Բաժիններ՝

Վարդավառը կնշվի հուլիսի 7-ին և 8-ին

Վարդավառը կամ Պայծառակերպության տոնը 2018 թվականին կնշվի հուլիսի 8-ին, սակայն բուն տոնը սկսվում է հուլիսի 7-ի երեկոյան:

Վարդավառի տոնակատարությունների վայրն ու ձևաչափն իմանալու համար՝ «Արմենպրես»-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի, ինչպես նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանի հետ:

Վարդավառի տոնի հոգևոր խորհուրդը

Վարդավառը կամ Պայծառակերպության տոնը եկեղեցական 5 տաղավար տոներից 3-րդն է՝ Սուրբ Ծննդից և Սուրբ Զատիկից հետո: Տեր Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոսը խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում: Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավար շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուսը նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը: Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանը՝ Արարատյան թեմի կազմակերպած միջոցառումների մասին

Այս տոնի վերաբերյալ մենք ազգային և շատ գեղեցիկ սովորույթներ ունենք, որոնք մեր ժողովուրդը միշտ մեծ շուքով նշել է: Ցանկալի է, որպեսզի բոլոր քրիստոնյաներն այցելեն եկեղեցի և հաղորդություն ստանան: Մեր թեմի երիտասարդաց միություններն ունեն ամենամյա ծրագրեր, և դրանցից մեկը Վարդավառի նախատոնակ նշելն է: Այդ ամենը տեղի է ունենում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ: Հուլիսի 7-ին, ժամերգությունից հետո Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, արդեն մի քանի տարի կազմակերպում ենք միջոցառում: Ելույթ են ունենալու դհոլահարների խումբը, «Մարաթուկ» ազգագրական երգի ու պարի համույթը և այլն: Ժամը 18:00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից տոնական մեծ շքերթով մենք շարժվելու ենք դեպի Մանկական զբոսայգի: Առջևից գնալու է ավանակը, որի վրա տատիկ է նստած լինելու, երիտասարդները պետք է մոտենան նրան, սկսեն հոգու հետ խաղալ, իսկ տատիկն էլ հատուկ խոսքեր պետք է ասի նրանց: Սա հատուկ ծիսակարգ է, և հիմնական ծեսն իրականացվելու զբոսայգում գտնվող ամֆիթատրոնի մոտ: Մինչև Վարդավառի տոնը խնձորի պահք է լինում և հենց այդ օրը խնձորը խորովում են ու բաժանում ժողովրդին: Մենք նույնպես կիրականացնենք այդ արարողությունը, ինչպես նաև Վարդավառին հատուկ քաղցրավենիքներ կբաժանենք ներկաներին: Վերջում կլինի նաև վարդաջրով «ջրոցի»:

Տոնախմբությանը մասնակցող զբոսաշրջիկներ

Վարդավառի տոնին միշտ բազմաթիվ զբոսաշրջիկներ են մասնակցում և տուրիստական գործակալությունների տուրօպերատորները միշտ բերում են օտարերկրացիներին մասնակցելու այդ տոնախմբությանը: Խմբեր են եղել Հորդանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, եվրոպական տարբեր երկրներից:

Ռուբեն Հովհաննիսյանը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցության մասին

Տոնի ինֆորմացիոն հատվածը քաղաքապետարանն իր վրա է վերցրել և այդպիսով աջակցում է Արարատյան թեմին: Մենք տպագրում ենք պաստառները, հնչյունային տեխնիկան տրամադրում, որը վարձակալելու ենք: Հուլիսի 7-ին իրականացվող միջոցառումները կազմակերպելու համար՝ 12 վարչական շրջանների ստեղծագործական կենտրոնների աշխատակիցները երեխաներին Վարդավառի տոնին համապատասխան տարազներ են հագցնում, տարբեր ատրիբուտներ են տալիս, որպեսզի փոքրիկները մասնակցեն:

«Ջրոցի»-ի վայրն է՝ Կարապի լիճը

Հուլիսի 8-ին միջոցառումը սկսվելու է ժամը 12:00-ին՝ Կարապի լճի տարածքում և կվերջանա մոտ 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում: Լինելու է փոքրիկ համերգային զվարճալի ծրագիր, DJ և հաղորդավար է հրավիրվելու: Մոտավորապես ավարտի ժամ նշում ենք, սակայն Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում հստակեցնել, քանի որ, հնարավոր է, այդ ժամը ամենաթեժ պահը լինի: Երաժշտությունը դադարեցնելուն պես մարդիկ կարող են տխրել, իսկ մենք չենք ցանկանում, որպեսզի այդպես լինի: Հաղորդավարն իր տեքստերում ժամանակ առ ժամանակ խոսելու է Վարդավառի կամ Պայծառակերպության տոնի մասին, և եթե անգամ մեկ հոգի լսի տոնի պատմությունը, արդեն բավական է: Այս միջոցառումն իր մեջ նաև քարոզչության բնույթ է կրում:

12 վարչական շրջաններում ջրցան մեքենաներ կլինեն

Երևանի բոլոր վարչական շրջաններում ջրցան մեքենաները տարբեր ժամերի կսկսեն անցնել տարբեր փողոցներով, բակերով: Այնտեղ նույնպես կլինեն երեխաների կուտակումներ, և զվարճալի մթնոլորտն ապահովված կլինի:

Անվտանգությունն ապահովված կլինի

Այս միջոցառումը շատ անվտանգ է, և եթե վնասվածքներ են լինում, դրանք ընդամենը փոքրիկ և թեթև քերծվածքներ են լինում: Այնուամենայնիվ, պարտադիր տեղում կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարության և շտապօգնության ծառայության աշխատակիցներ:

Միջոցառման նորությունը

Կարապի լճի տարածքում՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ, մասնավոր կազմակերպության կողմից տեղադրվելու է մեծ ջրային ֆուտբոլի դաշտ: 9 մ լայնությամբ և 16 մ երկարությամբ կլինի դաշտը: Ջուրն այդ պարագայում խոչընդոտ է հանդիսանալու՝ ֆուտբոլ խաղալու համար:

Համայնք-մասնավոր համագործակցություն

Հուլիսի 8-ին մեզ հետ համագործակցող մի քանի կազմակերպություն անվճար խմելու ջուր են բաժանելու միջոցառման մասնակիցներին, ինչպես նաև դույլեր են տրամադրելու միմյանց ջրելու համար:

Լիլիթ Դեմուրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս