Ինչ կարող են ակնկալել Վրաստանն ու Հայաստանը ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթաժողովից
Չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջերս The Guardian պարբերականում տպագրված իր հոդվածում տրանսատլանտյան միասնականությունը վտանգված էր որակել, Բրյուսելում հուլիսի 11-12-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ըստ արևմտյան հրապարակումների, ՆԱՏՕ-ի և ԵՄ ղեկավարները պատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ:
Չնայած ՆԱՏՕ-ի ներսում առկա լուրջ խնդիրներին, աղոտ ապագային ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ստվերին», ՆԱՏՕ-ն ջանում է չնեղացնել նաև իր այն գործընկերներին, որոնք ՆԱՏՕ-ին անդամակցության ցանկություն են հայտնել: Նախօրեին հայտնի դարձավ, որ Հյուսիսատլանտյան խորհուրդը պետությունների և կառավարության ղեկավարների մակարդակով կհանդիպի Վրաստանի և Ուկրաինայի նախագահներին։ Եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին, առաջինը ելույթով հանդես կգա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Գլխավոր քարտուղարից հետո լրատվական ծառայությունների հետ հանդիպումը կփակվի։
Հանդիպմանը քննարկած թեմաների և արդյունքների մասին տեղեկությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը լրագրողներին կներկայացնի մամլո ասուլիսի ժամանակ։ Սակայն մինչ Հյուսիսատլանտյան խորհրդի հետ հանդիպումը, կկայանա հանդիպում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միջև։ Սրան կհաջորդի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։
168.am-ի հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ Վրաստանն ակնկալում է առաջընթաց ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում:
«Հնարավոր արդյունքների մասին տեղեկությունները շատ են, որոնցից մի քանիսը վերաբերում են հարաբերությունների խորացման հեռանկարներին, անվտանգության ոլորտում Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացմանը, այլ մակարդակի, կա նաև խոսակցություն, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի ՆԱՏՕ-ին Վրաստանը միանա առանց գործողությունների քարտեզի, ինչը երկար տարիներ քննարկվում էր և յուրաքանչյուր ՆԱՏՕ գագաթաժողովին բոլորին հետաքրքրող հարցն էր:
Վրաստանը պատրաստ է, բայց կան խնդիրներ Ռուսաստանի օկուպացրած տարածքների, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումների, իրավական ընթացակարգերի հետ կապված, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներսում իրավիճակն այնքան էլ հարթ չէ, բավականին լուրջ տարաձայնություններ կան Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ կենտրոնական երկրների միջև շատ հարցերի վերաբերյալ: Սակայն այսօր պարզ է, որ ՆԱՏՕ-ն չի գնա ներկայումս այնպիսի քայլի՝ հստակ գիտակցելով, որ կվատթարացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Եթե հաջողվի գտնել անդամակցության մի այնպիսի մոդել, որը չի նյարդայնացնի Ռուսաստանին, միգուցե դա հնարավոր դառնա»,- ասաց Մենագարիշվիլին՝ նշելով, որ լավատես չէ, որ անդամակցության հարցում առաջընթաց կգրանցվի Բրյուսելում, քանի որ ներկայումս ևս արդեն սկսվել են այս գագաթաժողովի ընթացքում քննարկվելիք ծանր թեմաների շուրջ տարաձայնությունները:
Նրա դիտարկմամբ՝ Վրաստանն ու Ուկրաինան չլինելով անդամ այդ կառույցում՝ հավելյալ խնդիր կդառնան ՆԱՏՕ-ի համար այս բարդ ժամանակաշրջանում, քանի որ այս երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին անդամ որոշ երկրների կողմից դիտարկվում է՝ որպես Ռուսաստանի հետ պատերազմի վերսկսում կորսված տարածքների համար: Այս սցենարից և մտավախություններից, նրա խոսքով, ՆԱՏՕ-ում կխուսափեն:
«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ որոշ առաջընթաց կտրվի Վրաստանի հետ հարաբերություններին, քանի որ ՆԱՏՕ-ն պետք է նաև զգուշորեն վերաբերվի իր գործընկերներին՝ հասկանալով նաև այն հարցը, որ անվտանգությունն այստեղ այնքան էլ ամուր չէ»,- նկատեց Մենագարիշվիլին:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ցանկացած մերձեցում հօգուտ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգության է:
«Քանի որ տարածաշրջանում Թուրքիան է ՆԱՏՕ-ի անդամ, որի հետ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանը չունի, ավելին, Հայաստանի համար Թուրքիան հեռու է նույնիսկ վստահելի երկիր լինելուց, ուստի այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի այս տեսքով ներկայությունն էական դերակատարություն չի ունենում: Սակայն Վրաստանի դեպքում, կարծում եմ, պատկերն այլ կլինի: Վստահաբար ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը Հայաստանին ևս մի քանի աստիճանով կմոտեցնի կառույցին և ընդհանուր առմամբ կամրապնդի տարածաշրջանը»,- ասաց Մենագարիշվիլին:
Ինչ վերաբերում է ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին ապագային, ապա Մենագարիշվիլին ասաց, որ դրական հանգամանք է այն, որ ՀՀ վարչապետը մասնակցելու է գագաթաժողովին:
«Հայաստանը մեծ ներդրում ունի ՆԱՏՕ-ի շրջանակում անվտանգության ապահովման գործում, ինչը բավականին հետաքրքիր նրբություն է: Լինելով անվտանգության ոլորտում խոցելի, ունենալով հակամարտություն, Հայաստանը նաև մասնակցել է երկար տարիներ խաղաղապահ առաքելությունների՝ դրանով իսկ մեծ կարևորություն ստանալով ՆԱՏՕ-ի համար: Կարծում եմ` հարաբերություններն ամենալավ մակարդակի վրա են:
Կողմերը ներկայումս միմյանցից ավելիի սպասելիքներ չունեն, ուստի, կարծում եմ` այն համագործակցությունը, որը կա, կշարունակվի Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Գուցե որոշ համատեղ ծրագրեր ավելանան կամ պակասեն, բայց դրանք էականորեն չեն փոխի այն կուրսը, որն ունեն Հայաստանն ու ՆԱՏՕ-ն միմյանց նկատմամբ»,- ասաց վրացի դիվանագետը: