Բաժիններ՝

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին

Հունիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին, ով Հայաստան էր ժամանել նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի Միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալը կարևորեց ՀՀ-ԵԽ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի Միջգերատեսչական կոմիտեի նիստերի շրջանակում նրա այցերը Հայաստան, որոնց ընթացքում տեղի ունեցող կանոնավոր խորհրդակցություննները թույլ են տալիս ուշադիր հետևել Հայաստանի համար ԵԽ ծրագրերի իրագործման ընթացքին և ապահովել դրանց արդյունավետությունը։ Կարեն Նազարյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանություններն ամենայն պատասխանատվությամբ են ստանձնել 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի բաղադրիչների կատարումը, որը հաջողությամբ կյանքի է կոչվում։

ԵԽ Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը նշեց, որ Գործողությունների ծրագիրը հանդիսանում է առավել համալիր ֆինանսավորված և արդյունավետ կերպով իրագործված ծրագրերից մեկը: Նա վերահաստատեց ԵԽ շահագրգռվածությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ հետագա բարեփոխումների ընթացքում։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև հաջորդ փուլի՝ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի առաջնահերթությունների շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս