Ո՞ր դեպքում է հնարավոր Ամենայն Հայոց կաթողիկոսին գահընկեց անել
Հարցազրույց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ
– Տեր հայր, Բագրատ Սրբազանը գրառում էր կատարել այն մասին, որ Մայր Աթոռի Վեհարանը շարունակում է զավթված մնալ կաթողիկոսի հրաժարականը պահանջող խմբի կողմից։ Այս պահին ի՞նչ վիճակ է։
– Նրանք շարունակում են մնալ Վեհարանի տարածքում, տեղակայված են դիվանատանը և շարունակում են իրենց անկարգությունները։ Ուրիշ բնորոշում ես չեմ կարող գտնել այդ ամենին։
– Ոստիկանությունը, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ գործողություններ չի անում։ Դուք դիմե՞լ եք ոստիկանություն։
– Երբ նրանք ներխուժեցին Վեհարանի տարածք և սկսեցին խառնակչություններ դիվանատանը, մեր կողմից հրավիրվեցին ոստիկանները, որպեսզի վերականգնեն կարգը։ Հիմա Վեհարանի տարածքում տեղակայված են ոստիկաններ, որոնք փորձում են հսկել և պահպանել Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետի բնակության վայրը և նրա աշխատանոցը։
– Ըստ էության, դա ներխուժում է, դրան ինչ-որ պատիժ չի՞ հասնում, նորից կրկնեմ՝ ինչո՞ւ ոստիկանությունը գործողություններ չի կատարում։
– Բնականաբար, դա ներխուժում է, և վստահ եմ՝ թե՛ օրենքի շրջանակներում, թե՛ եկեղեցական կանոնադրության շրջանակներում այդ ամենին կտրվի համապատասխան գնահատականը և կկատարվի համապատասխան քայլը, քանի որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, առաջին հերթին, վանական տարածք է, որտեղ բնակվում է Վեհափառ հայրապետը, բնակվում են միաբանները, և միաբանությունն ունի իր ներքին կանոնադրությունը, համաձայն որի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ որպես վանք, բացվում է որոշակի ժամերի՝ հավատացելոց համար, և փակվում է որոշակի ժամերի՝ այցելուների համար, և այդ ժամերին վանքի տարածքում, բացի վանականներից՝ ուրիշ ոչ ոք չի կարող լինել։
Դժբախտաբար, այսօր չի պահպանվում նաև վանական այդ կանոնադրությունը, քանի որ վանքի տարածքում գտնվում են այդ անձինք, և դրանով խաթարում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական անդորրը, աղոթական կյանքը, իրենց ներկայությամբ, իրենց այցելող կասկածելի մարդկանց մուտք ու ելքով վտանգում են Սուրբ Էջմիածնի այդ տարածքում պահվող պատմական արխիվն ու այն հաստատությունները, որոնք գտնվում են Վեհարանի տարածքում և ունեն իրենց պահպանության հատուկ համակարգերը։ Դիվանատունը քանի որ բռնազավթված է, այդ հատուկ համակարգերը չեն գործում։ Եվ մենք վստահությունը չունենք, թե նման քայլ թույլ տված անձինք չեն կարող նաև այլ քայլեր թույլ տալ, որոնց արդյունքում վնաս կկրի մեր եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
– Եկեղեցու կանոնադրությամբ որքանո՞վ է իրենց պահանջն իրականանալի, այսինքն՝ հնարավո՞ր է կաթողիկոսին փոխել, որքան գիտեմ՝ նա ցմահ պետք է մնա։
– Միանշանակ, իրենց պահանջն անարդար և անհիմն է, որովհետև Հայոց Հայրապետին գահընկեց անելու կամ հրաժարեցնելու համար կա ընդամենը մեկ օրինավոր պայման, դա այն է, երբ Հայրապետը հայտնվի հերետիկոսության մեջ և հայոց եկեղեցու վարդապետությանը հակառակ դավանի և հակառակ ուսուցանի, այդ դավանանքով առաջնորդի իր հոտին։
Այդ դեպքում է միայն հնարավոր ազգային եկեղեցական ժողովի գումարումը, հարցի քննությունը, և եթե այդ ամենը հաստատվում է, Հայրապետին գահընկեց են անում։ Մնացյալ բոլոր դեպքերում այդպիսի կարգ, այդպիսի պահանջ հնչել չի կարող, մանավանդ՝ այնպիսի անձանց կողմից, ովքեր իրենց թույլ են տալիս անկարգություններ, ոտնձգություններ սուրբ եկեղեցու սրբությունների հանդեպ։
– Ենթադրում եմ, որ հայր Կորյունն էլ գիտի այդ կանոնադրությունը, ինչո՞ւ է այդ խմբին բերել եկեղեցու տարածք և նման պահանջ ներկայացնում։
– Բնականաբար, ինքն էլ գիտի, իրենց խմբի անդամներն էլ քիչ թե շատ հավանաբար գիտեն, պարզապես իրենք մոլորյալ են, չգիտեն՝ ինչ են անում, և մենք աղոթում ենք, որպեսզի իրենք ելնեն այդ մոլորությունից և հասկանան, որ իրենց անմիտ գործողություններով սպառնում են Հայաստանյայց սուրբ եկեղեցուն, հայ հավատացյալի հոգևոր կյանքին, խարխլում են անհատ հավատացյալների հոգևոր շինվածքը և դարձել են գայթակղության քար՝ բազում միամիտ, բարեմիտ հավատացելոց համար։
Իսկ Ավետարանը գայթակղեցնողների համար ունի հստակ պատգամ և պատվիրան։ Մենք մաղթում ենք, աղոթում ենք, որ Աստծո զորությամբ այս խնդիրը հարթվի, և մեր եկեղեցին վերագտնի իր անդորրը, աղոթական, ամենօրյա կյանքը, ինչը շարունակվում է, բայց հասկանալի է, որ ամեն հոգևորական հավատացյալ հոգու տագնապով է կանգնում աղոթքի և անհանգստություն ունի իր հոգեկան աշխարհում։
Բայց այդ անհանգստությունը մեզ համար ոչ թե տկարության պատճառ է, այլ ընդհակառակը՝ զորության, քանի որ առաքյալն ուսուցանում է, որ մենք ավելի զորավոր ենք փորձության մեջ։ Եվ ես հավատում եմ, որ այս փորձությունը մեր հավատքի զորությամբ կհաղթահարվի, և մենք կկարողանանք Աստծո առաջնորդությամբ՝ մեր եկեղեցու կյանքում, ի հայտ եկող տարբեր խնդիրներին լուծում տալ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում