Հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում
Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանները գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ գիտելիքների նկատմամբ սերը, աշխատասիրությունն ու պատասխանատվության բարձր զգացումը շրջանավարտներին կօգնեն զարգացնել իրենց ունակություններն ու կարողությունները, դառնալ բարձրակարգ մասնագետներ եւ Արցախի արժանի քաղաքացիներ, ուրույն ավանդ բերել հայրենի երկրի զարգացմանն ու շենացմանը:
«Մենք միշտ հպարտությամբ ենք նշում, որ ունենք հայրենասեր, կիրթ ու զարգացած երիտասարդներ, ովքեր իրենց ծնողների արժանի զավակներն են եւ նրանց պես պատրաստ են անել հնարավորը հարազատ երկրի ու ժողովրդի համար, պաշտպանել ու զորացնել մեր անկախ հանրապետությունը՝ շարունակելով ավագ սերնդի ավանդույթներն ու հայրենանվեր առաքելությունը», – նշել է իր խոսքում երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետությունը հետեւողական աշխատանք է իրականացնում կրթության եւ գիտության զարգացման, երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ժամանակակից գիտելիքներով զինված, առողջ ու հայրենասեր սերունդ դաստիարակելու ուղղությամբ: