«Կան անձինք, որ իրավունք չունեն դիտորդ լինել». Կառավարությունում քննարկվում են ԸՕ-ի փոփոխությունները

«Մենք խնդիր ունենք վերահսկելու, թե ովքեր են դիտորդ դառնում, որովհետև, այնուամենայնիվ, կան անձինք, որ իրավունք չունեն դիտորդ լինել, օրինակ՝ թեկնածուն»,- այսօր կառավարությունում քաղհասարակության ներկայացուցիչների հետ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետին կից ԸՕ փոփոխությունների հարցով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Ըստ նրա՝ կարելի է գնալ միջանկյալ լուծման, որ կազմակերպությունը ԿԸՀ ներկայացնի դիտորդների ցուցակ, որը կարող է փոփոխել մինչև ընտրություններից առաջ 10-րդ օրը։ Կեղծ դիտորդների հետ կապված ամենամեծ խնդիրը, Դ.Իոաննիսյանի խոսքով, այն է, որ նրա կեղծ լինելն ինչ-որ առումով փաստարկված է դառնում ընտրությունների նախորդ օրը կամ դրանից հետո որոշակի ժամանակահատվածում, որ զեկույց չի ներկայացնում, և այս դեպքում նախորդ ընտրություններով դատել չի լինի, իսկ որևէ դիտորդի փոխկապակցվածությունը որևէ կազմակերպության հետ սուբյեկտիվ գնահատման հարց է։

«Նախորդ ընտրություններում մենք ունեցել ենք 28 հազար հավատարմագրված դիտորդ, որոնցից հաստատ 5000-ից քիչն էր, որ իրապես դիտորդ էր և իրապես դիտորդություն էր իրականացնում, իսկ շուրջ 20 հազար մարդ, ես վստահ եմ, որ դիտորդի անվան տակ ուղղակի տեղամասում վստահված անձ էր, ինչը խնդրահարույց է, որովհետև ամեն դեպքում ԸՕ-ն ենթադրում է, որ կուսակցության ներկայացուցիչները մեկ ընտրատեղամասում պետք է սահմանափակված լինեն։ Այնինչ, դիտորդական առաքելության քողի տակ բազմաթիվ կուսակցություններ շրջանցում էին այդ արգելքը»,- ասաց Դ.Իոաննիսյանը։

«Blockchain» ընկերության հայաստանյան ասոցիացիայի ներկայացուցիչ Աշոտ Խուդգարյանը նշեց, որ իրենք հնարավոր լուծումներ են առաջարկում բարձր տեխնոլոգիաների միջոցով. «Կան շատ պարզ լուծումներ՝ մարդկանց գրանցում անել նախօրոք, նրանց տրամադրել ունիկալ QR կոդ, որը կարող է սկանավորել ցանկացած մարդուն, այն տպել բեյջի վրա և մի սկանով իմանալ՝ ով է, որտեղ է գրանցված, տեսնել նկարը, և այլն։ Դրա վրա շատ ռեսուրս և ժամանակ չի ծախսվի»։

Դ.Իոաննիսյանի դիտարկմանը, որ ժամկետները սուղ են լինելու, Խուդգարյանը պատասխանեց, որ ժամկետների հստակության դեպքում իրենք կարող են կոնկրետ ժամկետներում տեխնիկական լուծումներ տալ։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանն առաջարկեց դիտորդների վարքագծի ամբողջ պատասխանատվությունը ԿԸՀ-ից վերցնել և դնել հավատարմագրող կազմակերպությունների վրա, որոնք իրենք կհավատարմագրվեն և կստանան որոշակի քանակությամբ բեյջեր, և սահմանել որոշակի պատասխանատվություն։ Նրա խոսքով՝ նաև դիտորդների համար պետք է պարտավորություն սահմանել զեկույցներ ներկայացնելը։

Դ.Իոաննիսյանը նշեց, որ, եթե ամրագրում են հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն, ապա դրա չներկայացման դեպքում պատասծանատվություն պետք է լինի, նաև զեկույցի համար չափանիշեր պետք է սահմանվեն, որ 1-2 նախադասությամբ զեկույցներ չլինեն։

Դ.Իոաննիսյանը հայտնեց, որ ընտրություններում տեղամասային հանձնաժողովներում դիտորդների և լրագրողների թվի սահմանափակում չի լինելու: Դ.Իոաննիսյանի խոսքով՝ դիտորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընտրատեղամասից հեռացնելու ինստիտուտը դեռևս պահպանվում է, բայց փոփոխություններ կլինեն, քանի որ նախկինում բավականին անհստակություններ կային: Նա օրինակ բերեց, որ ԿԸՀ-ն սահմանել էր դիտորդի հեռացման համար կազմել գրավոր իրավական ակտ. «Այժմ այդ և մնացյալ բոլոր հարցերն ամրագրվելու են օրենսգրքով, որպեսզի նաև բողոքարկելու հնարավորություն լինի»:

Հանձնաժողովի քարտուղարը տեղեկացրեց, որ նախատեսվում է նաև կրճատել հավատարմագրման ժամկետները՝ գործող 15 օրվա փոխարեն՝ մինչև 10-12 օր:

Տեսանյութեր

Լրահոս