
«Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների». Հարությունյանը՝ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը թե ընտրական օրենսգրքում փոփոխությունների, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ պատրաստ է քննարկումների: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը: «Սակայն մենք համարում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Սա են պահանջում թե ժողովրդավարական մոտեցումները, թե մեզանում ձևավորված ավանդույթը: Մենք առաջարկ չենք ստացել, սակայն պատրաստ ենք քննարկումների»,- ասաց Հարությունյանը:
Հարությունյանն ընդգծեց, որ ողջունում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած միտքը, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելուց հետո: «Մասնավորապես, մենք ողջունում ենք այն մոտեցումը, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա: Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկ է և պատրաստ ենք մասնակցել քննարկումների՝ պաշտպանելով այս դրույթը»,- ասաց նա՝ հավելելով, որ պաշտպանում են նաև ընտրական ցուցակների ճշգրտման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները:
Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկումներին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ ռեյտինգային ընտրակարգն օգտակար է:
«Ինչ վերաբերվում է ռեյտինգային համակարգին, ապա մենք ասում ենք, որ սա շատ օգտակար է: Մենք պատրաստ ենք քննարկել նաեւ այս հարցը, թեեւ կարծում ենք, որ սա լավագույն տարբերակն է Հայաստանի համար»,- նշեց նա: