա նկատմամբ կալանքի միջնորդություն է դրվում, ստացվում է՝ դատարանն է որոշում կայացնողը, այնինչ, մեր պատկերացմամբ, դա հակահամակարգային մոտեցում է, ու պետք է վարույթն իրականացող մարմինն անձին անազատության մեջ վերցնի ու տանի, որ դատարանը ստուգի՝ այդ ընթացքում արդյո՞ք իրավաչափ է եղել անձին ազատությունից զրկելը, արդյո՞ք նրան հետագա անազատության մեջ պահել շարունակելն իրավաչափ է, թե՞ ոչ։ Այսօրվա ձևակերպմամբ՝ ձերբակալման հասկացությունը կարծես թե հնարավորություն չի տալիս նման կերպ վարվել»։
Ռ. Մելիքյանն այստեղ նաև սահմանադրականության հետ կապված խնդիր է տեսնում. «Պետք է ուսումնասիրել Սահմանադրության 27-րդ հոդվածը, որը վերաբերում է անձի ազատության իրավունքին, և տեսնել՝ արդյո՞ք այդ հոդվածի առաջին մասը հիմք նախատեսում է դատարանի կողմից անձին ազատությունից զրկելու համար, որովհետև եթե ուշադրություն դարձնենք այդ հոդվածի 3-րդ կետին, այդտեղ նշված է իրավասու մարմնին բերելու համար անձին ազատությունից զրկելը, եթե կա նրա փախուստի կամ նորից հանցանք կատարելու վտանգ։ Այսինքն՝ այստեղ հատուկ նշվում է՝ «իրավասու մարմին բերելու համար», իսկ իրավասու մարմինը ոչ այլ ինչ է, քան՝ դատարանը»։
Մեր զրուցակիցը շեշտեց, որ սա մասնագիտական հարց է, և այն ուղղված է ավելի շատ մասնագիտական հանրությանը, քան՝ լայն հանրային լսարանին։
Մեր ճշտող հարցին՝ ձեր այս դիտարկումը կապվա՞ծ էր երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացված գործողությունների հետ, Ռ. Մելիքյանն այսպես պատասխանեց. «Դժվար է կապը չտեսնել, ուղղակի սա հարց է, որը մասնագիտական շրջանակներին հայտնի է ու երեկ արդիականություն ձեռք բերեց, ու ես նորից առիթն օգտագործելով՝ փորձեցի այդ հարցը հանրային քննարկման առարկա դարձնել»։
Հիշեցնենք, որ որոշ իրավաբաններ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական են համարում։ ՀՀ նախկին և գործող Սահմանադրություններով սահմանված է, որ Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։
Ըստ այդմ, իրավաբանները պնդում են, որ Ռ. Քոչարյանի գործողությունները 2008 թվականին եղել են իր լիազորությունների սահմաններում։ Ռ. Մելիքյանը չցանկացավ այդ հարցին անդրադառնալ՝ նշելով, որ ինքն այդ հարցը չի ուսումնասիրել ու չի կարող մեկնաբանել։