«Նկարելը «տառապանք» է. նկարելու ընթացքում ժխտում ես ինքդ քեզ, հետո հաշտվում, կռվում քեզ հետ, սիրում ու հասկանում քեզ»
Քրիստոնեության և ամենատարբեր արվեստների միջև եղած աղերսների որոնման ճանապարհին մեր հաջորդ հանգրվանը ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) հյուրընկալ արվեստանոցն է: Սիրված ու ճանաչված հայ վարպետի օգնությամբ փորձել ենք բացահայտել նկարչության նրբությունները և քրիստոնեության հետ հատման կետերը:
– Ինչո՞վ է գրավիչ նկարչությունը:
-Նկարչությունը զգացմունքների արվեստ է: Նրանք, ովքեր ստեղծագործելիս հարազատ են մնում իրենց ներքին ձայնին, մնում են նկարչության պատմության մեջ: Եթե քո նկարների մեջ չկան հոգևոր-զգայական շերտեր, չես կարող ստեղծել արվեստի մնայուն գործեր, որոնք կբավարարեն քեզնից հետո եկող սերունդներին: Նկարելիս դու Աստծո միջնորդն ես, որովհետև հոգևորը Բարձրյալից է գալիս և քեզնից փոխանցվում կտավին: Դու դառնում ես այդ անբացատրելի զգայական շերտերի արտացոլողը:
-Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:
-Ներշնչանքս իմ երկիրն է, ժողովուրդը, գեղեցիկը տեսնելն ու սիրահարվելը: Ստեղծագործելիս ես իմ առջև միշտ խնդիրներ եմ դնում և փորձում լուծել դրանք: Խնդիրների հաղթահարման ճանապարհին է, որ բացահայտում ես ինքդ քեզ, դժվարություններով հասնում լույսին, որն էլ մատուցում ես մարդկանց:
Ինձ համար շատ կարևոր է հոգևոր թեման, հավատքը Աստծո, ընտանիքի, սիրո հանդեպ: Առանց սիրո դժվար է ապրել: Սեր՝ հայրենիքի, գեղեցիկի, մարդու, հենց քո գործի, պոեզիայի, երաժշտության հանդեպ:
– Ձեզ հաջողվում է կտավին փոխանցել Ձեր բոլոր զգացողությունները:
– Նկարելը «տառապանք» է. նկարելու ընթացքում ժխտում ես ինքդ քեզ, հետո հաշտվում, կռվում քեզ հետ, սիրում ու հասկանում քեզ: Այդ ամենից հետո արդեն հանրությանն ես պարգևում սիրուց ու տառապանքից կամ տառապալից սիրուց աշխարհ եկած ասելիքդ, որ հիմա էլ ուրիշները ժխտեն ու ընդունեն, կռվեն, սիրեն ու հասկանան քեզ:
Նկարելուց հետո պիտի ունենաս բավարարվածության զգացում, եթե չկա, ուրեմն չես կարողացել զգացողություններդ լիարժեք արտահայտել: Այդ բավարարվածության բացակայությունն է, որ քեզ դրդում է անընդհատ աշխատել և որոնել, որպեսզի ստացված նկարի վերջնական տեսքը գոհացնի քեզ: Կարևոր է նաև, թե նկարը սկսելուց ի՞նչ խնդիր ես դրել քո առջև՝ երաժշտության պատկերման, չարի և բարու պայքարի արտացոլման, թե՞ վենետիկյան կամ Գյումրվա շարք անելու: Օրինակ՝ ես հաճախ եմ պատկերում հայելիների մեջ արտացոլվող չորացած ծաղիկներ: Ինչու՞ չորացած, որովհետև դրանք արդեն վերջնական տեսք ունեն:
-Ի՞նչ գույներով եք խոսում մարդկային հոգիների հետ:
-Գույների հարաբերակցությունը տարիների և տարիքի հետ փոփոխվում է: Եթե նկարիչը անկեղծ է ինքն իր հետ, ապա նրա ներկապնակում գերակշռում է կապույտ գույնը: Կապույտը երազների, հույզերի և զգացմունքների, երիտասարդության, առաջին սիրո գույնն է: Տարիքի հետ մարդը հասունանում է, և նրա արվեստում տեղ են գրավում կապտականաչը, կանաչադեղնավունը, ապա՝ ծիրանագույնը:
-Ե՞րբ եք առաջին անգամ «հանդիպել» Աստծուն:
– Աստծո ներկայությունը իմ կյանքում ես զգացել եմ վաղ մանկությունից: Առաջինը մայրս է ինձ եկեղեցի ուղեկցել: Ես երբեք կույր հավատացյալ չեմ եղել, բայց չեմ մոռանա՝ ինչպես տարիներ առաջ Գյումրու Սբ. Յոթ Վերք եկեղեցում մի անծանոթ կին մոտեցավ և ասաց, որ երազում տեսել է ինձ Գրիգոր Նարեկացի նկարելիս և հիմա ցանկանում է պատվիրել, որ նկարեմ՝ եկեղեցու համար: Հետագայում այդ նկարը երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի օրհնությամբ իր տեղը գտավ Սբ. Յոթ Վերք եկեղեցում և մինչև հիմա էլ կախված է այնտեղ: Ես շատ սրբապատկերներ եմ նկարել նաև Երուսաղեմի հայկական եկեղեցիների համար: Կտավին հոգի տալու և հոգևոր միջավայր ստեղծելու համար ինձ շատ են օգնել հոգևոր թեմաներով գրքերը: Նկարելիս ես զգում եմ, որ Աստված վերևից մի անբացատրելի ուժ է ուղարկում, լույս, որ իմ միջով հասնում է կտավին: Դա հոգևոր զգայական, անբացատրելի վիճակ է: Վերևից ճառագայթվող աստվածային լույսը ինձ երբևէ չի դադարել զարմացնել:
-Ի՞նչ ճշմարտություններ եք բացահայտել Ձեր արվեստանոցում:
-Ես ամեն օր փորձում եմ բացահայտել ինձ, լսել հոգուս ձայնը, հասկանալ՝ Աստված ի վերուստ ինձ ի՞նչ է տվել և ինչքա՞ն, որից հետո արդեն փորձում եմ հասկացածս վերարտադրել ու պատկերել իմ նկարներում՝ հավատարիմ մնալով Տիրոջ տվածին: Ես արարում եմ Աստծո տված շնորհով, և դա իրական երջանկություն է: Մարդը պիտի ունենա կյանքի իր հեքիաթը ու ապրի դրա մեջ…
Այս 70 տարիների ընթացքում միայն 800-ից ավելի նկարներ ունեմ Հայաստանից դուրս, այսինքն՝ 800-ից ավելի բարեկամներ աշխարհում: Եվ այն մարդը, ում տանը կա իմ նկարը, ամեն օր հաղորդակցվում է հոգուս և էությանս, քանի որ իմ բոլոր կտավները մտորումներիս մի մասնիկն են:
-Ավանդույթ ունեք՝ ամեն տարի Ձեր ծննդյան օրը ցուցահանդես կազմակերպել:
-Ամեն տարի ծննդյանս օրը ես հասարակությանը ներկայացնում եմ իմ արվեստը, նրանցից ստանում նոր մտքեր և ներշնչանք՝ ստեղծագործական ուղիս շարունակելու համար:
Ցուցահանդեսն օգնում է նաև հասկանալ, թե կտավներդ որքանո՞վ են մարդկանց ներաշխարհում ինչ-որ բան փոխում: Դրա համար ցանկացած լավ արվեստագետ չպիտի մտածի, թե հասարակությունն ի՞նչ պահանջներ ունի, այլ ինքը պետք է մարդկանց մոտեցնի ճշմարիտ արվեստին: Ստեղծագործելուց հետո ես միշտ մտածում եմ, թե Աստծո տվածն ինչքանով եմ կարողացել իրականություն դարձնել, ծառայեցնել մարդկանց: Այդ դեպքում ապրածդ կյանքը, լուծածդ խնդիրները դառնում են չգիտակցված հաշվետվություն:
-Ո՞րն է Ձեր ամուր ընտանիքի գաղտնիքը:
-Ամուր ընտանիք ունենալու համար շատ կարևոր են ճիշտ ընտանեկան փոխհարաբերությունները: Հիսուն տարվա ընթացքում կինս, որ իմ կտավների առաջին գնահատողն է, միշտ կողքիս է եղել: Դուստրս, ով նույնպես նկարիչ է, իմ ստեղծագործությունների գլուխգործոցն է՝ իր ուրույն ընկալումներով ու ապրումներով: Գեղեցիկի հանդեպ մոտեցումը միշտ պետք է արթուն լինի ընտանիքում, չպետք է կորցնես պայքարելու կարողությունդ, մշտապես հետաքրքրված լինես կյանքով: Իսկ եթե ունես սիրելու ունակություն, ապա միշտ ամուր ընտանիք կունենաս:
-Ձեր մաղթանքը մեր ընթերցողին:
-Կցանկանամ, որ մեր մշակութային ազգը միշտ կարողանա պահպանել և աշխարհին մատուցել այն ժառանգությունը, որ ստացել է նախնիներից: Մարդիկ պիտի փորձեն մշակույթին մոտ լինել, որովհետև այդպես ունենում են լուսավոր և արթուն հոգևոր ներաշխարհ և բազում անբացատրելի առավելություններ, որոնք կյանքը դարձնում են լիարժեք:
Պատրաստեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