Ինչու են նվազել արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները

2018 թ. մայիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 139.7 մլն ԱՄՆ դոլար։ 2017 թ. մայիսին փոխանցվել էր 154.9 մլն ԱՄՆ դոլար։ 12-ամսյա կտրվածքով՝ այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ, դրամական փոխանցումների ներհոսքը նվազել է 15.2 մլն դոլարով կամ 9.8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի բազաներից։

Ընդհանուր առմամբ՝ հունվար-մայիս ժամանակահատվածի կտրվածքով դրամական փոխանցումները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածին։ Այս տարվա հունվար-մայիսին փոխանցվել է 623.4 մլն դոլար` նախորդ տարվա 577.2 մլն դոլարի դիմաց։ Սակայն առանձին վերցված՝ մայիսն ընդհանուր դրական դինամիկայից շեղված է։

Դա ավելի հստակ երևում է 1-ին գծապատկերում։ Ինքներդ կարող եք տեսնել՝ այս տարվա առաջին չորս ամիսներին յուրաքանչյուր ամսում ավելի շատ դրամական փոխանցում է ստացվել արտերկրից, քան նախորդ տարվա նույն ամսում։ 2018 թ. հունվարին փոխանցումների ներհոսքը եղել է 94.7 մլն դոլար՝ 2017 թ. հունվարի 83.3 մլն դոլարի դիմաց, և այդպես շարունակ՝ մինչև ապրիլ ամիսը ներառյալ։ Մայիսին, ինչպես նշեցինք, այս միտումը փոխվել է։

Որոշ մասնագետներ նշում են, որ, եթե այդ միտումը շարունակվի (այսինքն՝ հունիսին հունիսի համեմատ նույնպես անկում լինի, և այդպես շարունակ), ապա տնտեսությունը դժվարությունների առաջ կկանգնի։ Գաղտնիք չէ, որ մեր բնակչության սպառման մի զգալի մասը ֆինանսավորվում է հենց դրսից եկող դրամական փոխանցումների հաշվին։

Իսկ կպահպանվի՞ այդ բացասական միտումը հաջորդ ամիսներին։ Դժվար է կանխատեսել, սակայն գոնե մոտավոր պատկերացում կազմելու համար նախ պետք է հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված մայիս ամսվա նվազումը։

Տեղեկատվությունը շատ չէ ու բարդանում է այն հանգամանքով, որ հայտնի չէ, թե ներհոսքը ո՞ր երկրներից է պակասել։ Օրինակ, ՀՀ դրամական փոխանցումների գլխավոր աղբյուր Ռուսաստանից կատարվող փոխանցումներն աճել են՝ 2017 թ. մայիսի 84 մլն դոլարից այս տարվա մայիսին հասնելով 85 մլն դոլարի։ ԱՄՆ-ից կատարվող փոխանցումները նույնպես աճել են՝ 16.2 մլն դոլարից հասնելով 16.8 մլն դոլարի։ Մյուս երկրներից կատարված փոխանցումների վիճակագրությունը ԿԲ-ն դեռ չի հրապարակել։ Այսինքն` դրամական փոխանցումների ներհոսքի նվազումը չի կարելի բացատրել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի գործոնով։

Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված մայիսյան նվազումը։ Կրկին նայեք 1-ին գծապատկերին։ Տեսնո՞ւմ եք, որ 2017 թ. մայիսին դրամական փոխանցումները կտրուկ՝ 45.6 մլն դոլարով աճել են այդ տարվա նախորդ ամսվա համեմատ՝ 109.3 մլն դոլարից հասնելով 154.9 մլն դոլարի։ Սա ստանդարտից շեղված աճ էր։
Համոզվելու համար նայեք 2-րդ գծապատկերին։ Այդտեղ ներկայացված է, թե 2004 թվականից մինչև 2018 թ. յուրաքանչյուր տարի մայիսին դրամական փոխանցումները որքանով են մեծ կամ փոքր եղել ապրիլի փոխանցումներից։
2017 թ. մայիսյան աճը՝ 45.6 մլն դոլար, ռեկորդային է։ Մինչ այդ մայիսն ապրիլի համեմատ ամենամեծ աճերը գրանցվել են 2007 թ. (24.6 մլն դոլար) և 2012 թ. (20 մլն դոլար)։

Ընդ որում, նախորդ տարվա մայիսյան «թռիչքի» պատճառներն ու աղբյուրներն էլ մինչև վերջ չբացահայտվեցին։ Նշված 45.6 մլն դոլարի աճից 19 մլն դոլարն էր պայմանավորված Ռուսաստանով։ Մնացածը գումարներն ավելացել էին այլ երկրներից։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլին Հայաստանում տեղի էին ունեցել՝ խորհրդարանական, իսկ մայիսին՝ Երևանի ավագանու ընտրություններ։ Որոշ ԶԼՄ-ներ դրամական փոխանցումների ներհոսքի կտրուկ աճը պայմանավորում էին հենց ընտրությունների գործոնով (ընտրական ծախսերի և ընտրակաշառքների համար Հայաստան ուղարկված գումարներով), սակայն դա արժանահավատ չէ՝ թեկուզ այն պատճառով, որ ավելի կարևոր համարվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ փողի ներհոսքի կտրուկ աճ չէր գրանցվել։

Վերադառնալով այս տարվա մայիսին դրամական փոխանցումների անկմանը՝ կարելի է ենթադրել, որ դա պայմանավորված էր նախորդ տարվա մայիսի «անոմալիայով»՝ արտասովոր մեծ բազիսային ցուցանիշով։ Այսինքն, գոնե այս պահին որևէ լուրջ պատճառ չկա ենթադրելու, որ հաջորդ ամիսներին դրամական փոխանցումների ներհոսքը կնվազի։ Ավելին ասենք, 2017 թ. հունիսին դրամական փոխանցումները մայիսի համեմատ նվազել էին՝ կազմելով 147.6 մլն դոլար։ Այսինքն՝ հունիսի համեմատության բազան շատ ավելի փոքր է, ինչը նշանակում է, որ եթե արտառոց բաներ տեղի չունենան, հաջորդ ամսվա ներհոսքի ցուցանիշը կբարելավվի։

Նշենք նաև, որ հակառակ ներհոսքի՝ դրամական փոխանցումների արտահոսքը (Հայաստանից դուրս ուղարկվող փողը) աճել է։ Այսպես, 2018 թ. մայիսին ֆիզանձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս է ուղարկվել 92.4 մլն դոլար, որից 33.6 մլն դոլարը՝ Ռուսաստան, 17.3 մլն դոլարը՝ ԱՄՆ։ 2017 թ. մայիսի համեմատ դրամական միջոցների արտահոսքն աճել է 5.5 մլն դոլարով կամ 6.3%-ով։
Հնգամսյա ժամանակահատվածի կտրվածքով՝ 2018 թ. հունվար-մայիսին Հայաստանից արտերկիր փոխանցվել է 459.5 մլն դոլար։ Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ՝ դրամական փոխանցումների արտահոսքն աճել է 102.8 մլն դոլարով կամ 28%-ով։

Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) այս տարվա առաջին 5 ամիսներին կազմել է 163.9 մլն դոլար։ 2017 թ. հունվար-մայիսին այդ ցուցանիշը 220.5 մլն դոլար էր։

Տեսանյութեր

Լրահոս