
Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ գործընկերոջ հետ քննարկելու է սիրիական Մանբիջում իրականացվելիք գործողությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով հունիսի 3-4-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկելու է սիրիական Մանբիջում Թուրքիա-ԱՄՆ համատեղ գործողությունների հետ կապված հարցեր:
Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում բանակցություններ է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Բանակցությունների հիմնական թեման լինելու է սիրիական Մանբիջում իրականացվելիք գործողությունների ճանապարհային քարտեզը»,-ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Նախարարության փոխանցմամբ՝ քննարկվելու են նաև ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր:
ԱՄՆ կատարած այցի շրջանակում Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպում է ունենալու նաև տեղի թուրքական և մուսուլմանական հասարակության, ինչպես նաև ամերիկյան գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: