Արամ Սարգսյանը կդառնա՞ ԵԿՄ նախագահ

Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո Երկրապահ կամավորականների միության առջև իր գործունեությունը վերաիմաստավորելու և վերակազմավորվելու խնդիր է ծագել։

Օրեր առաջ կայացած վարչության նիստում որոշվեց սառեցնել Մանվել Գրիգորյանի՝ նախագահի լիազորությունները, և այժմ օրակարգային գլխավոր հարցը միության նոր նախագահի ընտրությունն է։ Թե ե՞րբ կկայանա ԵԿՄ համագումարը, դեռևս պարզ չէ։ Սակայն որպես ԵԿՄ նախագահի թեկնածու՝ ակտիվորեն շրջանառվում է միության հիմնադիր Վազգեն Սարգսյանի եղբոր՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի անունը։

Արամ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը ԵԿՄ նախագահ դառնալու հայտ չի ներկայացրել, բայց իրեն առաջարկել են դառնալ միության նախագահ:

«Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսել է ամեն ինչում մեղադրել ԵԿՄ-ին` թացը չորի հետ խառնելով: Կային կարծիքներ, որ այդ կառույցի ստեղծումն ի սկզբանե սխալ է եղել, այդ կառույցը համարում էին այս երկրի դժբախտությունների պատճառ:

Այսպիսի գաղափարներ էին տարածվել համացանցում, և ես իմ պարտքը համարեցի իմ հնարավորությունների սահմաններում տեսակետ ասել Երկրապահի մասին, դրա ձևավորման, անցած ուղու և այսօրվա կարևորության մասին: Այդ ժամանակ որևէ մեկը չէր փորձում պաշտպանել Երկրապահ կամավորական միությանը, անգամ միության ներսում եղած բազմաթիվ անհատներ կամ սեփական ամբիցիաներ էին ցուցաբերում, կամ խոսում էին կառույցի անվանափոխության մասին, կամ էլ իրենց էին առաջարկում միության նախագահի պաշտոնում,- լրագրողներին ասել է Ա.Սարգսյանը և վստահեցրել,- Ես ինքս հայտ չեմ ներկայացրել Երկրապահի նախագահ լինելու: Հավանաբար, շատ երկրապահներ համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է, և որպես երախտագիտություն՝ սկսեցին զանգել կամ գրել ինձ, որ կիսում են իմ տեսակետը, ու լավ կլինի, որ ես լինեմ ԵԿՄ նախագահ»:

Ա.Սարգսյանն ինքն իրեն քաղաքական մարդ է համարում և ԵԿՄ նախագահ դառնալու հարցին ինքը դեռևս պատասխան չունի։

Ըստ նրա՝ այդ հարցի պատասխանը պիտի տա Երկրապահը. «Ես գտնում եմ, որ երկրապահը կարևոր է այսօր: Ես պատերազմի վտանգ եմ տեսնում և համարում եմ, որ պատերազմի դեպքում նույնիսկ 70 տարեկան զենք բռնող անձը մեզ համար կարևոր է: Ես կարծում եմ, որ Երկրապահ կամավորական միությունը մեր Երրորդ Հանրապետության ամենալուրջ արժեքներից է, որը, պաշտպանելով Հայաստանը, նաև իր հենքի վրա բանակ ստեղծեց: Մենք այդ արժեքները մի կողմ ենք դնում, սկսում ենք փնովել ամեն ինչ, ոչնչացնում ենք այն արժեքները, ինչը մինչև հիմա եղել է, իսկ ի՞նչ ենք փոխարենն առաջարկում:

Կամ պիտի մտածենք, թե այս ամենը ո՞ւմ է ձեռք տալիս:
Չէ՞ որ ցանկացած պետություն քանդելու առաջին քայլը լինում է այդ պետության հերոսներին վարկաբեկելուց, որ խրամատում նստած զինվորը մտածի, որ երկրապահը երկրապահ չէ, գեներալը գեներալ չէ, կաթողիկոսը կաթողիկոս չէ, բա այդ դեպքում ինքն ի՞նչ է պաշտպանում, ո՞ւմ է պաշտպանում: Սա գերկարևոր թեմա է, որն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում նույնիսկ մեր տնտեսական վիճակից էլ կարևոր է:

Դրա համար ես փորձել եմ տեսակետ հայտնել, պետք է ասեմ, որ շատերը չկիսեցին իմ տեսակետը, բայց ես երբեք հակված չեմ եղել լինել քաղաքական գործիչ, ում մոտեցումները բոլորը կիսել են»:

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը «168 Ժամի» հետ զրույցում հաստատեց, որ Արամ Սարգսյանն ինքը ԵԿՄ նախագահ դառնալու հայտ չի ներկայացրել։ Ավելին՝ նա հայտարարեց, որ ինքն է մտադիր համագումարում առաջադրել Արամ Սարգսյանի թեկնածությունը։

«Ես ինքս եմ առաջադրելու Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը։ Ես իրեն գիտեմ հեռվից, հանդիպման ժամանակ բարև-բարիլույս ունենք, բայց այնպես չէ, որ նա իմ ընկերն է։ Բայց ես գտնում եմ, որ այս դեպքում կհամախմբվեն ԵԿՄ բոլոր բաժանմունքները, մարզային խորհուրդները, ինչպես ընդունված է ասել՝ հին ու նոր Երկրապահը, գնացածները ետ կգան։ Եվ Երկրապահը վերաձևավորելու հնարավորություն կունենա»,- ասաց Հ.Հայրապետյանը։

Նա համաձայնեց Ա.Սարգսյանի դիտարկման հետ, որ ԵԿՄ-ն այսօր խնդիր ունի նաև վերանայելու միության կանոնադրությունը: ԵԿՄ փոխնախագահի կարծիքով՝ շատ բան կա փոխելու։ Նա մեկ օրինակ ներկայացրեց՝ ԵԿՄ համագումար կարող է հրավիրել անդամների 1/3-ը, վարչության գումարվելուց հետո՝ կեսից ավելին, իսկ վարչություն գումարվում է առնվազն 2/3-ով, և Վերստուգիչ հանձնաժողովի հրատապ պահանջի դեպքում։ Այս երեքն էլ շատ դժվար իրականանալի պրոցես է, քանի որ 62 հազար երկրապահից այդքան ստորագրություն հավաքելը դժվար է։ Ընդ որում՝ եթե 1/3-ով է համագումար հրավիրվում, այն 7 օրվա ընթացքում պետք է գումարվի, իսկ կայացած վարչության դեպքում՝ 5 օրվա ընթացքում։

Հ.Հայրապետյանի խոսքով՝ դա տիտանական աշխատանք է. «Սա ընդամենը մեկ դեպք է, կանոնադրությունում շատ հարցեր կան, որ փոփոխության պետք է ենթարկվեն»։

Նա տեղեկացրեց, որ վարչության վերջին նիստում փոխնախագահներին հանձնարարվել է առաջիկայում ստեղծել հանձնախումբ, գումարել ևս 1 վարչության նիստ, որը կքննարկի համագումարի հարցը. «Այսինքն՝ համագումար տեղի կունենա ողջամիտ ժամկետներում։

Համագումարի օրակարգային հարցը գործադիր մարմնի՝ վարչության, նախագահի, փոխնախագահների, վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունն է»։
Անդրադառնալով սահմանային լարվածությանը ԵԿՄ դերին՝ Հ.Հայրապետյանը նշեց, որ անուրանալի է Երկրապահ կամավորական ջոկատների դերակատարությունն արցախյան ազատամարտում, որ պատմական հողեր ազատագրեցին և հաղթանակ արձանագրեցին, ապա երկրապահների հենքի վրա ստեղծվեց Հայոց բանակը, որը դարձավ տարածաշրջանում ամեմամարտունակը, և ՊՆ-ն ամենակայացած կառույցն է մեր իրականությունում.

«Ապրիլյան պատերազմի ժամանակ, որի արագությունն աննախադեպ էր, ԵԿՄ-ն պատրաստակամություն հայտնելուց 24 ժամ հետո արցախյան դիրքերում էր։ Ես չեմ ասում՝ մենք շատ մեծ բան արեցինք։ Վազգենն ասում էր՝ պատերազմն ավարտված չէ, զգոն եղեք, որ չպարտվեք։ Մեր հզոր, արծիվ տղաները մեր պահանջն ունեին, և մեր կողքին իրենք ավելի հզոր են։ ԵԿՄ-ն իր հաղթանակած սուրը փառքով պատյան դեռ չի դրել, որովհետև մենք գիտենք, որ այս պահին էլ դանդաղ ընթացող պատերազմ է։ Անընդհատ խոսվում է կուտակումների ու շարժերի մասին։

Եվ մենք մեր երեխաներին մենակ չենք թողնի։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում միությունում, ԵԿՄ-ն կա և գործում է։ Մենք ամեն մեկս մի հրամանատար ենք, կհավաքենք մեր ջոկատները և պետության իմացությամբ ու հրահանգով համապատասխան դիրքերում տեղ կգրավենք, որպեսզի մարտնչենք։ Բայց այս անգամ պատերազմը կավարտենք Ադրբեջանի ավելի հեռու շրջաններում»։

Տեսանյութեր

Լրահոս