«Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է». Վարչապետը գաղտնիք հրապարակեց
«Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է, և կախարդական փայտիկն իր գործն անում է ու կանի։ Սրանում կարող եք չկասկածել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ իր «կախարդական փայտիկը» չի անցել ՊԵԿ-ի կողքով, և ՊԵԿ-ում սկանդալային կոռուպցիոն նշանակումներ են արվում։
Ըստ նրա՝ Հայաստանում քաղաքական հեղափոխությունն ավարտվելու է կադրային հեղափոխությամբ, սակայն կադրային հեղափոխություն չի նշանակում, որ գերանդին վերցնելու են և հնձեն բոլորին.
«Հայաստանում դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք նեգատիվ կարծիքներ չեն առաջացնի: Ինչ վերաբերում է ՊԵԿ նշանակումներին, կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ, և քաղաքականությունը, այդ թվում՝ միջին օղակների քաղաքականությունը, վարում է ՊԵԿ նախագահը: Ես չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետևից գնալ, բայց նաև չեմ պատրաստվում անարձագանք թողնել այն անհանգստությունները, որոնք մարդիկ ունենում են: Ես այս թեմայով ՊԵԿ նախագահի հետ մի քանի խոսակցություն եմ ունեցել: Հույս ունեմ, որ այդ խոսակցությունը կբերի կոնկրետ արդյունքներ, եթե չի բերի այդ արդյունքները, ապա կհասնի իմ արձագանքելու ժամանակը»:
Ն.Փաշինյանի խոսքով՝ կարող են սխալվել կադրային նշանակումների հարցում, բայց ոչ ոք չի խանգարում այդ սխալն ուղղել։
Նա նշեց, որ Հայստանում մասնագետների պակասի խնդիր կա՝ զոդող վարպետի, խառատի և այլ, և բացահայտեց մի գաղտնիք.
«Կարող են լինել նշանակումներ, որոնք արվեն գիտակցաբար՝ որոշակի ինստիտուցիոնալ հիշողություն մի տեղից այլ տեղ բեռնելու նպատակով։ Կա ինֆորմացիա, որ միայն այդ մարդն է տիրապետում, ու եթե իրեն ազատենք գործից, վաղը պետք է պայմանագիր կնքենք, որ գա աշխատի մեզ համար, որովհետև իր տիրապետած ինֆորմացիան որևէ տեղ չկա, և դա պետք է փաստաթղթավորվի, որ հաջորդ կադրերը կարողանան աշխատել»։
Մանրամասները՝ տեսանյութում