«Մենք չենք կարող մեզ թույլ տալ պետությունը որպես փորձարարական հրապարակ օգտագործելու շքեղությունը». Արեգ Գալստյան
The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եվ այսպես, հարգելի Արթուր Մարտիրոսյանի հետ միասին մեր հարցերը տվեցինք հարգելի փոխվարչապետ և «ժողովրդի խոնարհ ծառա» Արարատ Միրզոյանին: Այսօրվա դրությամբ կողմնակիցները պատասխանել են հետևյալ փաստարկով`
• Այդ կոնգրեսականներն էին, որոնց թվում էր նաև դեմոկրատ Ֆրենք Փելլոունը, ասել վարչապետ Փաշինյանի` նախագահ Թրամփի հետ հադիպման կարևորության ու անհրաժեշտության մասին:
Աղբյուրը` հայալեզու «Ամերիկայի ձայնը» կայքի կողմից արված ռեպորտաժը, ուր չկան ոչ Փելոունի և ոչ էլ մեր «խոնարհ ծառայի» բառերը:
Ես հաճույքով կընդունեմ այլ աղբյուրների պնդումները, տեսանյութեր, ուր ինքը` Փելոունն է այդ մասին ասում, կամ բանակցությունների սղագրությունը, որը ես իհարկե կուղարկեմ կոնգրեսականի գրասենյակ հաստատման նպատակով:
Իսկ այժմ ներկայացնեմ իմ փաստարկները, որոնք կարող եք ընդունել կամ չընդունել:
ա. Կոնգրեսականները լիազորված չեն օտարերկրյա պատվիրակությունների անդամների հետ խոսել գործադիր իշխանության`նախագահի ադմինիստրացիայի հետ կապված ինստիտուցիոնալ կամ կազմակերպչական հարցերի մասին:
Թրամփի հետ հանդիպման կարևորության և անհրաժեշտության մասին կարող է խոսել միայն մեկ մարդ` նրա ապարատի ղեկավար Ջոն Քելլին: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ նա իր լիազորությունները չի փոխանցել կոնգրեսականներին, հատկապես դեմոկրատ Փելոունին, իսկ Քելլիի հետ անմիջական հանդիպում պարոն Միրզոյանը կարծես թե չի անցկացրել:
բ. Կոնգրեսում գոյություն ունի որոշակի կարգ և էթիկա, որը օրենսդիրների համար վարքագծի հստակ չափորոշիչներ է սահմանում: Եվ այսպես, մենք ունենք դեմոկրատ կոնգրեսական Փելոունին, ով պահանջում է հանրապետական Թրամփի պաշտոնանկությունը, բայց միևնույն ժամանակ խոսում է վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման կարևորության մասի՞ն: Եթե դա այդպես է, ապա մեզ հաջորդիվ 2 տարբերակներ են սպասում`
1. Դեմոկրատ կոնգրեսականի կարիերայի ավարտ:
2. Պարոն Միրզոյանը Նոբելյան մրցանակ է ստանում անկարելիի`Թրամփին ու դեմոկրատներին հաշտեցնելու համար: Եթե դա այդպես է, սեղմում եմ փոխվարչապետի ձեռքն ու խոսքերս հետ վերցնում:
Այժմ թողնենք իմ քննադատության ոչ մեծ տարրն ու տեսականորեն պատկերացնենք, որ 3 կոնգրեսականներ ցնորվել են և տեսնելով մեր փոխվարչապետին`անմիջապես մոռացել են իրավասությունների, էթիկայի ու կուսակցական կարգապահության մասին: Ենթադրենք: Այդ դեպքում դա ոչ թե Միրզոյանի, այլ Կոնգրեսի խնդիրն է, ինչը ծայրահեղ կասկածելի է:
Այժմ`ըստ էության իմ դժգոհությունների մասին:
