Թափանցիկ հանքարդյունաբերության մասին. Ինչ չափանիշեր դնել
Հայաստանում հանքարդյունաբերությունը միշտ է եղել ուշադրության կենտրոնում և, ցավոք սրտի, այդ ուշադրությունը հիմնականում եղել է ոչ դրական կոնտեքստում։ Բնապահպանական խնդիրներ, կոռուպցիոն սկանդալներ, թափանցիկության բացակայություն, և այլն։
2015թ. հուլիսի 28-ին Հայաստանը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է միանալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ)։ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում են արդեն 51 երկրներ։
Կազմակերպության քարտուղարությունը տեղակայված է Նորվեգիայում։ ԱՃԹՆ-ի նպատակն է` բարձրացնել ոլորտի թափանցիկությունը, ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկումը։ Հիմնական շեշտը ֆինանսական թափանցիկության վրա է, սակայն կարող են ներառվել նաև ոլորտի այլ խնդիրներ, օրինակ` իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, և այլն։
Անցած տարվա մարտի 24-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԱՃԹՆ թեկնածու երկիր։ Այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը այդ միջոցառման ժամանակ նշեց, որ ԱՃԹՆ-ն միջոց է, բայց ոչ՝ վերջնանպատակ. «Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հաջորդ փուլի աշխատանքներին, որի արդյունքները պետք է տեսանելի լինեն ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացուն: Առաջին 1.5 տարվա ընթացքում պետք է ունենանք Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ՝ ԱՃԹՆ ստանդարտին համապատասխանող զեկույցով և հասարակությանը հասանելի ամբողջական և մատչելի տեղեկավությամբ»։
Մյուս կարևոր կողմն այն էր, որ գործընթացի իրականացումը եռակողմ է՝ կառավարություն, արդյունահանող միություն և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող բազմաշահառու խումբ։ Այսինքն, ԱՃԹՆ բազմաշահառու խումբը լրացուցիչ հարթակ պետք է դառնա՝ երեք կարևոր խմբերի մեջ երկխոսության համար` պետություն, հասարակական սեկտոր, մասնավոր ընկերություններ։
Այս հայտարարություններից անցել է ավելի քան 1 տարի։ Հանքարդյունաբերությունն այս ընթացքում ավելի թափանցիկ չի դարձել, վստահության մթնոլորտը չի բարելավվել, և կողմերի միջև երկխոսություն չկա, ինչպես և նախկինում։ Հատկապես բնապահպանները շարունակում են բողոքել հանքարդյունաբերական ընկերությունների դեմ՝ պնդելով, որ նրանք կործանում են Հայաստանի բնությունը և չեն հետևում բնապահպանական նորմերին։
Հատկապես վերջին շրջանում բնապահպանական ակցիաներն ավելի ակտիվացան։ Տարօրինակն այն էր, որ բնապահպանական այս թափ առած ալիքը հիմնականում ուղղված էր կոնկրետ մեկ ընկերության դեմ, որը դեռ չի սկսել շահագործել հանքը, որը հետևում է ամենախիստ միջազգային պահանջներին և որը շատ ավելի թափանցիկ է և բաց երկխոսության համար։ Ինչևէ, սա այլ թեմա է։
Բանը հասավ այնտեղ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ իր հայտնի «լայվերից» մեկը նվիրեց հանքարդյունաբերությանը։ Իսկ հաջորդ օրը՝ մայիսի 24-ին, տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում կրկին անդրադարձավ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման բարձր ռիսկերին:
Վարչապետը հանձնարարեց մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող 28 կազմակերպությունում անցկացնել ստուգումներ՝ բնակչության կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգը կանխելու և բնապահպանական օրենսդրության հնարավոր խախտումները վերացնելու նպատակով։
Նա նաև հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարեց օժանդակել տեսչական մարմիններին ստուգումները պատշաճ իրականացնելու համար: «Մեր խնդիրը հստակ է՝ ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ չկա:
Կարծում եմ՝ կառավարությունը և բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումներն իրականացվեն թափանցիկ, ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ոլորտի մասնագետներ, ինչպես նաև՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ այն չպետք է լինի հերթապահ ստուգումը, այլ պետք է լինեն կոնկրետ առաջարկություններ, լուծումներ: Ամեն ինչ բավականին պարզ է և հստակ։ Այսինքն՝ կառավարությունը չի պայքարելու հանքարդյունաբերության ոլորտի դեմ, այլ ամեն ինչ անելու է, որ այդ ոլորտը գործի թափանցիկ և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ թե՛ բնապահպանական, թե՛ մյուս առումներով։
