
«Հիմնադիր խորհրդարանը» մինչ օրս 65 հազար դոլար է ծախսել «քաղբանտարկյալներին» գրավով կամ պատգամավորների երաշխավորագրերով ազատ արձակելու համար

«Հունիսի 17-ից սկսեցինք դրամահավաք, աջակցության խնդրանքով դիմեցինք հանրությանը, քանի որ մենք աննախադեպ իրավիճակում էինք հայտնվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը։
Նա ասաց, որ դրամահավաքը կազմակերպվել է «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու գրավի և նրանց առողջական խնդիրները լուծելու համար։
«Աննախադեպ թվեր են պահանջվում քաղբանտարկյալներին՝ ընդամենը կալանքի խափանման միջոցը փոխելու համար, և ես ինքս սա գնահատում եմ որպես հալածանք՝ նախկին ռեժիմի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ։ Մինչ օրս մենք միայն գրավներ վճարելով՝ ծախսել ենք 29 միլիոն դրամ՝ 65 հազար դոլար, որը վճարվել է 16 հոգու ազատ արձակման համար։ Դե, պատկերացրեք՝ դա ինչ թիվ է։ 2 տարի այդ մարդիկ չեն աշխատել, եկամուտ չեն ստացել, նրանց ընտանիքները գտնվում են ծայրահեղ ծանր նյութական վիճակում, և այդքանով հանդերձ՝ այսպիսի մեծ գումարներ նշանակելն անտրամաբանական և ոչ մարդկային է»,- նշեց Ս. Սիմոնյանը։
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանն էլ հայտնեց, որ պատգամավորների երաշխավորագրերի հետ էլ գրավի գումար կա, որը ոչ թե պատգամավորներն են վճարել, այլ՝ «Հիմնադիր խորհրդարանը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։