«Բոլոր հարցերը որոշում է քաղաքապետը, ինչը ծիծաղելի է». Գլենդելի քաղաքապետ

«Հայաստանում բնակարանը գտնվում է Երևանի Արամի փողոցի վրա, և մոտ երկու-երեք շաբաթ առաջ մեր կանաչ գազոնները դիմացի ռեստորանը սկսեց գրավել։ Ժողովուրդը ոտքի կանգնեց, իրավիճակը սառեցվեց, և երկու շաբաթ հետո ավելի ագրեսիվ ձևով սկսեցին աշխատանքները։ Այսինքն՝ կանաչ տարածքի հաշվին ռեստորանն ընդլայնելու էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։

«Հայրս մի քանի բնակիչների հետ կապվեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամների հետ, որովհետև միայն նրանք են հասանելի, բայց արդյունք չկար։ Հիմա արդյունքի հասանք, բայց թե ինչպես, չեմ ուզում ասել, իսկ ավագանին անօգնական էր, ասում էր՝ մինչև այս քաղաքապետը չհեռանա, նման բաները կրկնվելու են։ Սա փոխել է պետք։ Ով լինի նոր քաղաքապետը՝ պետք է լուրջ զբաղվի քաղաքի կանաչ տարածքները վերադարձնելու ուղղությամբ»,- նկատեց նա։

Գլենդելի քաղաքապետն անդրադարձավ Հայաստանի ՏԻՄ համակարգում առկա խնդիրներին.

«Ներկա քաղաքապետի օրոք բոլոր հարցերը որոշում է քաղաքապետը, ինչը ծիծաղելի է Երևանի մասշտաբի քաղաքի համար։ Քաղաքապետը պետք է տեսլական ունեցող, ադմինիստրատիվ փորձ ունեցող մի անձ լինի, վստահելի 3-4 մարդ ունենա, որոնք իրենք էլ կարողանան կառավարել քաղաքային կառավարման որոշ բնագավառներ։ Այսինքն՝ ճիշտ մարդիկ պետք է ճիշտ տեղում լինեն և որոշում կայացնելու անկախություն ունենան։ Եթե սխալ որոշում կկայացնեն, ապա հետևանքները կկրեն, իսկ եթե ճիշտ որոշումներ կայացնեն, ապա կշարունակեն կառավարել։

Երևան քաղաքի ավագանին չի գործում, որովհետև այնտեղի մարդկանց մեծ մասը որևէ առնչություն չունի ո՛չ քաղաքային կառավարման, ո՛չ քաղաքականության հետ, մասնագիտական կրթություն չունի, ինչը խանգարում է գործին»։

Գլենդելում, ըստ նրա՝ կան ընտրված քաղաքական գործիչներ, որոնք քաղաքային կառավարության մեջ են. «Որոշ մարդիկ ընտրվում են պաշտոնների, որոշ մարդիկ բյուրոկրատներ են, բայց քանի որ քաղաքական պատասխանատվություն կրում են ընտրված պաշտոնյաները, այդ տեսլականը գալիս է ընտրված մարդկանց կողմից։ Մենք դոտացիաներ չենք ստանում, մենք ունենք մեր քաղաքային բյուջեն։ Մենք գրանտներ ենք ստանում, որոնք մեր բյուջեում չնչին մաս են կազմում։

Վերջերս հաստատեցինք մեր հաջորդ տարվա բյուջեն։ Մեր քաղաքում կա 200-220 հազար բնակչություն, հաստատեցինք 895 մլն դոլար բյուջե։ Գումարները գալիս են հարկերից՝ անշարժ գույքի հարկ, ԱԱՀ, մենք չենք ստանում այդ գումարներն ամբողջովին։ Մենք ստանում ենք մեր գանձած հարկերի 11-13 տոկոսը։ Այսինքն՝ եթե Լոս Անջելեսի մարզում ԱԱՀ-ն 9 տոկոս է, մենք ստանում ենք դրա 1 տոկոսը։ Դրա շնորհիվ կազմվում է այսպիսի մի բյուջե»։

Տեսանյութեր

Լրահոս