«Ինչո՞ւ այդ գործնական քայլերը դեռ չկան ԵՄ-ից»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բելգիա կատարած այցն արդյունավետ էր և առանձնանում էր կարևոր շեշտադրումներով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ Գրետա Ավետիսյանը նշեց, որ այս այցը նախ կարևոր էր հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մի շարք հստակեցումներով:

«Պարզ է, որ իշխանափոխությունից հետո մի շարք եվրոպական պաշտոնյաների մոտ հարցեր ծագած կլինեին երկրում տիրող իրավիճակի մասին, և այս այցը կարևոր էր այդ հարցերին անդրադառնալու տեսանկյունից: Նաև կարևոր էր ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգը պարզաբանելու, առաջնահերթություններն ընդգծելու համատեքստում»,-ասաց Գրետա Ավետիսյանը:

Վարչապետի Բելգիա կատարած այցից քաղաքագետն առանձնացրեց Մոգերինիի, Տուսկի, Յունկերի հետ հանդիպումները, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններին, կարևորվեց, որ այդ փոխգործակցությունը պետք է ավելի ամրապնդվի և խորացվի:

«Կարող ենք փաստել, որ այդ գործիքակազմը մենք արդեն իսկ ունենք, այն ամրագրվում է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրով և դրա լիարժեք կիրարկումից հետո արդեն մենք կկարողանանք իսկապես խոսել ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման, ընդլայնման մասին»,- ասաց Գրետա Ավետիսյանը:

Այս համատեքստում նա առանձնացրեց վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում իրականացվող գործընթացների հետ կապված ԵՄ-ից դրական ազդակներ են գալիս, սակայն դրանք դեռ հայտարարությունների մակարդակով են, ակնկալվում են գործնական քայլեր:

«Ինչո՞ւ այդ գործնական քայլերը դեռ չկան: Դա կապված չէ այն հանգամանքի հետ, որ ԵՄ-ն չի ուզում, կամ ինչ-որ խոչընդոտներ կան, պարզապես այնտեղ կան որոշ բյուրոկրատական գործընթացներ, որևէ որոշում կայացնելուց առաջ բավական շատ փուլերով է անցնում»,-ասաց նա:

Գրետա Ավետիսյանն անդրադարձավ նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին: Նա նշեց, որ Բրյուսելում տեղի ունեցավ Ադրբեջան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի նախաստորագրումը, որի հետ կապված տեղի ունեցան հետաքրքիր զարգացումներ: Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե իբր «փաստաթղթում ԵՄ-ն աջակցություն է հայտնում տարածքային ամբողջականությանը»:

«Փաստաթուղթը դեռ հրապարակված չէ, հետևաբար հստակ չենք կարող ասել այդպես է, թե ոչ, սակայն եթե հիմք ընդունենք ԵՄ-ի մամուլի հաղորդագրությունը, ապա այդտեղ որևէ անդրադարձ չկա տարածքային ամբողջականության մասին, միայն նշվում է այն 4 գերակայությունը, որի ուղղությամբ պետք է ընթանա համագործակցությունը»,-ասաց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս