Բաժիններ՝

«Ալաշկերտ»-«Սելթիկ». Խաղից առաջ

Այսօր Երևանում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Սելթիկ» հանդիպումը:

Հայաստանի չեմպիոնն ուժերը փորձելու է Եվրոպայում բավականին հայտնի և ճանաչված «Սելթիկի» հետ:

Ի՞նչ կկարողանա համադրել շոտլանդական թիմի վստահ ֆուտբոլին Հայաստանի չեմպիոնը:

«Ալաշկերտ»

Կարդացեք նաև

«Ալաշկերտի» ներկայացուցիչները նշում են, որ մրցակիցը շատ ուժեղ է, սակայն իրենք չեն վախենում և պատրաստ են խաղին:

Ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը նշում է, որ բոլորիս սպասում է շատ հետաքրքիր խաղ:

«Բոլորս էլ ծանոթ ենք ու գիտենք, թե ինչ պատմություն ունի «Սելթիկը»: Մի կողմից՝ շատ ուրախալի է, որ շատ հզոր մրցակից ունենք, իսկ մյուս կողմից էլ՝ գիտենք, որ  բարդ է: Չեմ ասում՝ հանձնվում ենք, բայց ամեն ինչ անելու ենք գեղեցիկ և հետաքրքիր խաղ ցուցադրելու համար:

Թիմում ունենք նորեկներ,  որոնցից 4-ը լինելու են կազմում: Մեր հիմնական հույսը լինելու են մեր տղաները, հավաքականում խաղացող ֆուտբոլիստները: Բոլորի հետ մեծ հույսեր ենք կապում»:

Երևանան թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ևս նշում է, որ իրենք լավ ուսումնասիրել են մրցակցին, գիտեն նրա ուժեղ և թույլ կողմերը:

«Պետք է հաշվի առնել մեր ֆուտբոլիստների պոտենցիալը, սպորտային բախտը: Մեզ պետք է հաղթել, բայց մենք առաջին հերթին անելու ենք ամեն ինչ գնդակ բաց չթողնելու համար: Տղաները մարտական են տրամադրված: Կարգապահության որակը բարձր կլինի»:

Ըստ Վարուժան Սուքիասյանի՝ իրենք չեն սկսելու խաղը պաշտպանողական ֆուտբոլով և սպասելու են մրցակցի առաջարկներին:

Վարուժան Սուքիասյանը նշում է նաև, որ իրենք չեն վախենում մրցակցից և փորձելու են թելադրել իրենց ֆուտբոլը:

«Ալաշկերտի»  ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը նշում է, որ նման բարձր որակի ակումբների  հետ խաղալը շատ լավ մոտիվացիա է բոլոր ֆուտբոլիստների համար:

«Սելթիկ»

Շոտլանդական թիմը Հայաստան է եկել հաղթելու և ոչ մեկ գոլ խփելու համար, սակայն թիմի ներկայացուցիչները նշում են, որ իրենք հարգում են հայկական ակումբին, և իրենց հեշտ խաղ չի սպասվում:

Թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի խոսքով՝ Չեմպիոնների լիգայում չեն լինում հեշտ խաղեր:

««Ալաշկերտը» հարգանքի արժանի թիմ է: Վերջին երեք տարիներին հենց նա է դառնում Հայաստանի չեմպիոն: Մենք շատ ենք հարգում մրցակցին:

Հետևել ենք հայկական թիմի խաղերին նախորդ տարի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլում:  «Ալաշկերտը» շատ կոմպակտ, արագաշարժ թիմ է:

Մեզ դժվար հանդիպում է սպասվում: Հայաստանում եղանակը կարող է խանգարել մեզ, բայց մեզ համար ամենակարևորը մրցակիցն է: Մենք անցկացնելու ենք երկու հանդիպում, որոնք դժվար են լինելու:

Հայկական ակումբը կփորձի իրեն շատ լավ դրսևորել այսպիսի պատասխանատու խաղում: Նրանք խաղը կկառուցեն պաշտպանությունից՝ ուժեղացնելով կենտրոնը: Թիմն ունի նաև արագ հարձակվողներ: Թիմը կփորձի ամեն ինչ անել, որպեսզի լավ արդյունքի հասնի:

Իսկ մեր նպատակը գոլ բաց չթողնելն ու այս խաղում 1-2 գոլ խփելն է»:

Շոտլանդական թիմի ֆուտբոլիստ Ջեյմս Ֆորեսն էլ նշում է, որ մրցակիցը խաղը հեշտությամբ չի հանձնելու:

«Չեմպիոնների լիգայում բոլոր խաղերն են դժվար: Մենք ուսումնասիրել ենք մրցակցին և կարծում ենք, որ մեզ դժվար խաղ է սպասվում: Մենք հարգում ենք մրցակցին, խաղը բարդ է լինելու, բաց մենք էլ պատրաստ ենք 100 տոկոսով»:

«Ալաշկերտ»-«Սելթիկ» հանդիպումը կկայանա այսօր  «Հանրապետական» մարզադաշտում  և կմեկնարկի 20:00-ին: Մուտքն ազատ է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս