ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը մեր ինքնիշխանության դրսևորո՞ւմ
Ի՞նչ ասել է ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ամենամատչելի ձևակերպմամբ՝ հաշվի առնելով ազգային և պետական շահը, և, առաջին հերթին պետության անվտանգությունը, քաղաքական հնարավորի արվեստի սահմաններում օրվա իշխանությունների կողմից ինքնուրույն և համարժեք քաղաքականության իրականացում:
Ինչպես կասեր դասականը՝ եթե այդ շահը պահանջում է, պետք է համագործակցել նույնիսկ սատանայի հետ, կամ՝ թեկուզ հաշվի նստել նրա գոյության փաստի հետ:
ՆԱՏՕ-ն ուղղորդող մի շարք պետություններ ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, բայց իրենց պետական շահերից ելնելով՝ ձեռնպահ են մնում այն պաշտոնապես ճանաչելուց, ինչը, Realpolitik-ի դիրքերից, այդ պետությունների համար բնական է և անկախ նրանից՝ դա մեզ դո՞ւր է գալիս, թե՝ ոչ:
Այս օրերին, երբ քննարկվում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը, մի շարք քաղաքական գործիչներ և հատկապես միջազգային դրամաշնորհներից օգտվող կազմակերպությունների մի խումբ վերլուծաբաններ ամեն ճիգ գործադրումն են՝ իշխանություններին և հասարակությանը համոզելու, որ այդ զորավարժություններին մասնակցելը բխում է մեր պետության ինքնիշխանության շահերից՝ անհարկի շահարկելով իշխանությունների լեգիտիմության փաստը:
Դեռևս չեմ հանդիպել այդ զորավարժություններին մեր մասնակցության փաստարկված և համոզիչ դիտարկման, բացի հիմնականում «ինքնիշխանության դրսևորում» եզրույթի անհարկի և ինքնանպատակ վկայակոչումներից:
Կարծում եմ՝ Վրաստանում նախատեսվող՝ ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժություրններին Հայաստանի մասնակցությունը չի բխում մեր պետության ինքնիշխանության, այո ՛, ինքնիշխանության շահերից և այն կարող է լրացուցիչ խոչնդոտներ առաջացնել մեր արտաքին քաղաքական հարթակում:
Ռուբեն Հակոբյան
ՀՀ ԳԽ, ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր
Քաղաքական գիտությունների թեկնածու