«Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ի շտաբները ձևափոխվում են ՔՊ-ի. նույն մարդիկ են այնտեղ նստած». Գագիկ Սարուխանյան
«Քաղաքապետի այս ընտրությունները կլինեն գլխավոր փորձարկումները բոլորի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը։
Նա գտնում է՝ դեռ շուտ է ասել՝ ավագանու ընտրություններին ով ինչքան ձայն կհավաքի։ Ըստ Գ. Սարուխանյանի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարող է հավակնել քաղաքապետի պաշտոնին, քանի որ ինքը մոտավոր հարցումներով տեսել է, որ քաղաքացիներն առաջին տեղով հավանություն են տալիս Զ. Փոստանջյանին քաղաքապետի պաշտոնում։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանափոխությունից առաջ և հետո միանձնյա է գնում ամեն տեղ։ Ինքը գերադասում է անփորձ երիտասարդին իր կողքին պահել, քան փորձառու համախոհին՝ այլ կուսակցությունից։ Չկա այստեղ ազգային կոնսոլիդացիայի պատկեր, որով մենք կտեսնեինք, որ սա ժամանակավոր է, որ բոլորն էլ հավասար իրավունքներով, պայմաններով, պետական լծակներով, ռեսուրսներով գալիս են արդար ընտրության։
Այս ընտրությունների անարդարությունն ի սկզբանե կլինի հենց դա, որ մարդկանց մեջ սերմանվում է այն, որ, եթե Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը չես, ասում են՝ «ի՞նչ է, ուզում ես՝ նորից Սերժը գա՞»։ Այսինքն՝ Սերժ-Նիկոլ է խաղարկվում այն դեպքում, երբ մենք ընդմիշտ հրաժեշտ ենք տվել ՀՀԿ-ին։ Այս պահից պետք է գնար առողջ, տրամաբանական մրցակցությունը, ամեն կուսակցություն հնարավորություն ունենար իր գաղափարախոսությունը ցուցադրել ժողովրդին։ Ես տեսնում եմ, որ արդեն իսկ անարդարությունը սկսվել է այս ժամանակավոր կոչված շրջանում»,- հայտարարեց Գ. Սարուխանյանը։
Ըստ նրա՝ ավագանու ընտրություններն արհեստականորեն հետաձգվեցին, քանի որ «Ելքը» և ՀՀԿ-ն կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերել։
Գ. Սարուխանյանը նշեց, որ շարժման ժամանակ ինքը որպես առաջին դեմք՝ տեսնում էր Նիկոլ Փաշինյանին, բայց հիմա տեսնում է այլ մարդու. «Շարժումը թելադրում էր, որ նա լինի, իսկ նա դա վերագրեց միայն իրեն։ Նրա այն հայտարարությունը, որ «հիմա իշխանությունը ժողովրդինն է, ես եմ», դա ասելո՞ւ բան է, ու դրանով նա ուզում էր եվրոպացիներին համոզել, որ ժողովրդավարություն է։ Այդպես չէ»։
Ըստ նրա՝ ինչպես՝ ինքը, այնպես էլ՝ եվրոպացիները չհավատացին, որ դա եղել է ժողովրդական պրոցես. «Այսօր տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ի շտաբները ձևափոխվում են ՔՊ-ի. նույն մարդիկ են այնտեղ նստած։ Դա ժողովրդավարական պրոցեսների մեջ մտնող բա՞ն է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։