Համանախագահները փորձում են Բելառուսի իշխանություններին կառուցողական դաշտ տեղափոխել

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարարի հետ պատահական և պլանային չէր»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց բելառուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Բելառուսի ԱԳ նախարարի բանակցություններին։

Տեղեկացնենք, որ հունիսի 27-ին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են «շփման գծում տիրող իրավիճակը, խնդրի կարգավորման շուրջ միջնորդների ձեռնարկած քայլերը, ինչպես նաև Բելառուսի հնարավոր ներդրումը խաղաղ բանակցություններում»:

Հիշեցնենք, որ վերջերս Մինսկը «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել Ադրբեջանին, որը, որոշ ռազմական փորձագետների պնդմամբ, որոշակիորեն ազդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական հավասարակշռության վրա։

Վալեր Կարբալևիչի խոսքով՝ սա առաջին անգամը չէ, որ Բելառուսի ղեկավարությունը շփումներ է ունենում ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների հետ, ինչը բնական է, քանի որ Մինսկն այն վայրն է, որտեղ ձևավորվել է այս խումբը, և այն վայրն է լինելու, որտեղ, ամենայն հավանականությամբ, իր աշխատանքը կավարտի ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում։ Սակայն, ըստ քաղաքագետի, սա պատահական և պլանային հանդիպում չէր։

«Բելառուսն առաջնորդվելով իր բիզնես շահերով՝ առաջին անգամ ծանր զինատեսակներ վաճառեց Ադրբեջանին։ Սա շատ քննարկվեց տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում։ Այս զինատեսակները կարևոր խաղաքարտ դարձան Ադրբեջանի Ղարաբաղյան քաղաքականության ներկա փուլում, քանի որ ադրբեջանական կողմը դրա ձեռքբերմամբ փորձեց հավելյալ ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Բացի ներկա փուլից, իրական մարտական գործողությունների ժամանակ այդ համակարգերը բավական լուրջ գործոն կարող են դառնալ, ինչը չէր կարող չմտահոգել համանախագահներին և հայկական կողմին։ Կարծում եմ՝ այս հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել է հետևյալ հարցը, թե որքանո՞վ է նպատակահարմար նման զենք վաճառել Ադրբեջանին, հետագա ի՞նչ ծրագրեր կարող է ունենալ Բելառուսը, սա զենքի վաճառքի եզակի դե՞պք է, թե՞ շարունակություն է ունենալու։

Այստեղ հետաքրքրականն այն է, որ Ռուսաստանը ևս սպառազինություն է վաճառել հակամարտող կողմերին, Հայաստանին վաճառել է բացառիկ «Իսկանդեր» համակարգեր, սակայն համանախագահների հետ փորձում է քննարկումներ ունենալ Բելառուսի հետ։

Սա ես բացատրում եմ այն հանգամանքով, որ Ռուսաստանը ևս ներկայումս հետաքրքրված չէ ռազմական գործողություններով ԼՂ հակամարտության գոտում և մյուս համանախագահների հետ փորձում է վերահսկողության տակ պահել այն կողմերին, որոնք կարող են չցանկանալով՝ հրահրել լարվածություն, փորձում են Բելառուսի իշխանություններին կառուցողական դաշտ տեղափոխել, քանի որ նման սպառազինություն վաճառելով՝ Բելառուսն արդեն միջամտել է հակամարտության գոտում տիրող իրավիճակին։

Միջնորդները հասկացրել են, որ Բելառուսից և ցանկացած երկրից ակնկալում են աջակցություն հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին»,- նման կարծիք հայտնեց Կարբալևիչը։

Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, նկատելով համանախագահների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից նման հորդորներ, Բելառուսը ծավալուն գործարքներ չի շարունակի իրականացնել Ադրբեջանի հետ։

«Իրավիճակը Ղարաբաղում, ըստ լուրերի, նախապատերազմական է, ուստի համանախագահները պետք է փորձեն կանխարգելել իրավիճակը սրող ցանկացած հնարավոր քայլ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի բախումը չի բխում ոչ մի միջնորդի շահերից»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս