«Ստացվում է մի իրավիճակ, որ Ալիևի քայլերը խրախուսվեցին». Արա Պապյան
«Միջազգային խաղացողները պարտավորություն ունեն՝ պահելու պայմանավորվածությունները»,- այսօր «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը։
Նրա կարծիքով՝ ՌԴ-ն՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ երկիր, առանձին պարտավորություն ունի գոնե իր դիրքորոշումն արտահայտելու. «Մենք արդեն վարժվել ենք և ասում ենք՝ ՀԱՊԿ զորքերի միջնորդության կարիք չկա, բայց մասնակցությունը միայն անմիջական զորքի ներգրավմամբ չէ, այլ՝ դիրքորոշման արտահայտմամբ ևս։ Ստացվում է մի իրավիճակ, որ Ալիևի քայլերը խրախուսվեցին, նա փորձնական քայլեր է անում, ու որևէ դատապարտում չի լինում այս ամենի վերաբերյալ»։
Ա. Պապյանը գտնում է՝ այստեղ նաև հայկական դիվանագիտությունն իր անելիքն ունի։ Ըստ նրա՝ ռուս պաշտոնյաների և փորձագետների Լելե Թեփե կատարած այցելության մասով հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվ լիներ. «Դուգինը շատ հստակ ասաց, որ ԵԱՏՄ-ն առանց Ադրբեջանի չի կարող ամբողջական լինել, նա հղեց, որ այս ամբողջի նպատակն Ադրբեջանին ԵԱՏՄ բերելն է, իսկ դրա գինն այն է, ինչ ասում են՝ Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին, որովհետև այլ բանով Ադրբեջանին շահագրգռել չի լինի։ Սրանք միտումներ են, որոնք բացասական են»։
Ինչ վերաբերում է նախիջևանյան իրադարձություններին՝ Ա. Պապյանը գտնում է՝ սա համահունչ է ալիևյան այն քաղաքականությանը, որ ղարաբաղյան հակամարտությունը մարած հակամարտություն չէ ու հակամարտությունը բուն Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ ոչ թե՝ Ղարաբաղի և Ադրբեջանի։
Ճշտող հարցին՝ այսինքն սա պատասխա՞ն է հայկական կողմի այն հայտարարություններին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, Ա. Պապյանն այսպես պատասխանեց. «Ոչ միայն պատասխան է, այլև՝ արդեն տարուց ավելի ընթացող քաղաքականություն է։ Այն պահին, երբ Ադրբեջանը որոշեց Նախիջանում տեղակայված կորպուսի հիման վրա առանձին բանակ ստեղծել, նշանակում է՝ ինքը որոշեց, որ Նախիջևանն առանձին խաղացող պետք է դառնա։ Կարծում եմ՝ սա միայն իր որոշումը չէր, այստեղ նաև Թուրքիան դերակատարում ուներ»։
Անի Քեշիշյան