«Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին». Ֆեդերիկա Մոգերինին՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը: Այս համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ խորհրդատվական ու ֆինանսական աջակցությունը՝ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհին:
Խոսելով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել:
Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ժողովրդավարական փոփոխությունները և կարևորել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգումը: «Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,- ասել է Մոգերինին:
Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին ամփոփ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի, շարունակում է մնալ Եվրոպական միության առաջնահերթություններից մեկը: