Իրաքը հյուսիսային նահանգներն ԻՊ-ից մաքրելու՝ ընդգրկուն գործողություն է սկսել
Իրաքի զինված ուժերը հուլիսի 4-ին սկսել են երկրի հյուսիսային նահանգներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրելու ընդգրկուն գործողությունը: Այս մասին, ինչպես հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը, հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Ռասուլը։
Նրա խոսքով՝ ռազմարշավում, որը կենտրոնացած է Քիրքուկի, Դիյալայի եւ Սալահ Էդ Դինի նահանգներում, գործի են դրված բանակը, ֆեդերալ ոստիկանությունը, շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորը: Հրամանատարությունը համակարգում է գործողությունը «Փեշմերգա» քրդական ռազմականացված կազմավորումների հետ:
Հետեւակին օդից օգնություն են ցույց տալիս Իրաքի եւ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը: ԻՊ խմբավորումն Իրաքի տարածքի մի մասն օկուպացրել էր 2014 թվականի ամռանը: Հունիսին նրանք գրավել էին երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը (Նայնավայի նահանգի վարչական կենտրոն) եւ այն հռչակել «խալիֆաթի» մայրաքաղաք:
2015 թվականին միջազգային կոալիցիայի օգնությամբ Իրաքի կառավարական ուժերն սկսել են ծայրահեղականների կողմից գրավված շրջանների ազատագրման ընդգրկուն ռազմարշավ: 2017 թվականի դեկտեմբերին վարչապետ ալ Աբադին հայտարարել էր ԻՊ-ի վերջնական պարտության մասին, սակայն ավելի ուշ բազմիցս կրկնել է, որ ահաբեկչության սպառնալիքը նախկինի պես պահպանվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: