Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների պատճառով չի ստորագրի G7-ի գագաթնաժողովի հայտարարությունը. Bloomberg
Ֆրանսիան չի ստորագրի G7-ի՝ հունիսի 8-9-ին Քվեբեկում կայանալիք գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Յոթի խմբի երկրների համատեղ հայտարարությունը, քանի դեռ չեն հաղթահարվել ԱՄՆ-ի հետ առկա տարաձայնությունները: Այդ մասի Bloomberg գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ:
Նրա տվյալներով՝ որպեսզի Ֆրանսիայի նախագահը պատրաստ լինի ստորագրել համատեղ հայտարարությունը, առաջընթաց է անհրաժեշտ այնպիսի հանգուցային հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ իրանական միջուկային գործարքը, Եվրամիությունից, Կանադայից ու Մեքսիկայից պողպատե եւ ալյումինե արտադրանքի ներմուծման՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը, ինչպես նաեւ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը:
Մակրոնի կարծիքով՝ G7-ի մյուս երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան ու Կանադան, պետք է համատեղ հանդես գան մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: