«Թրամփ-Պուտին հանդիպումը չի ունենա որևէ հետևանք ԼՂ հակամարտության վրա». Գոբլ
«Նման հանդիպումների ընթացքում ուղղակիորեն կարող է շրջանցվել ԼՂ հակամարտությունը, իսկ անուղղակիորեն` ոչ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով հուլիսի 16-ին Հելսինկիում Թրամփ-Պուտին բանակցություններին:
Փոլ Գոբլի խոսքով, անկախ Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքներից, որոնք հիասթափեցնող էին շատերի համար ԱՄՆ-ում, ԱՄՆ նախագահը ցանկացավ աշխարհին ցույց տալ, որ բանակցային գործն իր մոտ լավ է ստացվում, և նա կարողանում է գերազանցել իր նախորդներին, հանդիպելով և խնդիրները քննարկելով իր հակառակորդների հետ: Սակայն, ըստ Գոբլի, Թրամփի կանխատեսումներն իրականացան ավելի մեծ ծավալով, այդ հանդիպումից հետո նրա «գլխին քննադատությունների տեղատարափ եղավ» նույնիսկ իր կուսակիցների կողմից, այնինչ նա ակնկալում էր քննադատություն ԶԼՄ-ների և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից:
«Բնականաբար, որևէ մեկը չէր կարող մեծ սպասումներ ունենալ այս հանդիպումից: Սակայն, ի զարմանս բոլորի, այն հայտարարությունները, որոնցով բանակցություններից հետո հանդես եկան նախագահները, տպավորիչ էր, նրանք անդրադարձան բոլոր կնճռոտ թեմաներին` ընտրություններին միջամտություն, Սիրիա, Ուկրաինա, սակայն հարցուպատասխանն ավելի քան հիասթափեցնող էր, քանի որ տապալեց այն ողջ բովանդակությունը, որը հնչեց ասուլիսի առաջին հատվածում և որը կարող էր որոշակի լրջություն հաղորդել այս հանդիպմանը:
Սակայն որոշ հարցերի թե Թրամփի, թե Պուտինի պատասխանները և նրանց արծարծած թեմաներն ապշեցնող էին, մասնավորապես՝ Թրամփի կողմից ԱՄՆ ներքաղաքական հարցերի քննարկումը, խոստովանությունը ՌԴ նախագահին, թե վստահում է, հստակ հասկանալով, որ այս ամենն էլ ավելի լուրջ հարված կարող է հասցնել ռուս-ամերիկյան հարաբերություններին, քանի որ ներքին ճնշումը մեծանալու է իր վրա, որը, բնականաբար, թույլ չի տալու շարունակել իր հելսինկյան ոճը:
Հնչեցին զարմանալի մեկնաբանություններ նաև Պուտինի կողմից՝ անլրջացնելով այս սպասված հանդիպումը և անհնար դարձնելով ռուս-ամերիկյան կարգավորման իրատեսական հեռանկարները: Ամերիկյան փորձագիտական հանրությունը խորապես հիասթափված է, ոմանք նշում են, որ Պուտինն այս հանդիպումից հեռացավ՝ որպես հաղթող, իսկ Թրամփը` հակառակը, թեև ներկայումս ՌԴ-ին ավելի շատ է անհրաժեշտ հարաբերությունների կարգավորում Միացյալ Նահանգների հետ, ՌԴ-ին անհրաժեշտ չէ առճակատում Միացյալ Նահանգների հետ:
Սակայն հարկ է հասկանալ նաև, որ ի սկզբանե պարզ էր, որ մեծ արդյունք չէր կարող լինել, քանի որ նախագահները պատրաստ չէին լուրջ զիջումների, նրանց հռետորաբանությունը դա էր ցույց տալիս: Ըստ իս, սա կորսված հնարավորություն էր Միացյալ Նահանգների համար, կարող էին հզոր ուղերձներ հնչել, որոնք կունենային ազդեցություն՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի դերը և կարևորությունը Ռուսաստանի համար այս պահին, սակայն նման ուղերձներ չհնչեցին, որը գուցե ավելի մեծ վնաս հասցնի երկկողմ հարաբերություններին»,- ասաց Գոբլը:
Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ ԼՂ հակամարտության հարցը քննարկված լինի նախագահների գագաթաժողովի ընթացքում, Փոլ Գոբլը պատասխանեց, որ միանշանակ նախագահները շեշտադրումը կատարել են այն հարցերի վրա, որոնք արտացոլվեցին իրենց` լրատվամիջոցների համար արված հայտարարության մեջ: «Բնականաբար, նման հանդիպումների ընթացքում ուղղակիորեն կարող է շրջանցվել ԼՂ հակամարտությունը, իսկ անուղղակիորեն` ոչ, քանի որ հակամարտությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, կարծում եմ` նաև միջնորդների շահերին:
Սակայն, ինչ վերաբերում է արդյունքին, ապա կարծում եմ` այս հանդիպումը չի կարող որևէ շոշափելի անդրադարձ ունենալ ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա, քանի որ հակամարտությունը գոնե հրապարակային չի քննարկվել, մեսիջներ չեն ուղարկվել հակամարտող երկրների իշխանություններին, և այլն, և այլն: Իմ համոզմամբ, փոփոխություն հարկ չի լինի ակնկալել այս հանդիպումից, թեև գտնում եմ, որ ուժեղ մեսիջներ պետք է ուղարկվեն կողմերին՝ չեզոքացնելու համար պատերազմի մոտեցող վտանգը»,- ասաց Գոբլը: