
«Աշոտյանին և հանրապետականներին որ նայում ենք, զգացվում է, որ նրանք բոլորը հալածված են». Նիկոլ Փաշինյան

«Ամեն ինչ տեղի է ունենում ձեր աչքի առաջ, դուք կարող եք ինքներդ գնահատել, թե ինչ է տեղի ունենում` ռեպրեսիանե՞ր, թե՞ ինչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ականների հայտարարությունները, որ գործարար ՀՀԿ-ականները դուրս են եկել խմբակցություններից հնարավոր ռեպրեսիաներից և քաղաքական հալածանքներից խուսափելու համար:
Դիտարկմանը, որ քաղաքական հալածանքների մասին Արմեն Աշոտյանն է ահազանգում, Ն.Փաշիինյանը պատասխանեց. «Աշոտյանին և հանրապետականներին որ նայում ենք, զգացվում է, որ նրանք բոլորը հալածված են»:
Թե ինչո՞ւ են այդպիսի տեսակետներ հայտնում, վարչապետը խորհուրդ տվեց իրենց հարցնել:
«Ես իմ ելույթում հստակ ասացի, որ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ` անկախ նրանից՝ նրանք Հանրապետական խմբակցությո՞ւն են, թե՞ Հանրապետական խմբակցություն չեն: Դուք կտեսնեք, որ դա իրոք այդպես կլինի»,- վստահեցրեց Ն.Փաշինյանը:
Հարցին` ՀՀԿ խմբակցությունից գործարարների դուրս գալը կարո՞ղ է մեղմացուցիչ հանգամանք լինել նրանց համար, Ն.Փաշինյանը հարցով պատասխանեց. «Ինչի՞ն մեղմացուցիչ»:
Ըստ նրա` ԱԱԾ-ն արդեն հայտարարել է իր գործողությունները և ամեն ինչ լինելու է այն սկզբունքների շրջանականերում, որի մասին ինքը խոսել է: