«Արևմուտքում ոչ ոք այդ այլընտրանքային էներգետիկ ուղին չի զոհաբերի միայն նրա համար, որ Արցախի հիմնահարցը լուծվի Հայաստանի օգտին». Սերգեյ Մարկեդոնով
«Շատ է քննարկվում Հայաստանի՝ արևմտյան կողմնորոշման կամ ՆԱՏՕ-ի թեզը, ՆԱՏՕ-ի այլընտրանքի թեման Հայաստանի համար փակված է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նա ոչ միայն Հայաստանի հետ պատմական ոչ հարթ հարաբերություններ ունի, այլև Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է»,- այսօր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը։
Նա ընդգծեց, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ միայն երկու երկիր պրոադրբեջանական դիրքորոշում որդեգրեց՝ Թուրքիան և Ուկրաինան. «Եթե Ուկրաինայի դիրքորոշումը պայմանավորված էր ՌԴ-ի դիրքորոշումով, օրինակ՝ եթե Ռուսաստանն ասի, որ հիմա հուլիս ամիսն է, ապա Ուկրաինան կասի՝ սեպտեմբերն է, ապա Թուրքիայի դեպքում հարցն այլ է։ Այս իրավիճակում Հայաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին փակ է, և այս իրավիճակում գալիս է Ռուսաստանի գործոնը, որը հետաքրքրությունների համար է։ Եթե հետաքրքրությունները համընկնում են, ապա կլինի համագործակցություն։ Համագործակցությունը չի ենթադրում տեսակետների տոտալ համընկնում՝ բոլոր հարցերում»։
Մարկեդոնովը նկատեց՝ հաճախ է խոսվում այն մասին, թե Հայաստանին ինչ է պետք Ռուսաստանից, բայց թե Ռուսաստանին ինչ է պետք Հայաստանից, այդ մասին քիչ է խոսվում. «Ռուսաստանը նույնպես կովկասյան երկիր է, իր հետաքրքրություններն ունի այս տարածաշրջանում, որը նաև կապող օղակ է Մերձավոր Արևելքի հետ։ Ռուս-վրացական հարաբերությունները չկարգավորվեցին, նրա հետ լուրջ խնդիրներ ունեցանք։ Ադրբեջանը դիրքավորվում էր՝ շատ հարցերում հեռանալով Ռուսաստանից, և դիրքավորում էր իրեն՝ որպես երկիր, որը փորձում է լինել էներգետիկ գերտերություն, ինչը չէր համընկնում Ռուսաստանի հետաքրքրությունների հետ։ Հետևաբար՝ Հայաստանը Ռուսաստանի համար շատ կարևոր է, և թույլ է տալիս Ռուսաստանին՝ ձեռքը պահել Հարավային Կովկասի տարածաշրջանային կյանքի զարկերակի վրա։ Եվ երբ ռուս գործընկերներս ասում են՝ Ադրբեջանն ավելի հարուստ է, կարելի է նրա հետ համագործակցել, գուցե դա հետաքրքիր կոնցեպտ է, բայց եթե գիտակցական մակարդակով ենք նայում, դա հնարավոր չէ։ Էներգետիկ առումով Ադրբեջանն արդեն Արևմուտքի մաս է, բայց քաղաքական առումով՝ ոչ, այնտեղ ընդհանրապես ժողովրդավարություն չկա»։
Մարկեդոնովի խոսքով՝ Արևմուտքում ոչ ոք այդ այլընտրանքային էներգետիկ ուղին չի զոհաբերի միայն նրա համար, որ Արցախի հիմնահարցը լուծվի Հայաստանի օգտին.
«Դա նույնպես պետք է հասկանալ, այդ զոհաբերությունը չեն անի, և դա բնականորեն կապում է մեզ։ Դա նշանակո՞ւմ է, որ մենք նույն դիքորոշումն ունենք բոլոր հարցերում, իհա՛րկե ոչ։ Գյումրիի վերջին միջադեպի մասով հարցում անցկացրեց Ռուսաստանում, և 0.10 տոկոս կամ մի փոքր ավելի կգտնեք, որոնք կասեն, թե այնտեղ ինչ-որ բան է եղել, իսկ Հայաստանում երևի 100 տոկոսը կխոսի այդ մասին։ Իրավիճակների ընկալումը տարբեր է։ Դուգինը հայկական և ուկրաինական էպոսի հերոս է, որն իբր նստում է Կրեմլում և ամեն ինչ հուշում Պուտինին, իսկ Ռուսաստանում նրան, մեղմ ասած՝ որպես փորձագետ են ընկալում։ Իսկ ինչպե՞ս ընկալես մի մարդու, որն ասում է, թե կան լուսնային և արևային Պուտիններ։
Բայց այստեղ նա էպոսի հերոս է, որը, եթե գալիս ու ինչ-որ բան է ասում, մտածում են, թե Պուտինն է դա ասել։ Կամ՝ Միխայիլ Լեոնտևը, եթե ինչ-որ բան է ասում, դա ընկալվում է՝ որպես Ռուսաստանի հայտարարություն։ Ես գործընկերներիս հարց եմ տվել, որ, երբ ինչ-որ հարցի մասին խոսում եմ, ինչո՞ւ դա Ռուսաստանի դիրքորոշումը չէ, իսկ Լեոնտևի դիրքորոշումը Ռուսաստանի՞նն է։ Հայաստանում Ռուսաստանի մասին խոսում են՝ որպես արտաքին գործոնի, բայց Ռուսաստանի ներքաղաքական կյանքի մասին չեն խոսում, այստեղից էլ ի հայտ են գալիս Դուգինն ու Լեոնտևը՝ որպես ազգային էպոսի հերոսներ»։
Մարկեդոնովն ընդգծեց՝ երբ Պուտինն է խոսում «թավշյա հեղափոխության» մասին, ապա դա Ռուսաստանի դիրքորոշումն է, իսկ երբ Դուգինն է խոսում, դա նրա դիրքորոշումն է.
«Պետք է հասկանալ դա։ Մի՞թե Պուտինը երբևէ ասել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը դավաճանություն է, որտե՞ղ է նա նման բան ասել, նման բան չի ասել։ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի գործողություններին՝ Կոսովոյում և Աֆղանստանում, ո՞վ է ասել, որ դա դավաճանություն է։ Ռուսաստանն ինքն է մասնակցել ՆԱՏՕ-ի ծրագրերին։ Հայացքները, իհարկե, տարբեր են։ Հայաստանում այլ կերպ են նայում Ռուսաստանի հարաբերություններին Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք Ռուսաստանի համար կարևոր են, Ռուսաստանում տարբեր կերպ են նայում, թե ինչպես է Հայաստանը վերաբերվում Վրաստանին, հատկապես՝ Սահակաշվիլիի ժամանակ, բայց դա չի բերել այդ հարաբերությունների դրամատիկ քայքայման»։
Նրա դիտարկմամբ՝ հիմա Հայաստանում քաոտիկ վիճակ է, ռիսկերը շատ են. «Մարդիկ գրում են, թե Ռուսաստանը նախանձում է Հայաստանի «թավշյա հեղափոխության» հաջողությանը, բայց դեռ պետք է հասնել այդ հաջողությանը, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Հայաստանում գրում են, թե իշխանություն է փոխվել, բայց ո՞ւր է, թե փոխվել է, եթե կառավարությունը ժամանակավոր է, դեռ ընտրություններ պետք է լինեն։ Այս ամենն իշխանափոխություն չէ, այլ իշխանափոխության գործընթաց, որը դեռ ընթացքի մեջ է, և որից կարող են օգտվել և՛ հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդները, և՛ հարևանները։
Ռուսաստանը հետաքրքրված է իրավիճակի, այսպես ասած՝ ապաքաոսացմամբ։ Այստեղ Ռուսաստանի դերը մեծանում է, նաև Հայաստանի համար։ Նախիջևանի շուրջ իրավիճակը հենց այնպես չի հայտնվել, նրանք ստուգում են, թե Հայաստանն այս պահին որքանով է պատրաստ, իսկ դա արդեն, կներեք, Ղարաբաղը չէ, այլ հենց Հայաստանի սահման է, որը Ռուսաստանի ակտիվությունն է պահանջում։ Ռուսաստանն ընկալվում է՝ որպես անվտանգության գործոն, բայց նաև կարելի է նրան ընկալել՝ որպես բարձր մշակույթի, գիտության արտահանող, այլապես այդ տեղը կզբաղեցնեն ուրիշները»։