Սա բավականին ճիշտ մոտեցում է և լավ հնարավորություն՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը «մաքրելու» և բոլոր հարցերին վերջնական պատասխան տալու համար։ Տեսեք, մի կողմից՝ հանքարդյունաբերական ընկերությունն ասում է, որ ինքը գործում է օրենքներին համապատասխան և պահպանում բոլոր տեղական ու միջազգային նորմերը։
Մյուս կողմից՝ բնապահպանական կազմակերպությունները կասկածի տակ են դնում այդ պնդումներն ու հղում անելով այլ փորձագետների՝ հայտարարում, որ ամեն ինչ շատ վատ է, նորմերը համատարած խախտվում են, և այլն։ Կառավարության նկատմամբ վստահությունը շատ ավելի քիչ է (էր). քչերն են հավատում, որ կառավարությունը հանքի շահագործման թույլտվություն տալուց առաջ գնահատել է բոլոր ռիսկերը, օբյեկտիվ որոշում է կայացրել, և ընթացքում էլ պատշաճ վերահսկողություն է սահմանել։ Ո՞ւմ հավատալ։ Այս հարցում կողմնորոշվել անկողմնակալ մարդու համար բավականին բարդ է, սակայն պետք է, քանի որ բնությունը պատկանում է բոլորին և յուրաքանչյուրին։
Այժմ իրավիճակ է փոխվել։ Ձևավորվել է կառավարություն, որը վայելում է հասարակության վստահությունը և որը պատրաստ է պատշաճ ստուգումներ սկսել։ Այսինքն՝ այդ ստուգումների արդյունքները, ենթադրվում է, որ որևէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի։
Սակայն հատկապես ի՞նչը ստուգել։ Որքանով հասկանում ենք՝ ստուգումը լինելու է ընդունված բնապահպանական նորմերին համապատասխանության առումով։ Սակայն դա բավարար չէ։ Քանի «առիթը եկել է», կարելի է մշակել մի քանի հստակ չափանիշեր, որոնք թույլ կտան ամբողջական պատկերացում կազմել, թե որ ընկերությունն իրենից ինչ է ներկայացնում բոլոր առումներով՝ բնապահպանական, ֆինանսական, սոցիալական և այլն։
Այսինքն, գնահատականները պետք է լինեն օբյեկտիվ չափանիշերով համեմատության հիման վրա։ Զրուցելով հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մասնագետների հետ՝ կառավարությանը կառաջարկեինք դիտարկել հետևյալ 10 չափանիշերը.
- Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ինչ խորությամբ են իրականացվել բնապահպանական հետազոտությունները, քանի էջ, ինչ միջազգային և տեղական մասնագետներ են ստորագրել, որքան է տևել և որքան է ծախսվել այդ հետազոտությունների վրա),
- Բնապահպանական կառավարման պլաններ (դրանց քանակը, որակը, առկայությունը),
- Ջրերի որակ, այդ թվում՝ թթվային ապարների դրենաժի կառավարման միջոցառումներ (արդյոք բոլոր հանքերն ունեն նման միջոցառումներ, և ինչ որակի է),
- Կենսաբազմազանության պահպանության միջոցառումներ (դրանց առկայությունը, որքան գումար է ծախսվում),
- Առողջության և անվտանգության ցուցանիշներ, կանոնակարգեր, դրանց առկայությունը և պահպանությունը,
- Հանքի փակման պլան, ռեկուլտիվացիայի վճարներ (որ ընկերությունն է առավել մանրամասն նախագծել հանքի փակման և ռեկուլտիվացիայի պլանը, որ ընկերությունն է ամենաշատը վճարել դրա համար),
- Ֆինանսական հոսքերի և հանքի պաշարների թափանցիկություն,
- Բաժնետերերի կազմի թափանցիկություն,
- Ընթացիկ բնապահպանական մոնիտորինգի ինտենսիվություն և որակ,
- Հանրության հետ թափանցիկություն (լսումների, քննարկումների քանակը, փաստաթղթերի մատչելիություն):
Ահա այս չափանիշերի հիման վրա կարելի է 0-ից 100 բալանոց սանդղակով գնահատել Հայաստանի բոլոր հանքարդյունաբերական ընկերություններին, և հասկանալ իրական պատկերը։ Հասկանալի է, որ սա բավականին ռեսուրսատար աշխատանք է, սակայն կարծում ենք՝ ՀՀ հանքարդյունաբերական ընկերությունները դեմ չեն լինի ֆինանսավորել աշխատանքային խմբի գործունեությունը, որը կներգրավի տեղացի և օտարերկրյա լավագույն փորձագետներին։ Սա կարող է դառնալ այն հիմնական աղբյուրը, որի հիման վրա հասարակությունը կկարողանա կարծիք կազմել՝ որ կազմակերպությունն է «պուպուշ», և որը՝ ոչ։
Իսկ քանի դեռ վստահություն վայելող այսպիսի համապարփակ գնահատական չունենք, մի մասը հավատալու է շահագրգիռ կողմ հանդիսացող հանքարդյունաբերական ընկերությունների կողմից արված հետազոտություններին, մյուս մասը՝ անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող բնապահպանական տեսանյութերին ու զեկույցներին։ Այս հարցում հստակություն մտցնելը կարող է զգալիորեն բարելավել գործարարներ-քաղհասարակություն փոխվստահության մակարդակը և ստեղծել առողջ երկխոսության միջավայր, ինչից կշահեն բոլոր կողմերը։