Տնտեսական քաղաքականության հենասյուների հակառակ երեսը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին իր ասուլիսը սկսեց տնտեսական քաղաքականության մասին դիտարկումից։
«Դիտարկում է արվում, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Կարծում եմ, որ դա ինչ-որ տեղ նաև մեր մեղավորությունն է, որ մենք մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իրենց առանցքային նպատակը ներառող (կամ ներառական) տնտեսական համակարգ ստեղծելն է։
«Հեղափոխությունից առաջ ունեցել ենք տնտեսական համակարգ, որտեղ տնտեսական գործունեության առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել համախառն ներքին արդյունքի ձևավորման մեծ բաժին ստեղծել: Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, տնտեսական ոլորտներն ու գործունեության ձևերը պետք է լինեն հասանելի»,- ասաց Փաշինյանը։
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը: Ցանկացած միջազգային փորձագետ կասի, որ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ են երկու պայման՝ անկախ դատական համակարգ և կոռուպցիայի բացակայություն: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը, բնականաբար, առաջիկայում պետք է նաև ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում, այդ թվում՝ նաև Հարկային օրենսգրքում, որի մասին բազմիցս հայտարարել ենք և որի շրջանակում պետք է լուծենք փոքր և միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ավելորդ համեստություն չանելով՝ նշեմ, որ առաջիններից մեկը ես եմ կառավարության տնտեսական քաղաքականության որակի մասին բացասական կարծիք հայտնել։ Ցավոք, ասուլիսի ժամանակը չբավարարեց, և ինձ հերթ չհասավ, որպեսզի հստակեցնեմ միտքս և ասեմ, թե ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Դրա համար դա կանեմ հոդվածի տեսքով։
Եվ այսպես, ներառական տնտեսություն ունենալը նպատակ է, որին փորձում էր հասնել նաև նախորդ կառավարությունը (համենայնդեպս, այդպես հայտարարվում էր)։ Խնդիրը հետևյալն է՝ ի՞նչ ճանապարհով հասնել դրան։ Տնտեսական քաղաքականությունը, այսպիսով, դեպի այդ ներառական աճը տանող ճանապարհն է։
Ու ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ինչո՞վ է ներկայիս կառավարության ընտրած ճանապարհը տարբերվում նախկինի ճանապարհից։ Դատելով վարչապետի և կառավարության մյուս անդամների խոսքերից՝ հիմնական տարբերությունն այն է, որ այժմ կա իսկական պայքար կոռուպցիայի և ստվերի դեմ, դատարանների վրա ճնշում չկա, և շուկայում մուտքի խոչընդոտներ չկան։ Այս պնդումների հետ համաձայն եմ։
Սակայն կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը՝ որպես այդպիսին, տնտեսական քաղաքականություն չեն։ Դրանք ցանկացած տնտեսական քաղաքականությանն ուղեկցող անհրաժեշտ քայլեր են։ Իսկ տնտեսական քաղաքականությունն այն է, երբ կառավարությունը գործում է՝ որպես մեկ միասնական օրգանիզմ՝ իր առջև ունենալով քայլերի հստակ հաջորդականություն ու կոնկրետ նպատակներ։
Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ հասկանալի է՝ այս փուլում (մինչև ընտրություններ) անիմաստ է կառավարությունից ակնկալել մի քանի տարվա կտրվածքով հստակ տնտեսական քաղաքականության ծրագիր։ Ժամանակը քիչ է, և կառավարության կազմն էլ ձևավորվել է ոչ ստանդարտ իրավիճակում։
Սակայն անգամ այս անցումային փուլում պետք է գոնե լինի կառավարության գործունեության ընդհանուր, բայց հասկանալի տեսլական։
Փորձեմ պարզաբանել ասելիքս։ Կառավարության ներսում միշտ պետք է լինի առողջ բանավեճ։ Պայմանական օրինակներով ցույց տամ. Առողջապահության նախարարությունն ասում է, որ լավ կլինի բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձը, սակայն Ֆինանսների նախարարությունը գտնում է, որ այս պահին դա նպատակահարմար չէ։ Կամ՝ Ֆինանսների նախարարությունն ասում է, որ պետք է հարկային օրենսդրության մեջ այսինչ փոփոխությունն արվի, սակայն Տնտեսական զարգացման նախարարությունը համաձայն չէ՝ գտնելով, որ դա կբերի տնտեսական ակտիվության նվազման։ Կամ՝ տնտեսական զարգացման նախարարությունը գտնում է, որ պետք է այսինչ կազմակերպությանը կամ ոլորտին արտոնություն տրվի, սակայն Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը համաձայն չեն։ Գտնվելով մշտական բանավեճի մեջ՝ պետական կառավարման համակարգը պետք է արդյունքում կայացնի հավասարակշռված որոշումներ, որոնք տեղավորվում են իշխող ուժի ընդհանուր տեսլականի մեջ։ Այսինքն, կառավարությունը պետք է «թիմային խաղ խաղա», ոչ թե յուրաքանչյուրը տարվի անհատական խաղով և փորձի ինքը գոլ խփել և հիացնել երկրպագուներին։
Ընդ որում, այդ պայքարը պետք է ոչ այնքան տեսանելի լինի։ Մարդիկ կարող են կառավարական առանձնասենյակներում բանավիճել, վիճել, անգամ իրարից նեղանալ, սակայն կառավարությունը հանրությանը պետք է ներկայանա՝ որպես միասնական թիմ՝ յուրաքանչյուր հարցի նկատմամբ հստակեցված միասնական դիրքորոշմամբ։
Երբ ասում եմ՝ տնտեսական քաղաքականություն՝ որպես այդպիսին, չենք տեսնում, հենց սա նկատի ունեմ։ Այնպիսի տպավորություն է, որ յուրաքանչյուր նախարարություն ինքն իր մասով «բզբզում է»՝ նախկինների իներցիայով, մինչև ընտրություններ։ Օրինակ, Առողջապահության նախարարն ասում է, որ հայտնաբերված ու վերականգված գումարներով բուժաշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն 15%-ով։ Չեմ ասում, որ վատ է, սակայն որևէ մեկդ լսե՞լ եք, թե այդ հարցում ինչ դիրքորոշում ունի Ֆինանսների նախարարությունը։
Հակասություններն ի հայտ են գալիս հենց կառավարության նիստերի ընթացքում։ Օրինակ, կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում այնպիսի տպավորություն էր, որ կառավարության աջ ձեռքը չգիտեր, թե ինչ է անում ձախը։ Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ էր դրել պարտադիր բաղադրիչը հետաձգող փոփոխություն, մինչդեռ կառավարությունը, ի վերջո, որոշեց ուժի մեջ թողնել այն, ինչի պատճառով նախարարը հայտարարեց հրաժարականի մասին։ Կառավարության նիստի ժամանակ համակարգին դեմ արտահայտվեց նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը։
Կան նաև այլ «մանր» օրինակներ։ Օրինակ, կառավարության վերջին նիստում հաստատվեց ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ ինքն այդքան էլ լավատես չէ և չի կարծում, որ այդ ծրագիրն արդյունավետ կաշխատի։ Օրինակները տարբեր են, սակայն այսքանն էլ բավարար է։
Միակ բանը, որը միավորում է գրեթե բոլոր գերատեսչություններին ու պաշտոնյաներին՝ բացահայտումների ցանկությունն է։ Յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար իր առջև խնդիր է դրել բացահայտել իր կառույցի և իր համակարգման ոլորտում տեղի ունեցած ապօրինությունները։ Սա, իհարկե, լավ է։ Սակայն վատ է, որ որպես գործունեության հիմնական նպատակ՝ հենց դա է սկսել ընկալվել։
Սրա մասին մի քիչ ավելի մանրամասն խոսեմ։
Կառավարության հուլիսի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս: Վարչապետը նաև հատուկ շեշտեց, որ այս թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին, այս թիվը չի վերաբերում կոռուպցիոն երևույթներին, ապօրինի հարստացմանը: «Պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք մինչև վերջ և աննահանջ»,- ասաց վարչապետը (ավելացնենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երկու օր առաջ նշեց, որ այդ գումարից մոտ 2.5 մլրդ դրամն արդեն փաստացի մուտքագրվել է պետբյուջե, մնացածն ընթացքի մեջ է)։
Հիմա այս օրինակով ցույց տանք, թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ տնտեսական քաղաքականությունը հարցեր է առաջացնում։
Օրինականության հաստատումը լավ և անհրաժեշտ բան է։ ԱԱԾ-ն, ՊԵԿ-ն ու մյուս կառույցները բացահայտումների գործը շատ լավ են անում։ Սակայն այստեղ է, որ պիտի կառավարության ներսում բանավեճ սկսվեր՝ իսկ տնտեսության համար դա լա՞վ է։
Լավ, ասենք, ընկերությանը տուգանեցիր մի քանի հարյուր միլիոն դրամով՝ նախկին տարիների խախտումների համար։ Ասենք, ընկերությունն իր շրջանառու միջոցներից կամ վարկ վերցնելու հաշվին այդ մի քանի միլիոն դրամը փոխանցեց բյուջեին։ Իսկ երկարաժամկետ ու ավելի գլոբալ առումով՝ դա ի՞նչ օգուտ տվեց տնտեսությանը։ Փողն ընկերության հաշվից նստեց պետական գանձապետարանի հաշվին, և՞։ Սա միանգամյա էֆեկտ է, պետությունն այդ փողը ծախսելու է և վերջացնի։ Արդյո՞ք դրա օգուտը փոխհատուցում է այն վնասը, որը կրում է ընկերությունը՝ ընկնելով ֆինանսական վատ վիճակի մեջ։
Վարչապետն ասում է՝ մենք նպատակ չունենք, որպեսզի այդ (պատժված) ընկերությունները փակվեն։ Սակայն նրանք կարող են փակվել՝ անկախ նրանից, թե կառավարությունն ինչ նպատակ ուներ։ Օրինակ, սուպերմարկետների բացահայտումները (ա/ձ-ների միջոցով աշխատելու մասով) բերեցին նրան, որ տուժողի կարգավիճակում հայտնվեցին միս վաճառող անհատ գյուղացիները, որոնցից սուպերմարկետները հրաժարվում են միս գնել։
Կամ՝ եթե որոշված է, որ ինչ խախտում գտան՝ անկախ վաղեմության ժամկետից և գումարի մեծությունից, պետք է պետությանը պատճառված վնասը վերականգնվի։ Ու եթե, օրինակ, պարզվեց, որ մի քանի գերխոշոր ու համակարգաստեղծ ընկերություններ այնպիսի խախտումներ են թույլ տվել, որ գումարը վերադարձնելու դեպքում պարզապես կսնանկանան, ինչպե՞ս է վարվելու կառավարությունը։
Կամ՝ եթե օտարերկրյա X ընկերությունը պատրաստվում էր խոշոր ներդրումային ծրագիր իրականացնել Հայաստանում՝ հայաստանյան մի խոշոր ընկերության հետ համատեղ, որի անունը կապված է նախկին պաշտոնյաներից մեկի հետ, կշարունակե՞ն ծրագրերը, թե՞ առայժմ կսպասեն։
Հատուկ շեշտենք՝ ոչ ոք չի ասում, որ պետությունը չպետք է օրինականությունը վերականգնի։ Ասելիքն այն է, որ այս հարցերը պետք է հնչեն։ Պետք է հասկանալ՝ մինչև ո՞ր թվականի խախտումներն են թիրախում, որքա՞ն խիստ է գտնվելու կառավարությունը, ներելո՞ւ է պետությանը պատճառված վնասի մի մասը, թե՞ ոչ, ողջամիտ ժամանակ տալո՞ւ է ընկերություններին՝ վնասը վերականգնելու համար, թե՞ ոչ։
Ընդ որում, ոչ միայն պետք է այս հարցերի պատասխանները հասկանալ, այլև այդ ամենը ներկայացնել ներսի ու դրսի գործարար շրջանակներին, որպեսզի նրանց համար իրենց ապագան անորոշ չլինի։
Իսկ այս պահին հատկապես խոշոր գործարարների գլխին դամոկլյան սրի պես կախված է պատժվելու վտանգը։ Ինչո՞ւ։ Որովհետև (ինչպես նախկինում նշում էին այսօրվա պաշտոնյաները) կոռուպցիան ու հովանավորչությունը համատարած էր, չափազանց դժվար էր խոշոր բիզնես անել՝ առանց խաղի կանոններին ենթարկվելու։ Ըստ այդմ, հայաստանյան խոշոր ընկերություններից շատ քչերն են, որոնք վերջին տարիներին որևէ խախտում չեն արել։
Այս ամենը բացասաբար է անդրադառնում գործարար շրջանակների ակտիվության վրա, շատերը հետաձգում են նախագծերը կամ ընդհանրապես չեղարկում։ Դրսի ներդրողները նույնպես ավելի զգուշավոր են դառնում և սպասում, մինչև «ջրերը զուլալվեն»։
Խոսքը հարցերի այս ամբողջ կոմպլեքսի մասին է։ Տնտեսական քաղաքականությունն էլ այն է, երբ դիտարկվում են ցանկացած քայլի ու որոշման բոլոր կողմերը՝ դրական ու բացասական։ Մասնավոր ընկերություններում ստվերի դեմ չափից դուրս կոշտ պայքարն էլ դրական ու բացասական կողմեր ունի։ Պետք չէ կենտրոնանալ միայն դրականի վրա ու մասնավոր ընկերություններում կատարված ամեն բացահայտում ընկալել միայն դրական կողմից։
Ի դեպ, ամենևին կասկած չունեմ, որ կառավարությունում կան մարդիկ, որոնք գիտակցում են բացասական հետևանքները։ Սակայն կամ թերագնահատում են, կամ մտածում են, որ այժմ դեռ կոշտ ուժ ցույց տալու ժամանակն է։ Սակայն սա վտանգավոր է, որովհետև մասնավոր հատվածն արդեն ակնհայտ անհանգստության նշաններ է ցույց տալիս։