ա. Պարոն Միրզոյանը իջեցրեց Հայաստանի պետական ընկալման կարգավիճակը: Ինչո՞ւ:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով ավելի քիչ լիազորություններ ունի, քան փոխվարչապետը, հանդիպում անցկացրեց պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Համապատասխանաբար փոխվարչապետը պետք է ավելի բարձր նշաձող սահմաներ` ԱՄՆ փոխնախագահ: Դրա փոխարեն նա մակարդակն իջեցրեց մինչև միջին կարգի 3 կոնգրեսականներ, որոնք Ներկայացուցիչների պալատի անդամներ են, որն էլ իր հերթին արտաքին քաղաքականությամբ չի զբաղվում:
բ. Որքան հայտնի է, պարոն Միրզոյանը հանրապետական կուսակցական մեծամասնության`սենատոր Միտչ Մաքքոնելի ու խոսնակ Փոլ Ռայանի հետ հանդիպումներ չի անցկացրել: Նա նաև չի հանդիպել Սենատի` միջազգային հարցերով ու սպառազինությունների հարցերով պրոֆիլային կոմիտեների ղեկավարներից ոչ մեկի, ոչ Քորքերի, ոչ Մաքքեյնի հետ: Արդեն այստեղից ես եզրակացնում եմ, որ Կոնգրեսի մակարդակով ոչ մի լուրջ բան չի եղել: Փելոունը հայկական հարցերով խմբի անդամ է, որի հետ հանդիպում անցկացնելը հայ քաղաքական գործչի համար մեծ խնդիր չի:
գ. Ի՞նչ օրակարգ է եղել:
Ես գիտեմ, որ Հայաստանը չունի ոչ Ազգային անվտանգության նորացված ռազմավարություն, ոչ արտաքին քաղաքականության հայեցակարգեր: Շատ բանի հույս չունեմ, բայց գոնե երկրին հարկատուների վճարած գումարներից կոնկրետ օգուտ տվող բովանդակային օրակարգ պետք է ունենալ: Եթե նման օրակարգ հենց երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում եղել է, կցանկանայի դա տեսնել ու գնահատել այցի արդյունքները: Սակայն եթե այդպիսի օրակարգ եղել է, և այն լուրջ է եղել, ինչու ոչ փոխվարչապետը և ոչ էլ մեր փոխվարչապետի կուսակցական մեծամասնության առաջնորդները դա չեն ընդունել:
Այժմ`ընդհանուր մթնոլորտի մասին:
• Դու քննադատում ես իշխանություններին, որ քեզ պաշտոն տան:
Հայտարարում եմ, որ ինձ առաջարկել են բավականին լուրջ դիրք`Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, հարգելի Արմեն Գրիգորյանի մշտական խորհրդական:
Իմ ողջ հարգանքով հանդերձ դեպի Արմեն Գրիգորյանը` ես ստիպված էի հրաժարվել, քանի որ ես այլ կերպ եմ ծառայում հայկական պետականությանը ու ամենասկզբից խոսք եմ տվել որևէ պետական պաշտոն չընդունել: Հարգելի քարտուղարը պատշաճ հարգանքով ընդունեց իմ մերժումը, ինչի համար ես նրան շատ շնորհակալ եմ:
• Քեզ վճարել են հանրապետականները:
Ազնվորեն կասեմ, ես սիրում եմ հանրապետականներին, բայց բացառապես`ամերիկյան:
Նրանք, ովքեր ինձ գիտեն ու հետևում են իմ աշխատանքին, գիտեն, որ ես անխնա քննադատել են հանրապետականների արտաքին քաղաքականությունը, հատկապես ամերիկյան մասով: Ես նախկինի պես հաստատում եմ, որ հենց նրանց ձախողումների պատճառով Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ լրջագույն բացթողումներ ունեցավ: Ի դեպ, նրանց կուսակցության ներկայացուցիչներն ինձ պիտակավորում էին որպես ԿՀՎ կամ ՊԱԿ գործակալի: Այնպես որ փոխեք ձայնապնակը, աշխատավարձերի մասին հեքիաթներն էլ այս կամ այն անձանցից ու կազմակերպություններից, պետանվտանգությունից մինչև մասսոններ, արդեն ձանձրացրել են:
Ի դեպ միգուցե հանրապետականները, ԿՀՎ-ն կամ ՊԱԿ-ը Կարպիս Փաշոյանի՞ն են վճարել այն բանի համար, որն իր հայտարարություններով հարված հասցրեց սեփական ղեկավարությանն ու նոր կառավարության հեղինակությանը: Կամ կարող է Պետական հետախուզական վարչությո՞ւնը ստիպեց Սփյուռքի նախարարին նախարարության պաշտոնական էջում տեղադրել թղթախաղի լուսանկարներ: Թե՞ նրանք ընտրողաբար միայն մեզ են վճարում:
Մենք չենք ձեր թշնամիները, այլ դուք ինքներդ, քանի որ դուք ինքներդ եք ձեզ համար խնդիրներ ստեղծում: Մտածեք դրա շուրջ:
• Չի կարելի քննադատել նոր իշխանություններին:
Պետական գործիչը չի կարող այդպես մտածել, քանի որ նա երկրին է ծառայում, այլ ոչ թե ռեժիմին կամ նրա անձերին: Կարևոր չէ, թե ով է նստած հարմարավետ բազկաթոռների մեջ, կարևոր են միայն արդյունքները, քանզի նրանք են արտացոլում քաղաքական գործընթացի իրողությունները: Բացի դրանից, չի կարելի մոռանալ, որ ներկայիս էլիտաները իշխանության են եկել այդ թվում նաև իրենցից առաջ եղածներին քննադատելու ճանապարհով, և դա ճիշտ էր ու նորմալ:
Ի դեպ, թե վարչապետ Փաշինյանը, թե նրա իմաստուն ու հարգելի տիկինն ասում են, որ քննադատությունը առողջ քաղաքացիական հասարակության երաշխիքն է: Ինչ-որ մեկը համաձայն չէ՞ նրանց հետ:
• Իսկ ինչ է, նախորդ իշխանությունները լա՞վն էին:
Հակընդդեմ հարցը` Հայաստանի նոր քաղաքականությունը հիմնվելու է ոչ թե ստեղծելու, այլ հակադրելու՞ վրա: Ուրեմն դա արդեն պարտություն է, քանի որ քո ձախողումները բացատրել նրանով, որ քո նախորդների մոտ ամեն ինչ ավելի վատ էր ստացվում, պետականամետ գործչի փաստարկ չէ: Մենք բոլորս գիտենք, որ նախկիններն ամեն ինչ տապալել են, և ի՞նչ: Այժմ, ելնելով այս տրամաբանությունից, կարելի է պարզապես ասել «մենք նրանք չենք» ու դրա վրա կառուցել քաղաքական ռազմավարությու՞նը: Լու՞րջ:
• Նրանք սովորելու ժամանակ չունեին:
Ընդունում եմ, շատերը փորձ չունեն, բայց երկիրը փոխելու մեծ ցանկություն ունեն: Բայց պետք է նաև հաշվի առնել մի մանրուք. մենք ունենք պետություն, որը գտնվում է պատերազմական վիճակում, և մենք չենք կարող մեզ թույլ տալ պետությունը որպես փորձարարական հրապարակ, դպրոց կամ ինստիտուտ օգտագործելու շքեղությունը: Դուք ասում եք` միգուցե կսովորեն, իսկ ես հակառակ հարցն եմ տալիս` իսկ եթե չսովորե՞ն: Դե ինչ, խաղադրույքնե՞ր ենք ընդունում, պարոնայք:
Հարգելի ընկերներ, դուք կարող եք փորձ չունենալ, բայց այդ դեպքում մարդիկ վարձեք, որոնք գոնե կկատարեն տեխնիկական բյուրոկրատական աշխատանքը:
Կրկնում եմ ևս մեկ անգամ: Ես ծառայում եմ պետականությանը, ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ Արմեն Սարգսյանին, ոչ Արարատ Միրզոյանին: Ունակ չե՞ք դա հասկանալ ու ընդունել:
Դրանում դավադրությո՞ւն եք փնտրում: Դա անհնա՞ր եք համարում: Այդ դեպքում ինքներդ ձեր ու պետության նկատմամբ ձեր վերաբերմունքի մասին եզրահանգումներ արեք: Ամեն ինչ շատ պարզ է: Եվ, այո, որպես վերջաբան` ֆեյքերը գոնե փոքր-ինչ իրական մարդկանց պետք է նման լինեն»:
Պատրաստեց 168.am-ը: