«Որևէ փաստ Հայկ Դեմոյանը չունի, որ ներկայացնի»․Հովհաննես Հովհաննիսյան
«Հայկ Դեմոյանի հետ կապված երբեք խնդիր չեմ ունեցել, անձնապես իրեն չեմ ճանաչում»,- այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայկ Դեմոյանի բարձրացրած հարցերին, մեղադրանքներին:
«Մեր խնդիրն իրավական ընթացակարգերով կառավարության կողմից հաստատված կանոնդրությամբ այդ գործընթացն ապահովելն էր, մնացածը զուտ զգայական անհավասարակշիռ մոտեցումներ էին, բայց մենք նորից խնդիր չենք տեսնում հետագայում հարցը քննարկելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայկ Դեմոյանը գնացել էր ԱՄՆ և փաստացիորեն չէր ղեկավարում տուն-թանգարանը:
Ի դեպ, նա նշեց, որ հաշվի առնելով Հայկ Դեմոյանի վաստակը և թանգարանում ունեցած իր դերը՝ Դեմոյանը ևս կարող է մասնակցել և տրամաբանական կլինի, որ մասնակցի հայտարարված տնօրենի պաշտոնի թափուր պաշտոնի մրցույթին:
Ինչ վերաբերում է Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրականից փաստեր թաքցնելու և 41 գիտական փաստեր չունենալու մեղադրանքներին, որոնք ուղղել էր Հայկ Դեմոյանը, փոխնախարարն ասաց, որ դա զգայական պահի տակ գրված նամակ էր:
«Ես կարծում եմ, որ ինքը զղջացել է իր գրածի համար, քանի որ առանց անձին ճանաչելու առանց շփում ունենալու, առանց իմանալու գիտական վաստակը․․․ Թեև սկզբում չէի ցանկանում արձագանքել մեղադրանքին, սակայն ընկերներիս հուրդորով 41 հոդված հարապարկեցի և հետո ևս հինգ գիտական հոդված անգլերենով ավելացրի, և եթե հարկ լինի՝ մի քանիսն էլ կարող եմ ավելացնել»։
Հովհաննիսյանն ընդգծեց, որ անառողջ մթնոլորտ էր ստեղծված թանգարան-ինստիտուտի շուրջ, և այդ անառողջ մթնոլորտն, ըստ նրա՝ ինքնըստինքյան որոշակի ճնշումներ էր իրենից ենթադրում․ «Գևորգ Վարդանյանը շատ անսպասելի հրաժարական էր տալիս, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս, որը հիմնված է որոշակի փաստերի վրա»։
Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ պատրաստվում էին Հայկ Դեմոյանի հետ հանդիպել մինչև վերջինիս գրառումը, սակայն ամեն օր հարյուրավոր, հազարվոր բողոքներ էին ստանում, որոնք հրատապ լուծման կարիք ունեին․«Երբ աշխատակիցների ստորագրությամբ հրավեր ստացանք թանգարանից, հանդիպեցինք և որևէ մտահոգիչ հարց չի հնչել: Ես անձամբ եմ զանգել պարոն Դեմոյանին գրառումից առաջ և բարիդրացիական տոնով հարցրել եմ՝ ինչո՞ւ է տնօրենի սենյակում»։
Ինչ վերաբերում է պաշտոնակատար Նարինե Մարգարյանի նշանակմանը, փոխնախարարն ասաց, որ նա կոնֆլիկտների մեջ չի եղել, լավ հարաբերություններ է ունեցել Հայկ Դեմոյանի հետ և կոմպրոմիսային տարբերակ է ընտրվել: Ըստ նրա՝ այս պահին դա լավագույնն լուծումն է:
Հայկ Դեմոյանի՝ թանգարան-ինստիտուտ մուտք գործելու վերաբերյալ էլ փոխնախարարն ասաց, որ ֆորմալ իմաստվ նա թանգարան-ինտուտիտի աշխատակից չէ, բայց գիտության մեջ ներդրում ունեցած մարդ է, և պետք է նայել՝ ընթացակարգն ինչպիսին է․ «Հայկ Դեմոյանը կարող է գրադարանային ֆոնդի հետ աշխատել»:
Փոխնախարարը կրկնեց, որ Դեմոյանի հետ ծանոթ չի եղել, հովանավորյալ չունի։ «Մենք ուզում ենք իրավական ընթացակարգերով գործընթացը տանել առաջ: Ինչ փաստեր ուզում են, կարող են ներկայացնել, քանի որ մեր անցյալը շատ մաքուր է։ Մի փաստ ներկայացվեց՝ 41 հոդվածի մարտահրավեր եղավ, և տեղը 46 հոդված եղավ։ Որևէ փաստ Հայկ Դեմոյանը չունի, որ ներկայացնի»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ Հայկ Դեմոյանը ինստիտուտ աշխատակից չէ: